Վարչապետը ներկա է գտնվել Սփյուռքի նախարարության 6-ամյակի ամփոփ միջոցառմանը

Հոկտեմբերի 1-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց  ՀՀ սփյուռքի նախարարության 6-ամյա գործունեությանը նվիրված միջոցառմանը:

Նախարար Հրանուշ Հակոբյանի ուղեկցությամբ նա շրջայց կատարեց նախարարությունում, ծանոթացավ աշխատակազմի ստորաբաժանումների աշխատանքային պայմաններին, զրուցեց աշխատակիցների հետ:

Ողջունելով ՀՀ վարչապետին, Սփյուռքից ժամանած բազմաթիվ մեր հայրենակիցներին, Հայաստանի կրթական, գիտական, մշակութային, հասարակական, քաղաքական կառույցների ղեկավարներին և ներկայացուցիչներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց նախարարության 6-ամյա գործունեության ձեռքբերումները: Նա առանձնացրեց հատկապես «Սփյուռք» ամառային դպրոց», «Արի տուն», «Մեր մեծերը» ծրագրերը,  «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը, «Համայնքային օրեր Հայաստանում», տարածաշրջանային և այլ ծրագրեր: Կարևորեց անցած 6 տարիների ընթացքում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված մի քանի տասնյակ համաժողովները, որոնք նպաստում են ազգային ներուժի համախմբմանը:

Անդրադառնալով սիրիահայերի հետ տարվող աշխատանքին՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ Հանրապետության նախագահի հանձնարարությամբ և պահանջով նրանց բոլոր խնդիրները լուծվում են: Գործի են դրվում բոլոր հնարավոր միջոցները սիրիահայերի համար Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասի կառուցման համար:

Այնուհետև տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության 8 քաղծառայողների երդման արարողությունը, նրանց ՀՀ Սահմանադրության, ՀՀ ՍՆ կանոնադրության գրքույկներ և աշխատանքի վկայականներ հանձնեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց նախարարության աշխատակազմին՝ 6-ամյա արդյունավետ աշխատանքի կապակցությամբ և կարևորեց գերատեսչության դերը հայապահպանության գործում: Վարչապետը նշեց, որ շարունակելու է աջակցել Սփյուռքի նախարարությանը՝ յուրաքանչյուր ողջամիտ առաջարկություն կյանքի կոչելու գործում: Խոսելով Սփյուռքում մայրենի լեզվի պահպանման մասին՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է այդ ուղղությամբ օժանդակություն ցուցաբերել: Գործադիրի ղեկավարը ողջունեց նաև Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ դա գնահատելով որպես հայանպաստ ու ազգանվեր աշխատանք:

«Տիկին նախարար, Սփյուռքի հայկական դպրոցների պահպանության հարցում ևս միջոցներ, ռեսուրսներ չի կարելի խնայել, և ՀՀ կրթության ու գիտության նախարարի հետ ջանք չպետք է խնայեք՝ այս ուղղությամբ դրական արդյունքներ արձանագրելու և առկա խնդիրները հաղթահարելու համար»,– նշեց Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը, բարձր գնահատելով Սփյուռքի նախարարության անցած տարիների ընթացքում կատարած աշխատանքները, կարևորեց գերատեսչության դերը նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում: «Այս եռամիասնության ամրապնդումն ուղղակիորեն բխում է հայ ժողովրդի շահերից»,– նշել է Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը նախարար Հրանուշ Հակոբյանին պարգևատրեց ՀՀ վարչապետի անվանական ժամացույցով:

ՀՀ սփյուռքի նախարարությանը շնորհավորական խոսքով հանդես եկան Հայ Կաթողիկե Եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասեանը, Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Արամ Սարգսյանը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ նախագահ Լենա Հալաջյանը, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի նախագահ Գագիկ Հարությունյանը, Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության գործադիր տնօրեն Վերապատվելի Մկրտիչ Մելքոնյանը, իրաքահայ հասարակական գործիչ Վարանդ Պետրոսյանը:

Վերջում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, բարձր գնահատելով ամերիկահայ նկարիչ Դանիել Վարուժան Հեջինյանի վաստակը՝ նրան պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով: Դանիել Վարուժան Հեջինյանին Հայաստանի նկարիչների միության անդամության վկայական հանձնեց միության նախագահ Կարեն Աղամյանը:

Scroll Up