Գերմանացի գիտնականներն առաջարկել են հայկական ժայռապատկերները ճանաչել համաշխարհային համամշակութային արժեք

Հայկական ժայռապատկերներն ուսումնասիրած գերմանացի գիտնականների խումբը հանդես է եկել առաջարկությամբ, ըստ որի՝ հայկական ժայռապատկերները կարող են ճանաչվել համաշխարհային համամշակութային արժեք և գրանցվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից: Նրանք խոստացել են այս հարցում աջակցել հայկական կողմին:

Այս մասին այսօր լրգարողների հետ հանդիպման ժամանակ ասաց հայագետ Համլետ Մարտիրոսյանը: Հայագետը, սակայն, տեղեկացրեց, որ նախքան ՅՈՒՆԵՍԿՕ դիմելը պետք է մի քանի ուղղումներ մտցվեն ուսումնասիրությունների մեջ:

«Նոր տվյալները ցույց են տալիս, որ Սյունիքի ժայռապատկերները ստեղծվել են 14-15 հազար տարի առաջ, ինչը նշանակում է, որ դրանք հին քարեդարյան են: Մինչդեռ 1970-ականներին արված ուսումնասիրությունները դրանք համարում են բրոնզեդարյա: Բացի այդ, նախկինում ուսումնասիրողները ժայռապատկերները գիր չեն համարել, բայց այժմ կան բոլոր հիմնավորումները դրանք գիր համարելու: Եթե ուսումանասիրություններում կատարվեն այս երկու ուղղումները` համաշխարհային պատմության մեջ շատ հարցեր կստանան իրենց պատասխանները, մասնավորապես, մարդկության ծագմանը և դրա կոնկրետ վայրին վերաբերող հարցերը»,- ասաց Մարտիրոսյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ, ցավոք, հայկական ժայռապատկերների մասին գոյություն ունեցող սակավաթիվ մենագրություններն ու ուսումնասիրություները բացառապես հայերեն են և մինչև 2010 թվականը, կարելի է ասել, աշխարհը ոչինչ չգիտեր դրանց մասին: Գիտնականը նշեց, որ այժմ ամեն ինչ կախված է Հայաստանի մշակութային կառույցների քայլերից և, հնարավոր է, որ մի օր աշխարհը կարողանա վերծանել այն, ինչ թաքնված է հայկական ժայռապատկերներում:

panarmenian.net

Scroll Up