Ֆրանսիացի պատագամավորը երկրի ԱԳՆ-ին կոչ է անում աջակցել Ղարաբաղում օդանավակայանի բացմանը

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն գրավոր դիմել է երկրի արտաքին գործերի նախարարությանը` նշելով Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման անհրաժեշտության մասին եւ կոչ անելով աջակցել Ստեփանակերտի օդանավակայնաի բացմանը, հաղորդում է News.am-ը՝ վկայակոչելով «Nouvelles d’Arménie»-ին:

Պատգամավորի նամակում մասնավորապես ասվում է. «1992 թ. Լեռնային Ղարաբաղի վերահսկողության համար հայերի եւ ադրբեջանցիների միջեւ մղվող պայքարը Ստեփանակերտի օդանավակայանը օգտագործման համար ոչ պիտանի դարձրեց: 2008 թ-ից Լեռնային Ղարաբաղում վերակառուցվել է օդանավակայանը եւ թռիչքուղին:

Այդուհանդերձ, երբ օդանավակայանի վերակառուցումն արդեն ավարտվել է եւ այն համապատասխանում է անվտանգության չափանիշներին, Ադրբեջանի կառավարությունն արգելում է օդային տարածքի օգտագործումը, իսկ ադրբեջանական բանակն սպառնում է խփել քաղաքացիական օդանավերը: Եթե անգամ ուղղաթիռների որոշ թռիչքներ իրականացվում են, դա բավարար չէ մեկուսացումը վերացնելու համար, հատկապես որ եղանակային խիստ պայմանները խանգարում են ձմեռային շրջանում ուղղաթիռների թռիչքին»:

Բուայեն կոչ է արել աջակցել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ օդային հաղորդակցության վերականգնմանը: «Հրադադարի ռեժիմից հետո դեռեւս շարունակվող լարվածության պայմաններում կարեւոր է, որ Ֆրանսիան առաջատար դեր ունենա Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ ուղիղ հաղորդակցության հաստատման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,- նշել է ֆրանսիացի պատագամավորը` խնդրելով հայտնել այն գործողությունների մասին, որը Ֆրանսիայի ԱԳՆ-ն մտադիր է իրականացնել այդ ուղղությամբ:

Scroll Up