Դանիել Վարուժան Հեճինյանի «Խաղաղության արվեստ»-ը Երևանում

Սեպտեմբեր 18-ին ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Ազգային պատկերասրահում կբացվի Դանիել Վարուժան Հեճինյանի անհատական ցուցահանդեսը՝ «Խաղաղության արվեստ» www.PeaceofArt.org [1] ( Peace of Art) խորագրով՝ նվիրված  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

 Հավատի և աշխատանքի միաբանությունը նպատակին հասնելու ճանապարհ է հարթում, և երազանքի իրականացման կանխավայելումը հզորացնելով ստեղծագործ ոգին՝ դառնում է մտքի զորավոր թռիչք՝ կյանք տալով հարշագեղ կտավների, որոնք դառնում են արվեստի գլուխգործոց ստեղծագործություններ: Վարուժանի ստեղծագործությունները լի են հուզականությամբ և քնքշությամբ: Կինը նրա արվեստի ներշնչանքն է՝ իր երազներով, կանացիությամբ, սպասումներով ու կարոտով, հեզությամբ ու շքեղությամբ: Նրա կտավներից մեղեդի է կաթում՝ արտահայտելով նկարչի սերը երաժշտության հանդեպ: Վարուժանի ստեղծագործություններում առկա են և՛ վայրի հզորություն, և՛ նուրբ քնարականություն, և՛ կատարելության հասնող համեստություն: Նա յուրահատուկ է իր ոճային ինքնատիպությամբ, ռոմանտիզմով, հորինվածքային և ստեղծագործական գեղեցկությամբ, գույների ներդաշնակությամբ, ինչպես նաև կատարման բարձր վարպետությամբ։

Ցուցահանդեսի հիմնական նկարներից մեկը՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին, եռանկար է «Խաղաղության արվեստ» հավաքածուից և կոչվում է «Դարի ոճիրը»: Այն ներկայացնում է նախորդ դարի առաջին ցեղասպանությունը, հաջորդող ոճիրները, մարդկային անգթությունն ու անհանդուրժողականությունը: Եթե դարասկզբին միջազգային հանրության կողմից ճանաչվեր և դատապարտվեր Հայոց Մեծ եղեռնը կկանխվեին հետագա ցեղասպանությունները: Առաջին նկարում մարդկային խլյակների մի խումբ է, ովքեր սեփական աչքերով տեսել են սպանդն ու ոճիրը, սեփական ականջներով լսել մահացողների ողբն ու կականը: Եվ այժմ կուրացած արհավիրքի արնաշաղախ տեսարաններից՝ փակել են իրենց աչքերը, փակել ականջները՝ հրաժարվելով այլևս տանել անմարդկային տանջանքները: Հայրը շուռ է տվել զավակին, որպեսզի նա չտեսնի այն արհավիրքը, որի ականատեսն է եղել նա և փորձում է կանգնեցնել ոճիրը։ Երկրորդ նկարում պատկերված է մարդկային վայրագությունը՝ անգութ ու կատաղի:

Մարդիկ ու ձիերը, դաժանության բոցով բռնկված, կծոտում ու խոշտանգում են իրար: Երրորդ նկարը ներկայացնում է մարդկանց բազմություն, ովքեր հոգնած և ուժասպառ պատերազմներից ու ցեղասպանություններից, հայացքները հառած երկնքին՝ խաղաղություն են աղերսում և սպասում արդարության աղավնու վերադարձին:

Ցուցահանդեսի կենտրոնական նկարներից մյուսը ևս եռանկար է, կոչվում է «Ցեղասպանությունից մինչև անկախություն» և նվիրված է Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձին: Առաջին նկարում պատկերված են 1988թ-ի Խորհրդային Հայաստանի ավերիչ երկրաշարժի հետևանքները՝ կարմիր դրոշի ծվենով, ինչպես նաև վերակառուցումը: Կենտրոնի նկարն արտացոլում է անկախության 23 տարիների ընթացքում Հայաստանի ձեռքբերումները՝ եռագույնը, հայոց բանակը, նորակառույց և հինավուրց Երևանը՝ վերածնունդի խորհրդանիշով և Ծիծեռնակաբերդով, որ միաձուլված արևի ճառագայթներին տուն է կանչում Մասիսին ու խորհրդանշում հայ ժողովրդի հաղթանակն ընդդեմ մահու : Մեջտեղում 23 տարեկան Հայաստանն է՝ անկախության, խաղաղության, գեղեցկության մարմնացում, որ ձեռքերը պարզել է դեպի խաղաղության աղավնիները:

Երրորդ նկարում եռագույնը հաղթական արծվի թռիչքով մտնում է Արցախ, որտեղ ապահով ու խաղաղ երկնքում թևածում են աղավնիները և խաղաղության պահապան հայոց անպարտելի բանակը անցնում է պանծալի շքերթով: Ցուցահանդեսին կներկայացվեն նաև գրաֆիկաներ, գծանկարներ, գունանկարներ, ռոմանտիկ ստեղծագործություններ և հայոց եռագույնին նվիրված մի շարք կտավներ:

Դանիել Վարուժան Հեճինյան անունը բազմիցս հնչված ու հայտնի անուն է ոչ միայն Սփյուռքում, այլև հայրենիքում: 1915 թ-ի Հայոց ցեղասպանությունը վերապրած և Սիրիայում օթևան գտած հայ ընտանիքի զավակն է նա, ով մանկուց ականջալուր է եղել կոտորածի դաժան պատմություններին և իր ծնողների աչքերով տեսել այն:

Հայրենիքի կարոտը և իր բնատուր տաղանդն ու շնորհը զարգացնելու ցանկությունը երիտասարդ Վարուժանին բերեցին հայրենիք:

Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտում՝ ուսումնառության տարիներին, նա աչքի ընկավ իր տաղանդով, անսպառ երևակայությամբ և աշխատասիրությամբ: Հայրենի հող ու ջրի ուժը միախառնվելով նրա շնորհի, եռանդի, խորաթափանցության և մաքառող խառնվածքի հետ տվեց իր պտուղները՝ հասուն և յուրօրինակ: Լույս աշխարհ եկան ստեղծագործություններ, որոնք հայրենիքի, բնության, ազգային ուժի, պայքարի, սիրո և խաղաղության արտացոլումն էին:

Վարուժանը աշխարհին ներկայացրեց ոչ միայն մեր ողբերգական անցյալի արյունոտ պատկերները, այլև մեր դարավոր մշակույթի անմար լույսը, որ փայլատակում է իր ստեղծագործություների մեջ: Անցնելով տարիների բովով՝ իր տաղանդի, անխոնջ աշխատանքի, նվիրվածության և հավատի շնորհիվ հասավ անհասանելի բարձունքների, գրավեց դժվարամատչելի պատկերասրահներ, նկարազարդեց հայկական 7 եկեղեցիներ՝ դառնալով 100-ից ավելի սրբապատկերների և որմնանկարների հեղինակ՝ ամենուր բարձր պահելով հայի անունն ու պատիվը: Հայի ստեղծագործ ջիղը նրա արյան մեջ է, հոսում է կենսունակ երակներում, որտեղ խարսխված է պատմական և մշակութային հիշողությունը, ազգային գիտակցությունը:

Նա իր արվեստի և ստեղծագործությունների միջոցով աշխարհին պատմեց հայի
ողբերգական անցյալի մասին և չբավարարվելով այդքանով՝ ձեռնամուխ եղավ լայնածավալ մի գործունեության. 1996թ-ին Սփյուռքի պատմության մեջ առաջին անգամ Մասաչուսեթս նահանգում բարձրացրեց Հայոց ցեղասպանությունը ոգեկոչող մեծադիր ցուցապաստառներ, որն ունեցավ ամենամյա շարունակական բնույթ՝ 1996-2014 թթ.: Նա միջազգային հանրությանը բացեիբաց ներկայացրեց Հայոց ցեղասպանության ողջ իրողությունը, որպես անհերքելի պատմական փաստ՝ կոչ անելով ճանաչել այն, դատապարտել ոճրագործին և հատուցում պահանջել:

 2003 թ-ին նա հիմնադրեց «Խաղաղության արվեստ» ( Peace of Art) անշահույթ կրթական մարդասիրական կազմակերպությունը, որն էլ  սկսած 2004 թ-ից մինչ օրս հովանավորում է Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված վահանակների տեղադրումը Մասաչուսեթսի տարբեր քաղաքներում:

«Խաղաղության արվեստ» կազմակերպությունը Միացյալ Նահանգներում ունեցել է բազմաթիվ ցուցահանդեսներ՝ գրավելով կառավարության ներկայացուցիչների, կրթական հաստատությունների, տարբեր ազգություն և դավանանք ունեցող մարդկանց ուշադրությունը՝ միացնելով նրանց համընդհանուր արվեստի լեզվով, ցուցադրելով խաղաղության բացակայությունը մեր հասարակարգում և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությունը՝ ապագա ոճիրները կանխելու համար:

2014թ-ի գարնանը Հեճինյանն աշխարհին ներկայացրեց մի նոր աննախադեպ ստեղծագործություն՝ բրոնզակուռ «Մոր ձեռքերը» կոչվող խաչքար-հուշարձանը՝ Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն նահատակների հիշատակին նվիրված: Այն տեղադրվել է Լոուել քաղաքի քաղաքապետարանի դիմաց՝ տեսանելի բոլորի համար, և արժանի է կոչվել « Մայր խաչքար», քանի որ առանձնահատուկ է իր խորհուրդով՝ ստեղծված բրոնզի և գրանիտի համադրությամբ, որտեղ քարը խորհրդանշում է մարմինը՝ «հայրենիքը», բրոնզը՝ հոգին՝ «սփյուռքը»:

Հազարամյակների պատմություն ունեցող հայկական մշակույթը առանձնահատուկ դերակատարություն է ունեցել մեր ժողովրդի կյանքում: Դարեր շարունակ այն ծառայել է հայ էթնոսի և օտար ազգերի փոխազդեցությունների ներքո ինքնատիպության պահպանմանը: Մշակույթը ազգություն չունի, բայց ամեն ազգ ունի իր մշակույթն ու կանգուն է դրանով: Ապրելով Հայաստանից հեռու՝ Վարուժանը Հայաստանն ապրեցրեց իր մեջ: Հայրենիքի հանդեպ իր զգացմունքներն արտահայտեց գույների լեզվով, տարիներ շարունակ ներդրեց իր արվեստն հանուն խաղաղության և արտասահմանում Հայաստանի հեղինակության ու մշակութային ինքնության պահպանման համար:

Տարիներ առաջ հայրենիքը ճանապարհեց տաղանդավոր, որոնող ու անհանգիստ խառնվածքով և ըմբոստ ոգու տեր երիտասարդ նկարիչին՝ իր լավագույն սերմերը դնելով նրա մեջ: Այժմ հայրենիքը սպասում է առատ հունձքով բեռնված արվեստագետ Դանիել Վարուժան Հեճինյանի վերադարձին…

Հեղինե Գեւորգյան

Scroll Up