Հայոց ցեղասպանության ճանաչումը բարոյական անհրաժեշտություն է հրեաների համար. Քնեսեթում քննարկվել է Ցեղասպանության ճանաչման հարցը

Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնը լիագումար նիստի ընթացքում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկման ժամանակ նշել է, որ «որպես հրեաներ՝ իրենք պետք է ճանաչեն հայ ժողովրդի կրած տառապանքները, անգամ եթե իրենք որևէ մեկին դրա համար չմեղադրեն»։

Ինչպես հայտնում է The Jerusalem Post-ը, խոսնակն ընդգծել է, որ այդ քննարկումը չի դատապարտում որևէ ժամանակակից երկրի։

«Մենք որևէ մեկին չենք մեղադրում, այլ գործում ենք որպես հրեաներ՝ հավատարիմ մնալով ճշմարտությանը։ Մենք չենք կարող մերժել պատմությունն ու մարդկային արժեքները՝ ելնելով դիվանագիտական կամ քաղաքական զգուշությունից»,-շարունակել է Էդելշտեյնը։

Աղբյուրը հավելում է, որ Քնեսեթում Ցեղասպանության ճանաչման առաջարկով է ներկայացել Իսրայելի «Մերեց» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Զեհավա Գալ-Օնը, ով կոչ է արել հրեական կառավարությանը մինչ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ճանաչել այն։

«Կառավարությունը չպետք է զոհաբերի Ցեղասպանության ճանաչումը հանուն ժամանակավոր շահերի։ Ամեն անգամ դիվանագիտական իրավիճակը տարբեր է։ Երբ մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, չենք ճանաչում Ցեղասպանությունը, սակայն երբ ի հայտ է գալիս Մարմարայի հարցը, մենք մտափոխվում ենք»,- շարունակել է կուսակցության նախագահը։ Նրա խոսքով՝ որպես Հոլոքոստ տեսած ազգ ՝ իրենք չեն կարող շարունակել անտեսել Հայոց ցեղասպանության հարցը։

Քննարկման շրջանակներում ելույթ է ունեցել նաև Likud Beytenu («Իսրայելը մեր տունն է») քաղաքական միավորման անդամ Ռևեն Ռիվլինը՝ հիշեցնելով, որ աշխարհը շարունակում է լռել հայերի հարցով։

«Ինձ համար ծանր է ներել այն ազգերին, որոնք անտեսում են մեր ողբերգությունը, ուստի մենք չենք կարող ինքներս անտարբեր լինել այլ ազգի ողբերգության հանդեպ։ Դա մեր բարոյական պարտականությունն է՝ որպես ժողովուրդ և որպես հրեա»,- նշել է Ռիվլինը։

Մանրամասն՝  tert.am-ում:

Scroll Up