Ալիս Նավասարգյան. «Ես նորից սկսել եմ ամուսնուս ճամփով քայլել…»

Ամերիկահայ մշակութաբան Ալիս Նավասարգյանը ընթերցողին նախևառաջ ծանոթ է իր երեք աշխատություններով` «Անմահները» «Իրան Հայաստան. ոսկի կամուրջներ» «Բեմին նվիրված հայուհիներ»: Աշխատություներում ամփոփված են տեղեկություններ հայտնի հայ նկարիչների, գրողների, դերասանների, քաղաքական և հասարակական գործիչների, առևտրականների, հայտնի ընտանիքների ներկայացուցիչներ մասին, որոնք հեղինակի հավաքչական աշխատանքի արդյունք են:

Ալիս Նավասարգյանը, ով վերջերս պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության  «Պողոս Նուբար» մեդալով,  զբաղվում է նաև հասարակական աշխատանքով, ինչից էլ սկսվեց մեր զրույցը.

– Տիկի´ն Ալիս, Հայ կանանց միջազգային ընկերակցության 7-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի ամերիկյան համալսարանում Ձեր հովանավորությամբ տեղի ունեցավ ուսանողների հանգստյան սենյակի բացման արարողությունը: Հաճա՞խ եք բարեգործական ձեռնարկների մասնակցում:

– Ես նման գործերը բարեգործություն չեմ համարում, այդ բառն ինձ համար մի փոքր խորթ է հնչում, ծանր: Բոլոր ուսանողները կարծես իմ երեխաները լինեն: Մի՞թե մարդն իր երեխային օգնելով` բարեգործություն է անում: Դա յուրաքանչյուրիս պարտականությունն է:

–  Այդ պարտականությունը ե՞րբ եք ստանձնել:

– Իմ կյանքում միշտ սիրել եմ այսպիսի գործեր անել, բայց չեմ սիրում բարձրաձայնել. և ինքս եմ ուրախանում և զավակներս: Եվ այսօր իմ հանդեպ այս ուշադրությունը շատ մեծ անակնկալ էր:

Երբ պարոն Միհրան Աղբաբյանը և իր ընկերները հիմնադրեցին Ամերիկյան համալսարանը, ամուսինս որոշ չափով աջակցում էր նրանց ծրագրերին: Ամուսնուս մահից հետո ես համալսարանից լրիվ կտրվեցի, որովհետև երեխաներս համալսարանում էին ուսանում և դժվար էր ինձ համար այլ բանով զբաղվել: Բայց երբ նրանք ինքնուրույն դարձան, ես նորից սկսեցի ամուսնուս ճանապարհով քայլել:

Շնորհակալ եմ բոլորին իրենց խոսքերի, գովասանքի համար: Չեմ ուզում որևէ մեկին նեղացնել, բայց ինձ համար ամենակարևորը ուսանողների ուրախությունն էր:

– Տիկի´ն Ալիս, ինչքա՞ն ժամանակ է, որ անդամակցում եք Հայ կանանց միջազգային ընկերակցությանը:

– Հիմնադրության հենց սկզբից` Բարբարա Մրգրյանի միջոցով: Մենք այն ժամանակ Բոստոնում էինք ապրում, որտեղ և Բարբարան հիմնադրեց Հայ կանանց միջազգային ընկերակցությունը:  Վերջինս շատ մեծ գործ է կատարում, միշտ կանգնած է կանանց մեջքին: Ընկերակցությունը խրախուսանքով, կանչով, մեծարանքով ճանապարհ է բացում բոլոր կանանց համար: Շատերը երբ որևէ բան են հղանում, հաճախ միայն իրենց մտքում են պահում: Բայց երբ տեսնում են, որ օրինակ` այս մեկը որևէ գործ է ձեռնարկում, ասում են` ես էլ կարող եմ անել:

Ես «Բեմին նվիրված հայուհիներ» գիրքը հենց այդպես եմ գրել: Երբ 1997 թվականին Հայ կանանց միջազգային ընկերակցության հետ եկա Հայաստան, տեսա, որ բոլոր կանայք վազում են, մի գործ են անում: Ինքս ինձ ասացի` իսկ ես ի՞նչ անեմ: Գնացի մի տիկնոջ մոտ  և ասացի, որ եթե ցանկանամ կանանց մասին տեղեկություններ հավաքել, ինձ կօգնեք, ասաց` այո, իհարկե կօգնենք: Ինձ ծանոթացրեց մի պարոնի հետ, ով հայ կանանց մասին մեծ հավաքածու ուներ: Եվ այդպես իմ մեջ հղացավ հայ կանանց մասին մի գործ անել:

Երբ վերադարձա Ամերիկա, ինքս գնացի և գտա աղբյուրներ, մարդկանց, ովքեր հայերի պատմություններ ունեին հավաքած:

Հիմա այնքան նյութ եմ հավաքել, որ ևս երեք գիրք կարող եմ տպագրել հայ կանանց մասին:

– Ուսումնասիրել եք հայ կանանց կյանքը, գործունեությունը: Հետաքրքիր է, Ձեր բնութագրմամբ ինչպիսի՞ն է հայ կինը:

– Հայ կնոջ սիրտը բարակ է, խղճով է, բայց ոտքերը երկաթի պես կարող է խփել գետնին և առաջանալ իր ազգի, երեխաների համար: Հայ կնոջ նման կին չկա. բոլորն են այդպիսին: Օրինակ` Հայ կանանց միջազգային ընկերակցության կանայք` տիկին Սավին, Էլիզաբեթը, Հերմինեն և մյուսները: Բոլորը տուն-տեղ թողած` տարբեր գործերի հետևից են ընկած, մտածում են` ինչպես սատարել: Հայ կնոջ այս գիծն ինձ շատ է դուր գալիս:

Անգամ եթե հայերեն չեն խոսում, բայց արմատներից չեն հեռանում: Խոսքը ոչ միայն մեծահասակների, այլ հատկապես երիտասարդների մասին է: Ամերիկայում բոլոր երիտասարդները հոգեպես կապված են Հայաստանին, հայությանը: 18-20 տարեկան հայերեն չիմացող երիտասարդը գալիս է Հայաստան ու վերադառնում է ոգևորված ու էլ ավելի հայացած:

Հայաստանի անկախացումից հետո բոլորը Հայաստան գալու հնարավորություն ունեն, ինչը օգնում է, որ կապը հայրենիքի հետ ավելի ամրանա:

Ես այս ամենը կարող եմ փաստել նաև իմ ընտանիքի օրինակով: Երկու աղջիկ, մեկ տղա ունեմ, շատ լավ կրթություն են ստացել,  շատ լավ հայ են: Իմ 4 և 6 տարեկան թոռնիկները թեև ամերիկյան դպրոց են գնում, բայց պարի, ջութակի, նկարչության հայ ուսուցիչ ունեն, ամեն ժամանակ հայերի հետ են շփվում:

– Տիկի´ն Ալիս, Ձեր ընտանիքը հետաքրքիր ճանապարհ է անցել` Արցախ, Գրոզնի, Իրան, Ամերիկա:  Այս բոլոր դեգերումների ընթացքում ի՞նչն է օգնել, որ հայ մնաք:

– Այո՛, իմ ընտանիքը տարբեր կանգառներ է ունեցել: Մայրս Շուշիում է ծնվել, հայրս` Քարինտակ գյուղում: Հետո նրանց ընտանիքները Գրոզնի են տեղափոխվել, այնտեղ էլ ծանոթացել ու ամուսնացել են: 1931-32 թվականներին դժվարություններ են ունեցել և հեռացել Իրան: Ես Իրանում եմ ծնվել, թեև տիրապետում եմ նաև Ղարաբաղի բարբառին:

Իսկ հայ մնալ մեզ օգնել է դաստիարակությունը, հատկապես մորս դաստիարակությունը: Մայրս շատ թունդ հայրենասեր էր. Թավրիզում բոլորն էին այդպիսին: Իրանում մեզ հայ է պահել նաև մեր շրջապատը, Դաշնակցություն կուսակցությունը,  մեր դպոցները, եկեղեցին, թատրոնը, երգչախումբը, մարզական միությունները: Այս բոլորը միշտ մեր կողքին էին: Այդ ամենի մեջ մեծացանք` կապված հայկական ավանդույթներին, Հայ եկեղեցուն, եկեղեցական արարողություններին: Այդպես ենք մենք մեծացել:

Թավրիզում այն ժամանակ հեռուստացույց, համակարգիչ չկար, բոլորս պետք է դաշնամուր նվագել սովորեինք, նկարչություն, ձեռագործություն և ամենակարևորը` պետք է ամեն գիշեր հայկական ռադիո լսեինք: Մայրս մեզ պահում էր մինչև ժամը տասնմեկը: Մի կախարդական պահ էր, երբ Հրաչուհի Ջինանյանն իր գեղեցիկ ձայնով ասում էր` խոսում է Երևանը, որին հաջորդում էր գեղեցիկ մեղեդին: Հենց լսում էինք այդ, մայրս ասում էր` դե´, գնացեք քնելու:

– Փաստորեն, Ձեր Բարի գիշերն էր:

– Այո (ծիծաղում է-հեղ):

– Իսկ այսօր ձեռագործ անո՞ւմ եք:

– Այո՛, կարում եմ երեխաներիս, թոռնիկներիս համար:

– Տիկի´ն Ալիս, Ղարաբաղում եղե՞լ եք:

– Այո՛, գնացել եմ Քարինտակ, Շուշի: Բայց, ցավոք, ծնողներիս տներն այսօր կանգուն չեն:

– Իսկ ո՞ր խոհանոցն եք սիրում` ղարաբաղյան, թե՞ պարսկական:

– Ղարաբաղյան խոհանոցից սիրում եմ Ժինգյալով հացը: Ամերիկայում դժվար է պատրաստելը և այն համը չունի, որը Հայաստանում և Ղարաբաղում են պատրաստում: Ղարաբաղյան խոհանոցից նաև ավելուկն եմ սիրում: Երևանում մի տեղ գիտեմ, որտեղ շատ համով են պատրաստում: Մի օր անպայման գնալու եմ` ճաշակելու: Պարսկական կերակուրներն էլ շատ լավն են, մտքով են պատրաստված, նրանք բաղադրամասերը հենց այնպես չեն խառնում:

– Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:

– Ղարաբաղից շատ նյութեր եմ ստացել, խնդրել են բոլորը մի գրքում հավաքել և ամբողջացնել:

Երբ ծանոթանում ես այդ նյութերին, զարմանում ես, թե ինչպիսի պատմություն, մշակույթ ունի այդ փոքրիկ երկիրը: Հուսամ, որ առաջիկայում կկարողանամ ընթերցողին ներկայացնել այդ ամենը:

Զրուցեց Լուսինե Աբրահամյանը

 00 10353698_724107687672146_3741983795183860804_n 10570422_724107554338826_5636695440145769927_n 10665751_724107867672128_4498935636550241777_n u1 u2 unnamed 1

Scroll Up