Մեզ համար շատ կարևոր էր մասնակցել Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովին…

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովն ավարտվեց: Մասնակիցները լիահույս են, որ բարձրացված խնդիրները, հնչեցրած առաջարկներն անպայման կյանքի են կոչվելու:

«Հայերն Այսօր»-ի ընթերցողներին ենք ներկայացնում համաժողովի մասնակիցների կարծիքները:

Վիկի Մարաշլյան, ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության ատենապետուհի- Նախ շատ հաճելի էր ևս մեկ անգամ գտնվել Հայաստանում և շփվել Հայաստանի, սփյուռքի ժողովրդի հետ: Կարծում եմ, որ արդյունավետ համաժողով ստացվեց և երկու օրերի նիստերի ժամանակ արծածված բոլոր առաջարկները հաստատ գործի կդրվեն՝ հանուն սփյուռքի և Հայաստանի բարօրության: Հնչեցին տարբեր տեսակետներ, ընդունեցին բանաձևեր, որոնք հետագայում կծառայեն սփյուռքի մեր աշխատանքներին: Իսկ մենք ձեռք ձեռքի տված, միասնաբար կապահովենք Հայաստան-Սփյուռք կամրջի ամրապնդումը: Շնորհակալություն եմ հայտնում սփյուռքի նախարարությանը՝ հանձին նախարար Հրանուշ Հակոբյանին, այս հրատապ համաժողովը կազմակերպելու համար, մեզ համար մասնակցելը կարևոր էր:

Սուրեն Բայրամյան, Կահիրեյի Թեմական ժողովի անդամ, ՀՅԴ անդամ, «Հուսաբեր» մշակութային ընկերայցության ատենապետ– ՀՀսփյուռքի նախարարության արդեն երրորդ համաժողովին եմ մասնակցում: Մեծ գոհունակությամբ եմ ողջունում Հայաստան-Սփյուռք 5-րդ  համաժողովի կազմակերպումը: Ամեն բան գրագետ էր մտածված, տպավորությունս, իրոք, մեծ է: Տիկին Հակոբյանի կողմից կազմակերպվող այս համաժողովներն, անխոս, իրենց հետքը կթողնեն Հայաստան-Սփյուռք գործակցության ճանապարհին: Հավատում ենք, որ համատեղ քննարկումների, առաջարկությունների իրականացմամբ հաջողության ենք հասնելու:

Առհասարակ, ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող համաժողովներին մասնակցելով խանդավառվում ենք և աշխատանքի հանդեպ հույսով, հավատով, սիրով լցվում:

Կարինե Քոչարյան, «Սփյուռքի Ձայն» հեռուստաընկերության տնօրեն, Նյու Յորք- Խոնարհումս եմ բերում ՀՀ սփյուռքի նախարարությանը Հայաստան-Սփյուռք 5-րդ  համաժողովի կազմակերպման և առհասարակ  բոլոր ձեռնարկների համար: Այն բոլոր առաջարկները, բարձրացված խնդիրները, որոնք ամփոփվեցին նիստերի ժամանակ, պետք է դառնա մեր անելիքների ուղենիշը: Եվ մեզանից յուրաքանչյուրը, որ ուզում է որևէ բան կատարել՝ այս համաժողովից ստացված առաջարկներից, նախ պետք է սկսի ինքն իրենից, մտածելով թե ինչ է արել կամ պետք է  անի տվյալ խնդրին լուծում տալու համար, քննադատելը հեշտ է, գործելն է դժվար: Այս պահին Աբրահամ Լինկոլնի խոսքերը հիշեցի. «Մի՛ նայիր, թե հայրենիքդ ինչ է անելու քեզ համար, այլ նայի՛ր, թե դու ինչ ես անելու հայրենիքիդ համար»:

Այլ կերպ ասած՝ մասնակցելով համաժողովներին՝ վերանայում ենք մեր պարտավորությունները: Եթե մեր այս հավաքները չլինեն, ապա սփյուռքում բոլորս կզբաղվենք մեր գործերով և կմոռանանք մեր հայրենիքը:

Լևոն Բլխկյան, Ռամկավար ազատական կուսակցության շրջանային վարչության ատենապետ. Հալեպի Շտապ օգնության անդամ, Հալեպ – Հալեպից եկել ենք մասնակցելու Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովին այն  ակնկալիքով, որ ներկայացնենք Սիրիայում տիրող իրավիճակը, սիրիահայերիս կարիքները, և միասին մեր դժվարություններին լուծում գտնենք: Հավատով ենք լցված, որ մեր առաջադրած հարցերը պատասխան կստանան, իսկ համաժողովից շատ գոհ ենք, ամեն բան գեղեցիկ էր կազմակերպված: Անշուշտ, շնորհակալ ենք ՀՀ սփյուռքի նախարարությանը:

Անժել Մանուկյան, ՀՕՄՙ ՀՅԴ անդամ,ԱՄՆ-Երրորդ անգամն է, որ մասնակցում եմ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած համաժողովին, բայց այս մեկը բացառիկ էր ինձ համար՝ թե՛ մասնակիցների թվի, թե՛ կազմակերպչական բարձր մակարդակի համար: Ամեն ինչ մշակված էր՝ ի սեր Հայաստանի հզորացման և ի սեր սփյուռքի համախմբման: Հպարտ եմ, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մասնակցեցի Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովին: Սա նաև մեծ առիթ է հանդիպելու, ճանաչելու սփյուռքի մյուս գործընկերներիս, որոնց հետ շփվում ենք, մտքեր փոխանակում, համագործակցության առաջարկներ ստանում: Շնորհակալությունս եմ հայտնում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, որ  ջանք ու եռանդ չի խնայում մեզ համար նման կարևոր հանդիպումներ կազմակերպելու համար:

Ռաֆայել Գրիգորյան, Ստավրոպոլի երկրամասի Կուրսկի շրջանի Եդեսիայի հայկական ազգային-մշակութային ինքնավարության նախագահ– Շատ մեծ գործ է արել ՀՀ սփյուռքի նախարարությունը՝ կազմակերպելով այս համաժողովը: Այն շատ կարևոր էր մեզ համար, որպեսզի վեր հանենք մեր խնդիրները, մեզ հուզող հարցերը ներկայացնենք: Ծանոթանում ենք տարբեր մարդկանց հետ, համագործակցության մեջ մտնում, ինչն էլ հեշտացնում է մեր աշխատանքները սփյուռքում:

Պատրաստեց Գևորգ Չիչյանը

Scroll Up