Օր 2-րդ. «Իմ Հայաստան» փառատոնի շրջանակներում կայացավ Ստամբուլի «Լուսավորիչ» Դպրաց դաս երգչախմբի համերգը

Օգոստոսի 2-ին «Իմ Հայաստան» համահայկական 2-րդ փառատոնի խմբերգային արվեստի օրերի շրջանակներում Երևանի Առնո Բաբաջանյանի անվան համերգային դահլիճում համերգով հանդես եկան Ստամբուլի «Լուսավորիչ» Դպրաց դաս երգչախմբի երիտասարդ կատարողները`  Հակոբ Մամիկոնյանի ղեկավարությամբ: Համերգային ծրագիրը նվիրված էր երգչախմբի  85- ամյակին:

Նրանք  կատարեցին Կոմիտասի ` <<Ազգային օրհներգը>> , <<Մեզ նոր արև ծագեց>> և այլ ստեղծագործություններ: Մեներգով հանդես եկան Մարալ Չաղլչուպուքճուն, Լենա Էլմաօղլուն, Շանթ Չաքմաքճը, նրանք կատարեցին <<Իմ Երևան>>,  <<Ափ մը հող>>, <<Նարօ  ճան>> և այլն:

Միջոցառման ներկա էր ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, ով, բարձր գնահատելով երգչախմբի գործունեությունը, իր խոսքում նշեց. «Մշակութային ցանկացած ձեռնարկ Սփյուռքում մեծ հերոսություն է. առավել ևս՝ Ստամբուլում: Շուրջ ութուկես տասնամյակ հայատյացության և հայահալած միջավայրում երգչախումբը ոչ միայն գոյատևել է, այլև մասնակցել է բազմաթիվ մրցույթների և մրցանակների արժանացել: Երգչախմբի հարատևության նոր վկայականը մանկական երգչախմբի ստեղծումն է»: Այս պատկառելի կենսագրությունն էլ հիմք է տվել ՀՀ սփյուռքի նախարարությանը երգչախմբին պարգևատրել նախարարության բարձրագույն պարգևով՝ ոսկե մեդալով: Երգչախմբի ղեկավար Հակոբ Մամիկոնյանին նախարարի տեղակալ Ս.Սրապիոնյանը հանձնեց ոսկե մեդալը:

Երգչախմբին ողջունեց նաև <<Իմ Հայաստան>>  համահայկական փառատոնի  ղեկավար Սամվել Հարոյանը  և    փառատոնին մասնակցելու համար ՀՀ  սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի անունից հանձնեց հավաստագիր:

Նշենք,  որ սեպտեմբերի 6-ին երգչախումբը համերգով հանդես կգա Վանի Սուրբ Խաչ եկեղեցում:

Ստամբուլի «Լուսավորիչ Դպրաց դաս» երգչախումբը ստեղծվել է 1929 թվականին: Մինչև 1990թ. երգչախումբը կատարել է հոգևոր երգեր կոմիտասյան և Եկմալյան Սուրբ պատարագների ժամանակ: Երբ 1990թ. Հակոբ Մամիկոնյանը դարձավ երգչախմբի ղեկավար, խումբը, համալրվելով երիտասարդ երգիչներով, սկսեց երգել և՛ հոգևոր, և՛ աշխարհիկ երգեր:

1990-ական թվականներին երգչախումբը ելույթներով հանդես է եկել Պոլսի բազմաթիվ համերգասրահներում, իսկ 2000-ական թվականներին եղել են խմբի ստեղծագործական վերելքի տարիները, երբ նվաճվել են բազմաթիվ մրցանակներ: 2013թ. ստեղծվել է «Լուսավորիչ» մանկական երգչախումբը, որի առաջին համերգը եղել է 2014թ. մայիսին՝ երգչախմբի մեներգիչ Սերկան Կազերողլուի խմբավարությամբ:

unnamed (4) unnamed unnamed (1) unnamed (2) unnamed (3) 5 (1) 4 (1)

Scroll Up