Ամփոփվեց «Տարվա լավագույն բանաստեղծական գիրք» մրցույթը

Հայաստանի գրողների միությունը և Իրեն Գյուլնազարյանի անվան հիմնադրամն ամփոփեցին «Տարվա լավագույն բանաստեղծական գիրք» մրցույթը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մրցույթի
առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրին երիտասարդ բանաստեղծներ Էդուարդ Հարենցը` «Լեթարգիական արթնություն», Աշոտ Գաբրիելյանը` «Գրպանի բանաստեղծություններ» և Սահականուշ Պետրոսյանը` «Ես միայն քեզ ունեմ» գրքերով:
Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, կարևորելով մրցույթը, նշեց, որ չնայած գրական ասպարեզում մրցանակաբաշխությունները բավականին շատ են, սակայն այս մրցույթն առանձնանում է հենց Իրեն Գյուլնազարյանի շնորհիվ, «քանի որ նրա անունն առանձնահատուկ լույս է ճառագում»:

«Գնալով համոզվում ենք, որ տարիների ընթացքում մրցանակների արժանացած բոլոր երիտասարդները ոգեղեն կապ ունեն Իրեն Գյուլնազարյանի հետ: Այս տարի այն ավելի ակնհայտ էր, քանի որ մրցանակաբաշխության հայտերը շատ-շատ էին, և մեր հանձնախումբը կարողացավ ճիշտ ընտրություն կատարել»,-ասաց Լևոն Անանյանը` ցավով նշելով, որ Իրենի` կյանքից շուտ հեռանալը թողեց իր ազդեցությունը գրական ասպարեզում:

Հանձնախմբի անդամ Արքմենիկ Նիկողոսյանը տեղեկացրեց, որ այս տարվա մրցանակաբաշխությունը տարբերվում է նախորդ մրցանակաբաշխությունից: «2006թ-ին մեր բոլոր մրցանակակիրները մշտապես իրենց CD-ներում, կենսագրություններոմ, իրենց գրքերի ետևի հատվածում տեղադրվող կենսագրականներում իրենց ստացած մրցանակների մասին մեծ հպարտությամբ են նշել: Այդ ավանդույթը շարունակելով` մենք որոշեցինք դա մի փոքր նյութականացնել և արժևորել: Այսուհետ հիմնադրամը մրցանակներից բացի կտրամադրի նաև գումար` 200, 300 և 500 ԱՄՆ դոլարի չափով»,-ասաց Արքմենիկ Նիկողոսյանը:

Բոլոր մրցանակակիրներն էլ, հայտնելով իրենց շնորհակալությունը, ցանկություն հայտնեցին, որ հիմնադրամը միշտ իրենց կողքին լինի ու գնահատի նրանց կատարած աշխատանքը: Իրեն Գյուլնազարյանի անվան հիմնադրամի նախագահ Ռուզաննա Գյուլնազարյանը` Իրեն Գյուլնազարյանի մայրը, ԱՄՆ-ից Հայաստան էր եկել հատուկ մրցանակաբաշխությանը մասնակցելու համար: «Իրինան գեղեցիկ անձնավորություն էր ու գեղեցիկ պոեզիա էր ստեղծում: Ես շատ ուրախ եմ, որ նա շարունակում է ապրել իր պոեզիայի մեջ, ուրախ եմ, որ իր պոեզիան կարող է կպչել ինչ-որ մեկի
հոգուն ու սրտին: Եվ մենք կարող ենք խրախուսել երիտասարդ ստեղծագործողներին, որպեսզի նրանք շարունակեն աշխատել, ստեղծագործել, մտածել, սիրել ու երազել: Դա շատ կարևոր է, քանի որ կյանքը շարունակվում է, և մենք պետք է շարունակենք ապրել ու հուսալ»,-ասաց նա` հավելելով, որ իրենց պարտականությունն էլ նրանց ընդառաջելն ու կյանքը գեղեցկացնելն է:

Իրեն Գյուլնազարյանի անվան հիմնադրամը ստեղծվել է 2003թ-ին: Նպատակը Հայաստանում կրթական և մշակութային ծրագրերի զարգացումն է: Ֆոնդն ունի մի քանի ծրագրեր, «Տարվա լավագույն բանաստեղծական գիրք»-ը դրանցից մեկն է: Ծրարգրեր կան նաև հատուկ փոքրիկ երեխաների համար, որոնց շրջանակներում մի քանի տարի է` ընդառաջում են Գյումրիի գեղարվեստական դպրոցին:
ԵՊՀ-ի 22 ուսանողներ ֆոնդի միջոցներով ստանում են Իրեն Գյուլնազարյանի անվան կրթաթոշակ: ժամանակի սղության պատճառով հիմնադրամը 2006թ-ից հետո չի շարունակել երիտասարդ բանաստեղծների մրցանակաբաշխությունը, սակայն այսուհետ այն շարունակական բնույթ կկրի:
Բանաստեղծուհի Իրեն Գյուլնազարյանը ծնվել և մանկությունն անցկացրել է Գյումրիում: 11 տարեկանում մոր հետ տեղափոխվել է Սան- Ֆրանցիսկո, քանի որ մայրն աշխատանքի հրավեր է ստանում: Իրինան սկսում է հաճախել հայերենի դասընթացների ու ուսումնասիրել հայկական, ամերիկյան ու ռուսական մշակույթները: Ավելի ուշ սկսում է բանաստեղծություններ գրել, որոնց միջոցով արտահայտել է այն քաոսն ու թախիծը, որ պատել էին վերջինիս հոգին հարազատներից կտրվելու պատճառով:

Հայաստանում Իրինայի բանաստեղծությունները թարգմանաբար լույս են տեսել մեկ անգամ`2006-ին` «Գրական» թերթում: Եվ ահա այժմ հրատարակվել է նրա անգլերեն Anther Look ժողովածուն, որտեղ մոր` Ռուզաննա Գյուլնազարյանի թարգմանությամբ զետեղվել են նաև մի քանի ռուսերեն բնաստեղծություններ:

Scroll Up