Օր 7-րդ.Ազատ Արցախը ողջունում է «Իմ Հայաստան» համահայկական 2-րդ փառատոնի մասնակիցներին

Ազատ Արցախը ողջունում է «Իմ Հայաստան» համահայկական 2-րդ փառատոնի մասնակիցներին: Այս խոսքերով Արցախը հուլիսի 7-ին դիմավորեց «Իմ Հայաստան» համահայկական 2-րդ փառատոնի մասնակիցներին՝ Ստեփանակերտի Մշակույթի տանը կայացած համերգի ժամանակ: Միջոցառմանը ներկա էր նաև ԼՂՀ մշակույթի, երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:

Մշակույթի տան դահլիճը լեփ-լեցուն էր, հանդիսատեսի շարքերում մասնակիցներին առանձնակի ջերմությամբ էին դիմավորում ԼՂՀ պաշտպանության բանակի զինվորները:

Տանտիրոջ իրավունքով մասնակիցներին ողջունեց Արցախի «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի համույթը:

Չդադարող ծափահարությունների ներքո մոտ երկու ժամ տևած համերգին ելույթ ունեցան Քուվեյթի «Շաքե», Ախալքալաքի «Վաչիան», Վոլգոգրադի «Արտույտ», Կրասնոդարի «Արմավիր», Ուկրաինայի «Արմենիա», Սոչիի «Նաիրի», Պյատիգորսկի «Անի», Ռոստովի «Արփի», Լիպեցկի «Կռունկ» պարախմբերը:

Միջոցառման ավարտին բեմ բարձրացավ ԼՂՀ մշակույթի, երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը և շնորհակալություն հայտնեց սփյուռքահայ պարախմբերին, որոնք երկար ու դժվարին ճանապարհ հաղթահարելուց հետո այնպիսի ոգով պարեցին, այնպիսի տրամադրություն հաղորդեցին, որ հոգնածության նշույլ անգամ չերևաց նրանց դեմքին: Նախարարը խնդրեց մեկ անգամ ևս բարձր ծափահարել մասնակիցներին:

«Շնորհակալ ենք Ձեզ, որ եկաք Արցախ և ավետիս բերեցիք մեզ: Եկաք վկայելու, որ հայ ոգին արթուն է, աննկուն, որ Արցախի ազատագրական պայքարն իզուր չի եղել, և հազարավոր քաջորդիների արյունն իզուր չի հեղվել, որ արցախյան ոգու կրակը հասել է Սփյուռքի համայնքներ, տարածվել է ափեափ և հայի մեջ նորից արթնացրել ազգային ինքնությունը և իրավունք տվել հպարտանալու իր ազգային ինքնությամբ»,-նշեց նախարարը և հավելեց, որ մեզ բաժանել է ճակատագիրը, բաժանել են պատերազմները, արհավիրքները, բայց մեզ միշտ միացյալ պահողը եղել է մեր հավատը, լեզուն և մշակույթը:

«Շնորհակալություն Ձեզ, որ ամուր կառչած եք Ձեր արմատներին և կենդանի եք պահում հայ մշակույթը: Քանի դեռ Սփյուռքի գաղթօջախներում, օտար ափերում հնչում է հայկական երաժշտություն, մեր երիտասարդները պարում են հայկական ազգագրական, ժողովրդական պարեր՝ այս ազգն անպարտելի է: Սա լավագույն պատասխանն է և լավագույն ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ»,- իր խոսքը եզրափակեց Նարինե Աղաբալյանը:

Միջոցառման ավարտին  պարախմբերը պարգևատրվեցին ԼՂՀ մշակույթի, երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրերով և փոքրիկ նվերներով:

Գեղեցիկ համերգն ու փառատոնային հերթական օրն ավարտվեց Արցախի գլխավոր խորհրդանիշներից մեկը համարվող «Մենք ենք մեր լեռները» հուշարձան այցելությամբ:

Լուսինե Աբրահամյան, Արցախ

unnamed (1) unnamed (2) unnamed (3) unnamed (4) unnamed (5)

Scroll Up