Շիրազն ինձ Հայաստան բերեց

«Հայերն այսօրի» բացառիկ հարցազրույցը ստամբուլահայ երգահան Մաժակ Թոշիկյանի հետ:

…Ասում են՝ երբ մոռանում են հեղինակին, ուրեմն հաղթել է երգը, իսկ դա ամենամեծ պարգևն է ու գնահատականը:
Հայ  ունկնդրին քաջածանոթ է «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգը, բայց երևի քչերն են լսել Մաժակ Թոշիկյան (Չենք Թաշքան ) անունը, ով սիրված ու մեծ ժողովրդականություն վայելող երգի հեղինակն է:-  Մի հանդիպման ժամանակ Սեպուհ Սրբազանը մոտեցավ ինձ ու ասաց. «Շիրազին գիտեինք, բայց թե Թոշիկյանն ով է, բնավ չգիտեինք»,- պատմում է Մաժակ Թոշիկյանը:«Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգը գրվել է 1984 թվականին Կանադայում:  Ապրիլի 24-ին Մոնրեալի հայկական եկեղեցում Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում էր. հանկարծ մի փոքրիկ աղջկա շուրթերից լսում եմ ինձ անծանոթ մի բանաստեղծություն, որի ամեն մի բառը կարծես մի փոքրիկ կարոտ լիներ: Անմիջապես եղբորս ասացի, որ այդ բառերով երգ եմ գրելու: Նա ինձ Հովհաննես Շիրազի բանաստեղծությունների գիրքը տվեց, ու ես «ծանոթացա» Շիրազի հետ: Ծնվեց «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ երգը», որը մեր ծանոթության ամենամեծ վկան է: Բայց երազել անգամ չէի կարող, որ տարիներ անց օր մը Երևան կգամ ու այդ երգը կլսեմ այստեղ: Սա ինձ համար մեծ հպարտություն է: «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգը  ես Պոլսում հազար անգամ լսել եմ, բայց երբ Երևանում լսեցի, ուրիշ զգացում ունեցա:Կարծում եմ՝ ճակատագրական էր Շիրազի հետ «հանդիպումը». նա ինձ ոչ միայն ճանաչում, այլև Հայաստան բերեց:
2010 թվականին Շիրազի «Նամակ» բանաստեղծության հիման վրա երգ գրեցի: Ստամբուլահայ երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուի կատարմամբ այդ երգը մեծ արձագանք է գտել Հայաստանում: Ու հիմա ես Սիբիլի հետ հայրենիքում եմ:

– Պարո´ն Թոշիկյան, առաջին անգամ եք Հայաստանում, ի՞նչ զգացողություններ ունեք:

–  Նախկինում Հայաստանն այսչափ բաց չէր Սփյուռքի համար. հիմա մենք մեր տուն ենք գալիս: Հեռվից կկարծես, թե ուրիշ երկիր է, բայց այդպես չէ: Երբ գալիս ես այստեղ, զգում ես, որ սա քո տունն է, բոլորը հայ են, ամենուր հայերեն են խոսում:

Հայերեն խոսելուս համար պարտական եմ ընտանիքիս: Շատերն ապրում են Թուրքիայում,  բայց հայերեն չեն խոսում. մեր տունի մեջ միայն հայերեն էինք խոսում:

– Պարո´ն Թոշիկյան, Դուք նաև թուրքերեն բազմաթիվ երգերի հեղինակ եք:

– Ես մոտ 300 թուրքերեն երգերի հեղինակ  եմ, որոնք կատարում են Թուրքիայի ճանաչված երգիչները՝ Սեզեն Ակսուն, Հուկհետ Դուռուն, Տանիու Օքանը, Աիդա Պեքքան և այլք: Բայց երկար ժամանակ բնավ հայերեն երգեր չունեի: Երբ 1981 թվականին ընտանիքով տեղափոխվեցինք Կանադա, սկսեցի ավելի շատ շփվել հայկական միջավայրի հետ, որն ինձ օգնեց հայերեն երգեր գրել:

Անընդհատ մտածում էի, որ թուրքերի համար երգեր եմ գրում, ինչո՞ւ ազգիս համար էլ չանեմ: Ու հավատացեք՝ բնավ դրամ շահելու համար չարեցի: Հայրենիքը բնավ չտեսնելով՝ ես այդ երգերի միջոցով իմ հայրենիքի կարոտը առա: Ես հայ եմ, և իմ երգերը հայկական ոգու արտահայտություններ են:

Այժմ մոտ 25-30 հայերեն երգ ունեմ: Շատ են Շիրազի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերը. նա պանդխտության թեմաներով շատ գեղեցիկ բանաստեղծություններ ունի՝ «Ես կմոռանամ», «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ», «Արարատ», Դանիել Վարուժանի խոսքերով գրված երգեր էլ կան՝ «Առկայծ ճրագ», «Հիսուս», «Օ՜,  Տալիթա»: Ես նաև երևի թե միակ երգահանն եմ, ով ուրարտերեն երգ է գրել, որը կոչվում է «Հալդի»:

– Երգչուհի Սիբիլը երազում է Անիում երգել «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգը, Դուք նույնպե՞ս Անին չեք տեսել:

– Դժբախտաբար Անիում չեմ եղել: Տարիներ առաջ Անիի մուտքը արգելված էր: Հիմա կարող ես ազատ գնալ ու տեսնել Անին. հուսով եմ՝ մի օր անպայման կտեսնեմ:

– Պարո´ն Թոշիկյան, ասացիք, որ Ձեր երգերը հայկական ոգու արտահայտություն են: Հետաքրքիր է, այդ երգերն ինչպե՞ս են կատարում թուրք երգիչները:

– Գիտեք, միայն ես եմ հայերեն և թուրքերեն երգեր գրում: Հայեր կան, որ թուրքերի համար շատ երգեր են գրել, բայց բառ մը հայերեն չեն խոսում, հայեր էլ կան, որ միայն հայերեն երգեր են գրում: Հայերեն և թուրքերեն երգերով կարողացա յուրատեսակ կամուրջ լինել:

Ես ազգությունից առաջ կարևորում եմ մարդկային գործոնը, համամարդկային արժեքները: Ինձ համար՝ եթե հայ է, անպայման լավը չէ, և եթե թուրք է, ապա անպայման գեշ չէ: Թուրքին ալ լավը կա, հայու գեշն էլ կա: Մյուս կողմից ալ կան ազգայնամոլ թուրքեր. դա արդեն այլ խնդիր է: Հույս ունեմ, որ օր մը հրաշք մը կըլլա, և երկու ազգերի միջև հաշտություն, համերաշխություն կըլլա:

Ես շատ կարևոր գործեր ունեի Ստամբուլում, բայց իմ թուրք գործընկերներն ասացին. «Անպայման գնա´ Հայաստան, քանզի քո գնալը մեզ համար հպարտություն է»: Սա շատ կարևոր  է:

Ես Թուրքիայում երաժշտության ասպարեզում ունեցած ձեռքբերումների, մատուցած ծառայությունների համար բազմաթիվ մրցանակներ եմ ստացել: Թատրոնի, բազմաթիվ հանդիսությունների համար նույնպես երաժշտություն եմ գրել:

– Պարո´ն Թոշիկյան, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն առաջարկեց 2012 թվականին Հայաստանում հայ երգիչ-երգչուհիների մասնակցությամբ կազմակերպել Ձեր երգերի համերգ-երեկոն: Դուք ծանո՞թ եք հայ երգիչներին:

– Հայկական երաժշտությունից հեռու չեմ եղել, անոնց հետ եմ մեծացել:  Արա Գևորգյանի հետ շատ լավ բարեկամներ ենք, Արտո Թունջբոյաջյանի հետ եմ մտերիմ: Բայց ժամանակակից հայ երգիչ-երգչուհիներին այնքան էլ ծանոթ չեմ. դեռ ժամանակ կա, ու կփորձեմ ծանոթանալ հայ կատարողների հետ: Համահայկական խաղերի բացման ժամանակ շատ հավանեցի Մհերի կատարումը, Շուշան Պետրոսյանը, Անդրեն նույնպես լավ երգիչներ են:

Համոզված եմ՝ շատ գեղեցիկ համերգ է լինելու: Գիտեք, հիմա ավելի շատ ուրախ, ռիթմիկ երգեր են լսում, և իսկական, մեղեդային երաժշտության պակաս է զգացվում:

Զրուցեց Լուսինե ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Scroll Up