Սփյուռքի նախարարը` իբրև համազգային առաջնահերթություններ, նախանշել է վեց հիմնական ուղություն

Հայաստան-Սփյուռք 5-րդ համահայկական համաժողովի հանդիսավոր բացման խոսքում Հ.Հակոբյանն առանձնացրեց այն կարևոր հիմնախնդիրները, որոնց շուրջ Հայաստանն ու Սփյուռքը պետք է միասնական և միակարծիք լինեն: Դրանցից առաջինը հզոր և ապահով Հայաստանի կառուցումն է. «Կարծում եմ աշխարհում չկա մի հայ, ով չուզենա Մայր Հայրենիքը տեսնել հզոր, անվտանգ և ապահով: Մեր հայրենիքի առջև այսօր ծառացել են բազմաթիվ ներքին, տարածաշրջանային և համաշխարհային մարտահրավերներ: Եվ ակնհայտ է, որ դրանց հաղթահարման համար անհրաժեշտ է միասնաբար, համախմբված գործունեություն: Պետք է համայն հայության մտավոր, նյութական և կազմակերպչական կարողություններն ու հնարավորությունները համախմբենք այս մարտահրավերները հաղթահարելու համար»,-նշեց նախարարը:

Երկրորդը՝ Արցախի անկախության և անվտանգության ապահովումն է: «Մենք հպարտ ենք Արցախցիների խիզախությամբ և տոկունությամբ: Ողջ հայ ժողովրդի հայացքն ուղղված է դեպի Արցախ: Նրա սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը՝ իր նպատակային աջակցությամբ, եռանդով մասնակցում է նաև սփյուռքահայությունը»,-ասաց Հ. Հակոբյանը:

 Նա կարևորեց նաև կազմակերպված Սփյուռք ունենալու անհրաժեշտությունը, քանի որ միայն միասնական և կուռ սփյուռք ունենալու դեպքում հնարավոր կլինի դիմակայել ժամանակի մարտահրավերներին, նոր և էլ ավելի հզոր թափ հաղորդել Հայ Դատի պայքարին, լուծել Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ-ի համար կենսական նշանակության խնդիրները, դիմակայել և, ինչու չէ, նաև կանխել Սփյուռքի ուծացումն ու լեզվամշակութային արժեքների կորուստը՝ հայկական ինքնությունն արթուն պահելով Սփյուռքի նոր սերնդի մեջ:

Նախարարը կարևորեց Սփյուռքում հայոց լեզվի պահպանության խնդիրները. «Գաղտնիք չէ, որ Սփյուռքում մեր ամենամեծ մտահոգությունը հայ ինքնության պահպանումն է և մայրենի լեզվի իմացությունը: Իսկ ինքնության աղբյուրը մայր Հայաստանն է: Հայաստանի կառավարությունը միլիոնավոր դոլարներ է հատկացնում Սփյուռքում հայկական դպրոցներին ու մշակութային օջախներին, հայկական կառույցներին, փորձության մեջ հայտնված հայերին օգնելու համար: Հայաստանի հզորացմանը զուգահեռ այդ գումարները գնալով կավելանան: Հայ Տունը կանգուն է իր 4 սյուներով՝ մայրենի լեզվով, հավատքով, մշակույթով և ընտանիքով։ Հայրենիքին հավասարազոր պահպանենք, սրբացնենք հայոց լեզուն, որպես աստվածային լեզու, որպես ազգի հավերժության ու ամբողջության երաշխավոր»։

Առաջնահերթ համահայկական հիմնախնդիրներից է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ընդգծելով, որ երբեք այս հարցի մասին այսքան համակողմանի, համակարգված, այսքան նպատակային, միասնական աշխատանքներ չէին կատարվել, որքան այժմ՝ նախարարը շեշտեց. «Առանձնակի շնորհակալ ենք այն երկրներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են որպես մարդկության դեմ ուղղված ամենասոսկալի ոճրագործություն և Թուրքիայից պահանջել՝ ազատվել այդ ծանր բեռից, առերեսվել սեփական պատմությանը և ճանաչել Հայոց ցեղասպանությունը»:

Եզրափակեով ելույթը ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը հորդորեց համախմբվել Հայ եկեղեցու շուրջ. «Հայ եկեղեցին դարեր շարունակ եղել և մնում է հայոց ոգու և ազգային ինքնության պահպանման կենտրոնը, դարձել մնայուն միջնաբերդ պետականությունը կորցրած ազգին հայ պահելու համար»:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ելույթի տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք կից:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ելույթը Հայաստան-Սփյուռք 5-րդ համահայկական համաժողովի հանդիսավոր բացմանը

Scroll Up