Իսպանախոս երկրների մտավորականները խոսում են Հայոց ցեղասպանության մասին

Մեծ Եղեռնի 100 – ամյակին ընդառաջ, իսպանական Վեգա Մեդիա Պրեսս լրատվամիջոցում գործող հայկական բաժնի ղեկավար Արթուր Ղուկասյանի նախաձեռնությամբ սկսվել է այդ հանցավոր իրադարձությանը վերաբերվող  հոդվածաշարի տպագրությունը, որոնց հեղինակները ոչ միայն իսպանացի, այլեւ՝ իսպանախոս երկրների մտավորականներն են: Այս մասին տեղեկացնում է orer.eu կայքը:

Perera 1

Ուրուգվայցի գիտնական, մաթեմատիկական գիտությունների դոկտոր Գոնսալո Պերերան (մեզ  հայտնի արդեն «Ես նույնպես հայ եմ» ընդհանուր վերնագրով հոդվածաշարով), նշում է, որ իր նյութի վրա սկսել է աշխատել Հրանտ Դինքի 60-ամյակի նախօրեին՝ հոբելյանը մեկի, ով անկասկած, նույն ոճրագործության մերօրյա զոհը դարձավ: Ժամանակն ինքն է վկայում. 1915 թվականից մինչ օրս ոչ մի բան չի փոխվել: Այդ գիտակցությամբ առաջնորդված, հեղինակն ընգծում է. «Հաշվի առնելով, որ եկող տարվա ապրիլին հիշատակելու ենք 100-ամյակը մի ողբերգության, որը երբեք չպետք է տեղի ունենար, միավորե՜նք բարի կամքի տեր մարդկանց բոլոր ջանքերը, որպեսզի կուտակված այդքան չարչարանքների ու արժանապատվության դիմաց, Հայոց ցեղասպանության փաստը համընդհանուր ճանաչում ստանա»:

tehleryan

«Արդարություն» անվանումը կրող պատմվածքով է հանդես եկել արգենտինացի գրող Լուսիանո Անդրես Վալենսիան:  Գործի գլխավոր հերոսն է Սողոմոն Թեհլերյանը, իսկ պատմվածքը նվիրել է  1.5 միլիոն անմեղ բոլոր հայ նահատակներին: «Միայնակ չէր քայլում Սողոմոն Թեհլերյանը,- հաղորդում է գրողն  իր ընթերցողներին:-Միլիոն հոգի արտագաղթված, խոշտանգված, բռնաբարված ու խորտակված հայրենակիցներն էին ուղեկցում նրան: Երբ նա բարձրացրեց Թալեաթ փաշայի գլխի վրա նշանակետ բռնած ատրճանակը, կրկին իր առջեւ հայտնվեց հարազատ ընտանիքի  սպանության դաժան տեսարանը…»:

valensia

«Մահվան եզրին» է կոչվում  Ժան Մեյերի վերլուծական հոդվածը: Ներկայացված նյութի շրջանակում  մեքսիկացի պատմաբանը իր ուշադրությունն է կենտրոնացնում վերապրողների վկայությունների վրա: «1917 թվականից մինչեւ 2014- ի ժամանակահատվածում հրաատարակված գրքերից ես կարդացել եմ 96-ը ,-տեղեկացնում է  իր աշխատության տողերում նա ,- եւ տեսել մի քանի փաստավավերագրական, ինչպես նաեւ՝ գեղավերստական (օրինակ, Ատոմ Էգոյանի «Արարատ»-ը) ֆիլմեր:  Պետք է ասեմ, այդուհանդերձ, որ առավել շատ ականատեսների հուշերն են թույլ տալիս հասկանալ Կոնվենցիայում նշվող «mental harm»-ը: Այդպես օրինակ, Խումանա Հադդադը(Joumana Haddad) կիսվում է, որ 1915-ն հրաշքով փրկված իր հայ տատիկը, 1978-ին ինքնասպան եղավ 66 տարեկան հասակում Բեյրութում. 1915 թվականին թուրքերն իր աչքերի առջեւ սպանել էին նախ հորը, հապա, դեպի Սիրիա արտաքսումի ճանապարհին՝ նաեւ մորն ու երեք եղբայրներին…»:

Guarch

 ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին բաց նամակով է դիմել մեր ժողովուրդի վաղեմի բարեկամ, Մեծ Եղեռնին նվիրված եռագրության հեղինակ, իսպանացի գրողԳոնսալո Գուարչը: Հնարավորինս չափ կանգ առնելով կոտորածների ծրագրի եւ հետեւանքների վրա, նա իր կոչը հետեւյալ հայտարարությամբ է ավարտում. «Շատ կարեւոր է, պարոն Գլխավոր քարտուղար, Հայոց ցեղասպանության Հարյուրամյակի հիշատակումը ՝ իբրեւ ձգտում, որպեսզի մոռացության չտրվի XX-րդ դարի առաջին եղեռնագործության  փաստը: Եվ իսկապես. միակ ճանապարհը նման դաժան իրադարձությունների կրկնողությունից խուսափելու համար այն է, որ եկող սերունդները քաջատեղյակ լինեն՝ առասպել չէ վերոհիշյալը: Դա շատ սարսափելի եւ ողբերգական մի իրողություն էր:  Ինչպես Դուք էլ լավ գիտեք,  պարոն Գլխավոր քարտուղար, անարդարության դեմ միակ պատվաստումը՝ դրա մասին չմոռանալն է»:

descarga

Որպես հիշատակությանն  արժանի նյութ է ընտրել «Հալեպը 100 տարի անց» հրապարակության հեղինակ, արգենտինացիգրող Մարիանո Սարավիան:Համեմատոււթյուններ անելով անցյալ դարասկզբի ու մեր օրերի հետ, նա հարց է բարձրացնում իր իսպանախոս լսարանի առջեւ. «Ովքե՞ր են նրանք, որ այժմ էլ են Հիտլերի պես  մտածում ու գործում:  Նրանք են, որ  Իսլամական պետություն կոչված նոր Ֆրանկենշտեյնի  ծնունդն են տվել: Հալածում, զանգվածային տեղահանություններ կազմակերպում, սիստեմատիկորեն բռնաբարում են կանանց: Եվ այս նոր ոճրագործության ելման կետը հայության դեպքում հենց Հալեպն է՝ նույն վերջակետը, որ  դեռեւս 100 տարի սրանից  առաջ էր դրվել: Պատմության ինչպիսի՜ հեգնանք»:

chordan

Առաջին անգամ է ցայսօր, երբ խնդրո շուրջ իր կարծիքով է կիսվել բոլիվիացի մտավորականը: Արմենիա Պրեսսի կայքէջում հուզիչ խոսքով է հանդես եկել գրող ՎիկտորՈւգո Արեվալո Խորդանը: «Իմ արմատներից մինչ համայն հայությանը» հոդվածում նա անդրադարձ է կատարել նախ սեփական ժողովրդի ցավին, որ մինչ եվրոպացիների ներխուժումը խաղաղ ապրում էր իր երկրում, ապա անմիջապես իրեն եւ կարդացողներին հղված հարցով դիմում. «Հայաստանի՞ մասին  եմ խոսում այս պահին թե՞ Ամերիկայի: Մի՞թե բավականաչափ չենք տանջվել արդեն… Եվրոպացիները լինեն, թե թուրքերը՝ պարտավոր են բացել գրքերը, որ իրենց իսկ նախնիներն են թողել, եւ ազգերի   օրինական պահանջներն ընդունեն.. .Թուրք ժողովուրդն այդպես, պետք է «գյուղից՝ գյուղ  սկսած, ճանաչի իր կողմից իրագործված ցեղասպանությունը…»:

Guriaran

Տեղեկացանք վերջերս, որ ֆրանսահայ հայտնի կինոռեժիսյոր Ռոբեր Կետիկյանը նոր ֆիլմ է նկարահանել  Եղեռնի մասին, ուր տեղ  է տրվել նաեւ տաղանդավոր իսպանացի գրող-հրապարակախոս, հումանիստ եւ  մտավորական Խոսե Անտոնիո Գուռիարանի կյանքին եւ գործունեությանը: Մեզ հետ  հարցազրույցի ընթացքում «Ռումբը» եւ «Հայեր. մոռացված ցեղասպանություն» գրքերի հեղինակը շեշտեց. ´´Ցեղասպանության ճանաչման գործընթացի համար շատ կարեւոր է հայ ժողովուրդի եւ վերջինիս համակիրների համախմբումը եւ դա առավել կարեւոր կդառնա 2015-ին, երբ կնշվի 100-ամյակը:Կասկած չունեմ, որ այս հարցում իր ոչ պակաս դերակատարությունը կունենա նաեւ Կետիկյանի ֆիլմը´´:

Ernesto_Cardenal_2010

Գրեթե ոչ մի տող չի գրվել հայերի բնաջնջման ծրագրերի մասին Նիկարագուայում: Բացառություններից մեկը Սանդինիստական ճակատի հայտնի դեմքերից մեկն է հեղափոխական, հասարակական եւ քաղաքական գործիչ, բանաստեղծ եւ հոգեւորական Էրնեստո Կարդենալը: Ժամանակին, երբ  Հայաստանը դէռ ԽՍՀՄ-ի կազմում էր, նա այցելել էր Երեւան եւ նույն օրերին Սուրբ Լեռան ու հայ ժողովուրդի մասին մի բանաստեղծություն գրել, որի տողերում խոսվում է նաեւ թվականի սուրբ նահատակների մասին եւ որն այդքան տարի անց սիրով տրամադրել է ԱրմենիաՊրեսսի խմբագրությանը:

fredi astorga

«Եթե պնդենք,-իր համոզմունքն է գրի առնել չիլիացի գրող Ֆրեդդի Աստորգան,– որ Հայոց ցեղասպանությունը երբեք չի եղել եւ որ այն, ինչ կատարվել է, բավական չէ ցեղասպանություն անվանելու համար, ապա անմիջապես երեւակայական  դաշտ կտեղափոխեինք նաեւ իրական այն բոլոր պատկերները, պատմությունները, փորձանքներն ու դրանց հետեւանքները, որոնք կփոշիանան այնուհետ եւ չորս քամիներին կտրվեն»:

Maximo Vega

Իր կարծիքն է փոխանցել գրող Մաքսիմո Վեգան(Դոմինիկյան Հանրապետություն): Միանալով  Մեծ Եղեռնը դատապարտող իսպանախոս մտավորականների ձայներին, նա այսպես է ավարտում իր գրությունը.«Թուրքերի, ամերիկացիների եւ բոլոր մյուսների անունից, ովքեր չգիտեն թե ինչ բան է ներում հայցելը, ես ներողություն եմ խնդրում հայ ժողովուրդից, հրեաներից եւ որպես մարդ էակ ասում. ներողություն»:

Վեգա Մեդիա Պրեսսի շրջանակում գործող հայկական բաժնի աշխատանքները շարունակվում են եւ վերջինիս ղեկավար Արթուր Ղուկասյանի հավաստմամբ կանգ չեն առնի այնքան ժամանանակ, որքան անհրաժեշտ կլինի, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ոչ միայն Իսպանիայի, այլեւ Լատինական Ամերիկայի բոլոր երկրների կողմից ճանաչվի:

Scroll Up