Ավարտվեցին «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի խմբերգային արվեստի օրերը

Օգոստոսի 5-ին Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական 2-րդ փառատոնի խմբերգային արվեստի օրերի փակման հանդիսավոր արարողությունը:

5 օր շարունակ աշխարհի 10 երկրներից ժամանած 15 երգչախմբերն (350 մասնակից) իրենց կատարումներով, մարզային համերգներով հաճելի լարվածության մեջ պահեցին խմբերգային արվեստի սիրահարներին: Մասնակիցները հանդիպումներ ունեցան խմբերգային արվեստի մեծերի հետ, կազմակերպվեցին փորձի փոխանակման երեկոներ, նկարահանումներ, համատեղ կատարումներ:

 Խմբերգային արվեստի օրերի հանդիսավոր փակմանը ելույթ ունեցան Վրաստանի  «Սուրբ Ներսես Շնորհալի» և «Աղբյուր», Ռուսաստանի «Սուրբ  Գրիգոր Լուսավորիչ», «Ովսաննա» և «Նորահրաշ», Իրանի «Արարատ» և «Զվարթնոց», ԱՄՆ-ի «Կոմիտաս», Եգիպտոսի  «Արցախ», ինչպես նաև Հայաստանի «Ովսաննա»  և «Երաշխավոր» երգչախմբերը:

Համերգի ավարտին բեմահարթակը տրամադրվեց Թեհրանից ժամանած «Հայ Կին» միությանը կից «Անահիտ» միության «Զվարթնոց» երգչախմբին՝ կատարելու հատուկ «Իմ Հայաստան» փառատոնի համար երգչախմբի գեղարվեստական ղեկավար Էդիկ  Թամրազյանի  կողմից գրված «Հայկ Դյուցազուն» երգը:

Ողջունելով մասնակից պարախմբերին և հանդիսատեսին՝ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը նշեց. «5 օր շարունակ Սփյուռքից ժամանած երգչախմբերն իրենց ելույթներով հիացրին հանդիսատեսին՝ միևնույն ժամանած բերկրանք պատճառելով միմյանց: Երգչախմբային արվեստի հիմնադիրներն, իրավամբ, այս տարածաշրջանում համարվում են հայ երգահանները: Դեռ 19-րդ դարի վերջին Քրիստափոր Կարա-Մուրզան Անդրկովկասում և Հարավային Ռուսաստանում ստեղծեց շուրջ 100 երգչախումբ: Նրա գործը շարունակեց մեծն Կոմիտասի մեծ ուսուցիչը՝ Մակար Եկմալյանը, իսկ Կոմիտասի օրոք և նրա շնորհիվ երգչախմբային արվեստը հասցվեց կատարելության: Մեր հայրենակիցների ստեղծած երգչախմբերը շարունակում են իրենց նախնիների փառավոր ավանդները: Թերևս նրանց կատարումներում կարելի է նկատել արհեստավարժության պակաս, սակայն դա լրացվում է այն արտասովոր նվիրումով և հոգեկան ջերմությամբ, որով օժտված են բոլոր երգչախմբերն առանց բացառության»:

 Այնուհետև պարոն Սրապիոնյանը մասնակիցներին փոխանցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ջերմ ողջույնները և մեծ ցանկությունը, որ այսուհետ ևս երգչախմբերը շարունակեն նույն նվիրումով իրենց հայապահպան առաքելությունը:

Նախարարի տեղակալը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին՝ տարաբնույթ դժվարությունները հաղթահարելու և հայաստանցի հանդիսատեսին խինդ ու թրթիռ նվիրելու համար:

Միջոցառման ավարտին «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը մասնակցության հավաստագրեր հանձնեց բոլոր մասնակիցներին:

 «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի գլխավոր հովանավորն է «Օրանժ Արմենիա» ընկերությունը, փառատոնի հովանավորն է «Տաշիր գրուպ» ընկերությունը, փառատոնին տեղեկատվական աջակցություն են ցուցաբերում «Հայաստանի հանրային», «Շանթ», «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունները և  Հայաստանի հանրային ռադիոն:

«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում օգոստոսի 16-ին տեղի կունենա ասմունքի երեկո, սեպտեմբերի 20-25-ը նվիրված կլինեն դուդուկին և հայկական այլ նվագարաններին, իսկ սեպտեմբերի 26-ին կանցկացվի հայ երգի օր, որի շրջանակներում տեղի կունենա մեծ շքահամերգ և 36-հատորյա «Ազգային երգարան» մատենաշարի առաջին հատորի հրատարակության շնորհանդեսը:

1 2 3 4 5 6 7 8 9

Scroll Up