Հայոց լեզվի պահապան Խաչատուր Աբովյանը

Որքա՞ն իրապաշտ պիտի   ըլլար   խոսիլ  հայ մշակույթի  ծառաներու մասին, առանց  հիշատակելու  Խաչատուր Աբովյանը:

Նահապետական նշանավոր ընտանիքի զավակ Խաչատուր Աբովյան ծնած է Քանաքեռ,  1809-ին: Նախնական ուսումի համար, ծնողները զինք կհանձնեն  Էջմիածինի  Եփրեմ Կաթողիկոսին: Վեց տարի ետք, ուսումը շարունակելու համար կմեկնի Թիֆլիս: 1823-ին կսկսի  հաճախել  Ներսիսյան վարժարանը,  Ստեփանոս Նազարյանի եւ քանի  մը ուրիշներու հետ կդառնա այդ կրթական օճախին առաջին շրջանավարտներեն մեկը:  Հայրենիք  կվերադառնա եւ կձեռնադրվի սարկավագ: Ժամանակ մը ետք,  ռուս եւ եւրոպացի  ճանապարհորդներու համար կաշխատի  իբրեւ  թարգմանիչ:

Խաչատուր Աբովյանի  հասարակական–քաղաքական հայացքները կձեւավորվին  1828-29 թվականներուն, ռուս-թրքական պատերազմի   ընթացքին, երբ  պատերազմի սարսափին չդիմանալով, ավելի  քան  իննսուն հազար արեւելահայեր  ակամա  գաղթեցին դեպի Ռուսաստան եւ  Պարսկաստան:  Ցարական  Ռուսիո եւ   Օսմանյան  Թուրքիո  հակահայ    քաղաքականությունը չէր կրնար  բացասական  ազդեցություն չունենալ ազատամիտ  Աբովյանի  հասարակական- քաղաքական  հայացքներուն   վրա:

Ցարական Ռուսիո    նկատմամբ խանդավառ   վերաբերմունք ունեցող  Աբովյանի մոտ հառաջացան գաղափարական շրջադարձի  նախադրյալներ`  ձախողեցան   դպրոց ստեղծելու անոր ծրագիրները, չիրականացան սեփական պետականություն  վերականգնելու  հայ ժողովուրդին ձգտումները: Ռուսիո ապավինող  Աբովյանը համոզվեցավ, որ անհրաժեշտ էր վստահիլ միայն ու միայն  սեփական  ուժին:

1829 թվականին,  խումբ մը գիտնականներու ընկերակցությամբ, Էջմիածին կայցելե Թորպատի (Էսթոնիա) համալսարանի  դասախոս  Ֆրիտրիխ Պարոթը` Արարատ  լերան գագաթը բարձրանալու առաքելությամբ: Ամենայն  Հայոց Եփրեմ կաթողիկոսը Աբովյանին կարտոնե մասնակցիլ այդ  արշավախումբին` իբրեւ  տեղական պայմաններուն ծանոթ անձնավորություն:  Պարոթի  հետ ծանոթությունը կզարգանա: Հետագային,  Աբովյան, պետական  կրթաթոշակով  բարձրագույն ուսում կստանա  Թորպատի համալսարանին մեջ: Այդ միջոցին լավապես կտիրապետե  գերմաներեն,  ֆրանսերեն, անգլերեն, լատիներեն  լեզուներուն: Կուսումասիրե պատմություն, բնական  եւ հասարակական  գիտություններ,երաժշտություն:  Հայրենիք վերադառնալե ետք  տեսուչ կնշանակվի Թիֆլիսի եւ  այլ գավառական դպրոցներու  մեջ: 1848-ին կնշանակվի  Թիֆլիսի  Ներսիսյան վարժարանի տեսուչ, սակայն տակավին պաշտոնը չստանձնած, կանհետանա…:

Մեծ Լուսավորիչին  խորհրդավոր  անհետացումին մանրամասնությունները,  թանձր  խավարի մեջ  թաղված կմնան առ այսօր: Ակսել Բակունցի կարծիքով, Խաչատուր Աբովյանը մեկնած է մասնակցելու Եւրոպական Հեղափոխություններուն: Հանրածանոթ ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյան կպնդե, թե Աբովյան գործած է անձնասպանություն: Ուրիշներու մոտ   այն համոզումը ստեղծված  է, թե թուրքերը սպաննած են Աբովյանը: Ոմանք  կպնդեն` Աբովյան աքսորված է Սիպերիա: Անոր աքսորին մասին  գոյություն ունի բավական  կարեւոր  փաստաթուղթ: Նույնանման վկայություն մը  նաեւ առկա է բանաստեղծ Ավետիք Իսահակյանի մոտ:

1927-ին,  Վիեննայի մեջ տպագրված  «Հանդէս Ամսօրեայ» համարներեն մեկուն մեջ, «Խաչատուր Աբովյանի գերեզմանը Ախոտսկի մեջ»  խորագիրով հոդվածը ստորագրող Ռուբեն վարդապետ Մանասյան կպատմե, թե  Սարգիս  Գրձիլյան անունով կովկասահա մը   իրեն վկայած է հետեւյալը`  Ծերուն անունով անձնավորություն մը, որ  նույնպես աքսորված  է Սախալին եւ տիրապետած լուսանկարչության արվեստին, իրեն նվիրած է շարք մը լուսանկարներ,որոնց մեջ  եղած է նաեւ Աբովյանի  գերեզմանին լուսանկարը: Այս մասին անոր  հայտնած է  ռուս մը` ըսելով. «Դուն հա՞յ ես,  ահա այստեղ թաղված է Խաչատուր Աբովյանը, որ աքսորված էր այստեղ»:

Խաչատուր Աբովյանի  Սիպերիա աքսորվելու  կարելիության մասին փաստարկ մը եւս  կբերե  Սուրբ Էջմիածնի  Ճեմարանի  վաստակավոր  ուսուցիչ Ստեփան  Կանայանցը: Ան կպատմե,  թե  Գերմանիա  գտնված  տարիներուն, Աստրախանի իր բարեկամեն ստացած  նամակներեն  մեկուն մեջ,   վերջինս  կհիշատակե,թե  ռուս նշանավոր հրապարակախոս  Նիքոլա Չերնիշեւսքին, Աստրախանի մեջ հանդիպած   հայերուն պատմած է, թե ինք Սիպիրի մեջ աքսորի օրերուն հաճախ տեսած է Խաչատուր Աբովյանը:

Խաչատուր Աբովյան կնկատվի   հայ նոր գրականության  հիմնադիրը, իր «Վերք  Հայաստանի» պատմական  վեպով:  «Վերք   Հայաստանի» վեպը  մեծ ազդեցություն  ձգած է   հայ  հասարակական  մտքի  զարգացման վրա`  ընթերցողը դաստիարակելով հայրենասիրության եւ ազգային  զոհողության ոգիով: Անոր նյութը  հայ ժողովուրդի  գոյապայքարն է:  Օտարի լուծեն ազատագրվելու,  համախմբվելու, կորսնցուցած պետականությունը վերականգնելու  ձգտումները: «Վերք Հայաստանի» վեպին մեջ, Աբովյան   հաջողեցավ բացատրել  հայ ժողովուրդի  քաղաքական հոգեւոր,  տնտեսական  թշվառության  պատճառները, միաժամանակ ցույց տալով  վերածնության   ճանապարհը: «Վերք  Հայաստանի»-ն  ազգային դյուցազներգության հերոսապատում   մըն է, որ ուժ եւ  կորով կներշնչե  հայ  նոր սերունդին

«Վերք  Հայաստանի» վեպին  մեջ Խաչատուր Աբովյան կարծարծե  համազգային  կարեւոր  հարցեր:  Առաջինը անկասկած լեզվի  խնդիրն էր:  Աբովյան  կհաստատե, թե գրաբարը մեր ժողովուրդի  հին  ժամանակաշրջանի գրական  լեզուն է եւ  մշակված  հայերենի բարձրագույն  ձեւը:  Աբովյան  երբեք  բացասաբար չի  խոսեր  գրաբարի մասին, սակայն,  կավելցնե` գրաբարը  չէր կրնար  դառնալ  ընդհանուր խոսակցական լեզու: Աբովյանի  կարծիքով, աշխարհաբարը  ավելի հարազատ ըլլալով  ժողովուրդին` պիտի  հանդիսանար խավարի եւ  տգիտության մեջ խարխափող  հայ հասարակական  կյանքը   լուսավոր  ուղի  դուրս  բերող միջոցը: Աբովյան համոզված էր, որ  նոր գրականությունը եւ հայախոսությունը  հզոր  թռիչք պիտի պարգեւեն  հայ ժողովուրդի երեւակայության:

Աբովյանի երկրորդ   հարցը «Վերք Հայաստանի» վեպին մեջ հերոսի  կերպարն է: Ան երկար ժամանակ կմտածե, թե որու՞ն  մասին գրե, որպեսզի  ժողովուրդը  հաճույքով  փնտրե եւ կարդա: Ժողովուրդին  մոտ արթնցնե  ընթերցանության ոգին: Աբովյան  ընտրեց ժողովուրդի ծոցեն  ծնած  հերոս մը: Հասարակ  գյուղացի  երիտասարդ մը` Աղասին: Կարժե նշել, որ Աղասին իսկական կերպար է: Աբովյանի  ժամանակակիցը: Անոր կերպային մեջ կարտացոլա  հայրենասիրությունը,  հայ ժողովուրդին ազգասիրությունը:

Ինչպես   Հովհաննես Թումանյան կբնորոշե .« Խաչատուր Աբովյանի «Վերք  Հայաստանի» վեպը  հայ  ժողովուրդի  տանջանքի եւ տենչանքի արտահայտությունն է»:

Խաչատուր Աբովյան կմնա  մեր ժողովուրդի  մշակութային  ժառանգությունը պահպանող տիտաններեն մին:  Պատահական  չէ, որ  մեր  մայրենի լեզվի դասագիրքերեն շատեր  կսկսին  հայոց լեզվի   պահպանության   մասին   Խաչատուր Աբովյանի աղերսագին եւ  մարգարեաշունչ   խոսքերով: Պատահական  չէ, որ  մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյան` փոքր գետերու  ծնունդ տվուղ  ջրաբաշխական բարձունքի մը  հիմնադիրը կնկատե  Խաչատուր Աբովյանը:   Այդ  գետերեն  մեկն ալ, որ սկիզբ առած է  անոր ակունքեն, սկզբնավորեց  ազգային–ազատագրական պայքարը, ազգային ինքնագիտակցության զարթոնքը:

ԱՀԱՐՈՆ ՇԽՐՏԸՄՅԱՆ

Scroll Up