Կայացավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համառուսաստանյան հանձնախմբի կազմակերպչական առաջին նիստը

Մայիսի 22-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում կայացավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող համառուսաստանյան հանձնաժողովի կազմակերպչական առաջին նիստը, որը վարեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը եւ ՀԱԵ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը: Հանձնախմբի առաջին նիստին մասնակցեցին ՌԴ մարզերում ՀՀ գլխավոր հյուպատոսները, ռուսաստանյան պետական եւ հասարակական ոլորտի անվանի գործիչներ, ՌԴ-ում հայ համայնքային կառույցների ղեկավարներ եւ ռուսաստանաբնակ հայազգի գործարարներ:

            ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը նիստի բացմանն իր երախտագիտության խոսքը հղեց հանձնախմբի բոլոր անդամներին: «Նախատեսվելիք միջոցառումների հավուր պատշաճի իրականացման կարեւորությունը թելադրված է մարդկության պատմության ամենասարսափելի ոճրագործություններից մեկի` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացի արդյունավետ շարունակման առաջնահերթությամբ», – ընդգծեց ՌԴ-ում ՀՀ դեսպանը: Օլեգ Եսայանը նաեւ վստահություն հայտնեց, որ համառուսաստանյան հանձնախմբի աշխատանքները կընթանան ՀՀ նախագահի գլխավորությամբ ստեղծված համահայկական հանձնաժողովի աշխատանքներին համահունչ:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող համահայկական հանձնաժողովի քարտուղար, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն  Հայկ Դեմոյանը նիստի մասնակիցներին ներկայացրեց համահայկական հանձնաժողովի գործունեության առանցքային ուղղությունները, ինչպես նաեւ անդրադարձավ Մեծ եղեռնի  միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացին:

            Ելույթներով եւ նախատեսվելիք միջոցառումների կազմակերպման առաջարկներով հանդես եկան նաեւ հանձնախմբում ընդգրկված անդամներից` ՌԴ Դաշնային խորհրդի բնական մենաշնորհների հանձնաժողովի նախագահ, Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսաստանյան կողմի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը, Սեւծովյան եւ կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վ. Զախարովը, Ռուսաստանի հայերի միության առաջին փոխնախագահ Գ.Տեր-Ղազարյանցը, «Հայ-ռուսական համագործակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Յու.Նավոյանը եւ այլք:

            Նիստի ավարտին հաստատվեց հանձնախմբի կազմը, ինչպես նաեւ աշխատանքային խմբի կազմն ու միջոցառումների ծրագրման եւ իրականացման կարգը: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

356.The  Coordination committee Session on the commemoration of the 100th anniversary of the Armenian Genocide 23.05.2013

Scroll Up