Հանրապետության տոնին նվիրված միջոցառումներ Հունաստանում

Մայիսի 26-ին Աթենքի «Արղոնավտե-Կոմնինի» սրահում ՀՀ դեսպանության եւ ՀՅԴ Հունաստանի կենտրոնական կոմիտեի համակազմակերպմամբ կայացավ Հանրապետության տոնին նվիրված հանդիսավոր երեկո:

Ներկաներին ողջույնի խոսքով դիմեցին Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, Հունահայոց ազգային վարչության ատենապետ Արա Մանգոյանը:

ՀՀ դեսպանը մասնավորապես ասաց. «Հիրավի, հաղթական է մայիսը հայ ժողովրդի համար: Այն մեր տարեգրության մեջ ամրագրել է բազում նվաճումներ, որոնք այսօր էլ նշվում են հայաստանաբնակ եւ աշխարհասփյուռ հայության կողմից: Մայիսյան եռատոն` հաղթանակ Հայրենական մեծ պատերազմում, Շուշիի ազատագրում եւ Արցախի բանակի ստեղծում. ժամանակի կեսդարյա աղեղով կամարված այս հաղթական իրադարձությունների հենքը նույնն է` հայի արդարապահանջ ու անկոտրում ոգին: Այդ ոգին սնող ազատատենչ մտքի բացառիկ դրսեւորումն էլ մեր պապերի արյամբ շաղախված Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերն են, որոնք դարձան գալիք սերունդների ոգեշնչման անսպառ աղբյուր եւ հնարավորություն ընձեռեցին ավելի քան կես հազարամյա ընդմիջումից հետո վերականգնելու հայոց պետականությունը»:

Մշակութային մասում հնչեցին հայրենասիրական երգեր ժողովրդական գործիքների համույթի եւ ՀՅԴ պատանեկան միության երգչախմբի կատարմամբ: «Համազգայինի» պարախումբը հանդես եկավ «Կապույտ թռչուն», «Սարդարապատ» եւ «Քոչարի» պարերով:

Միջոցառմանը ներկա էին Հունահայոց թեմակալ առաջնորդ գերաշնորհ. Տ. Խորեն եպիսկոպոս Տողրամաջյանը, Հունաստանի հայ ավետարանական եկեղեցու համայնքապետ վերապատվելի Վիգեն Չոլաքյանը, ՀՕՄ-ի կենտրոնական վարչության ներկայացուցիչը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Հունահայոց ազգային վարչության, ՀՅԴ կառույցների, Հայ Կապոյտ խաչի, Համազգայինի, ՀՄԸՄ ներկայացուցիչները։ Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կաօի վարչությունից:

Scroll Up