Ջավախքի դպրոցականները՝ Վրաստանի մայրաքաղաքում

Վրաստանի մայրաքաղաքի տեսարժան վայրերը դիտելու և հայկական մշակութային օջախներ այցելելու նպատակին էր միտված Նինոծմինդայի շրջանի Մեծ Խանչալիի գյուղի հանրային դպրոցի աշակերտների էքսկուրսիան:

Մայիսի 16-ին դպրոցի առաջին դասարանցիները հյուրընկալվեցին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային կենտրոնում:

Փոքրիկները ուսուցչուհի Լարիսա Անանիկյանի, իրենց ծնողների, ուսուցիչների և «Վրացական երազանք» կուսակցության անդամ Աիդա Խոդերյանի ուղեկցությամբ աղոթեցին Սուրբ Էջմիածին եկեղեցում, դիտեցին կենտրոնի՝ Սուրբ Մովսես Խորենացու անվան նախակրթարանը:

Երեխաները, որոնց մոտ դեռ վառ են մանկապարտեզի ուրախ խաղն ու զվարճալի օրը, հետաքրքրությամբ ունկնդրեցին նախակրթարանի սաների ելույթները, նրանց վստահ պատասխանները «Հայարտուն» կենտրոնի կրթական բաժնի պատասխանատու Եվգենյա Մարկոսյանի և նախակրթարանի ուսուցչուհիներ Նարինե Ղուշչյանի և Լալա Գևորգյանի՝ երեխաներին ուղղված հարցերին:

«Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը գրքեր նվիրեց ուսուցիչներին և դպրոցի գրադարանին:

Գովեստի խոսքեր ուղղելով բոլոր երեխաներին գեղեցիկ ելույթների համար՝ ուսուցչուհի Լարիսա Անանիկյանը, որպես այս գեղեցիկ օրվա հուշ, Սուրբ Մովսես Խորենացու անվան նախակրթարանին նվիրեց մեսրոպյան այբուբենի պատկերով ձեռքի աշխատանք:

Ջավախքից ժամանած հյուրերը եղան նաև Թբիլիսիի Մեծաց մեծերի՝ Խոջիվանքի պանթեոնում, Թբիլիսիի թիվ 104 դպրոցում:

Երեխաների ուրախությունը և տպավորությունները լիարժեք դարձնելու համար «Հայարտուն» կենտրոնի հոգևոր տեսուչ Գևորգ սարկավագ Անտոնյանի ուղեկցությամբ նրանք այցելեցին Թբիլիսիի կենդանաբանական այգի:

akhaltskha.net

Scroll Up