Հայաբնակ Չալդըր գյուղի «Անի» անսամբլի անդամներն այցելեցին Սփյուռքի նախարարություն

Հոկտեմբերի 31-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՌԴ Դոնի Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանի Չալդըր գյուղի «Անի»  ազգագրական համույթին՝ շրջանի ղեկավար Արշակ Պորկշեյանի գլխավորությամբ և ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի ուղեկցությամբ:

Դոնի հայերի «Անի» համույթը, որը 1985թ. հիմնադրել է Ռոստովի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Գրիգոր Խուրդայանը, համառուսական և միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր է: Ներկայումս համույթն ունի շուրջ 40 երաժիշտ և երգիչ, ովքեր նվագում են հայկական ազգային գործիքներ՝ թառ, քամանչա, քանոն, ուդ, զուռնա, դհոլ և այլն: Նրանց երգացանկում ընդգրկված են ինչպես ժողովրդական երգեր, այնպես էլ հայ ժամանակակից ու դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ: Համույթը համերգներով բազմիցս հանդես է եկել Կանադայում և եվրոպական մի շարք այլ երկրներում:

ՀՀ սփյուռքի նախարարը բարձր գնահատեց համույթի հայապահպան գործունեությունը ոչ միայն Դոնի Ռոստովի մարզում, այլև ողջ Ռուսաստանում և այն բոլոր երկրների հայ համայնքներում, որտեղ ելույթներով հանդես է եկել խումբը:

«25-ամյա դադարից հետո՝ այս տարվա հոկտեմբերի 29-ին, դուք առաջին անգամ ելույթ ունեցաք Հայրենիքում՝ Երևանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, իսկ այնուհետև՝ Արտաշատում: Ուրախ եմ, որ «Անի»-ի կատարումները հնարավորություն կունենան  վայելել նաև իջևանցիները, – նշեց ՀՀ սփյուռքի նախարարը՝ հավելելով, – ողջունելի է ԵՊՀ ռեկտորի նախաձեռնությունը՝ «Անի» համույթի համերգները Հայրենիքում իրականություն դարձնելու գործում: Կարծում եմ, այլ ուսումնական հաստատությունների համար Մայր բուհի նախաձեռնությունը պետք է օրինակ դառնա»:

Նախարար Հրանուշ Հակոբյանը համույթի անդամներին հորդորեց փորձերի ժամանակ հաղորդակցվել միայն հայերենով, ինչը մեծապես կօգնի մայրենիի իմացության խորացմանն ու պահպանմանը: Գերատեսչության ղեկավարը խմբի անդամներին հրավիրեց մասնակցելու 2015թ. «Սփյուռք» ամառային դպրոցի՝ ազգային երգի ու պարի խմբավարների, պարուսույցների վարպետության դասընթացներին: «2015թ. աշնանը՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին, նախարարությունը կանցկացնի նաև «Կոմիտաս» փառատոնը: Սիրով հրավիրում եմ ձեզ՝ հանդես գալու կոմիտասյան կատարումներով», – նշեց  ՀՀ սփյուռքի նախարարը և խմբի անդամներին հանձնեց Հայոց Ցեղասպանության խորհրդանիշ հանդիսացող «Անմոռուկ» կրծքանշաններ:

Գերատեսչության ղեկավարն ուրախությամբ արձանագրեց, որ Չալդըրի հայ համայնքի պատանիներն ու աղջիկներն ակտիվ մասնակցում են հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրին: Նա համայնքի մասնակիցներին տրամադրեց խտասալիկներ, կոչ արեց դիտել «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի մասին պատմող ֆիլմերը և 2 տարի անց անպայման մասնակցել փառատոնին:

Նախարարը մեծապես կարևորեց հիմնականում հայերով բնակեցված Չալդըր գյուղի և Դոնի Ռոստովի մարզի հայ համայնքի պատմության ամբողջացումը մեկ գրքով:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ մինչև 1917թ. համայնքի պատմությունն արձանագրվել է, իսկ այժմ աշխատանքներ են տարվում 1917-2013թթ. ընկած ժամանակաշրջանն ամբողջացնելու ուղղությամբ:

Բարձր գնահատելով հայ ազգային երաժշտության պահպանման և զարգացման գործում «Անի» համույթի գործունեությունը, ինչպես նաև տևական դադարից հետո Հայրենիքում համերգային ծրագրով հանդես գալու նախաձեռնությունը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը խմբին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և իրենց աշխատանքն արժևորելու համար՝ Մյասնիկյանի շրջանի ղեկավար Արշակ Պորկշեյանը նշեց, որ ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ են այսօր գործում Չալդիրի հայկական դպրոցները: Նա հավելեց, որ համայնքում հետաքրքրությամբ են ծանոթացել նաև Երվանդ Զորյանի ղեկավարած Հայկական վիրտուալ քոլեջի հնարավորություններին:

Մյասնիկյանի շրջանի ղեկավարը հավաստիացրեց, որ համայնքում պահպանվում են հայկական ավանդույթները, նիստուկացը: Չալդիրցի հայերը միմյանց հետ հաղորդակցվում են պատմական Անիի իրենց խոսվածքին բնորոշ հայերենով և այցելում գյուղի հրապարակի ծայրում կառուցված Հայ Առաքելական եկեղեցին:

Արշակ Պորկշեյանը ՀՀ սփյուռքի նախարարին նվիրեց չալդըրցի հայերի համար խորհրդանիշ դարձած հուշանվերներ, ինչպես նաև Չալդըրի հրապարակը և հայկական եկեղեցին պատկերող մի կտավ:

Հանդիպման ավարտին խմբի մենակատարներ Արինա Բաբիյանը և Սարգիս Հակոբյանը կատարեցին հատված «Անուշ» օպերայից և բանահյուսական երգարվեստից մի քանի նմուշներ:

04 03 02

Scroll Up