Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը, ՀՀ Սփյուռքի նախարարության հետ համատեղ, հայտարարում են 2013թ. ստեղծագործական և գիտական աշխատանքի միջազգային մրցանակաբաշխություն

F3OPvVLG8HOKdThHXxxxBJkND0

Բարի ավանդույթ դարձած այս ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ նպատակն է նպաստել Հայաստանի գիտական և ստեղծագործական մտավորականության գործունեության ակտիվացմանը, խթանել երկրի մտավոր կյանքի աշխուժացումը:

            Մրցանակաբաշխությունն անց է կացվում ՀՀ Կրթության և գիտության, Մշակույթի նախարարությունների հետ համագործակցությամբ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Հայաստանի գրողների, ժուռնալիստների, նկարիչների, կոմպոզիտորների միությունների ու ՀՀ երաժշտական ընկերության  մասնակցությամբ:

            Արդեն մեկնարկել է «Մրցանակաբաշխություն – 2013» -ը, որի արդյունքները կամփոփվեն 2013թ. հուլիս – օգոստոս ամիսներին:

Մրցանակաբաշխությունը համահայկական նշանակություն ունեցող միջոցառում է, որին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և սփյուռքահայ մտավորականության ներկայացուցիչները:

ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 Գիտնականների համար

«Լավագույն գիտական աշխատանք» մրցույթին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականները: Մրցույթը նվիրվում է ՀՀ ԳԱԱ 70 – ամյակին:

Սահմանված են մրցանակներ 12 անվանակարգերում.

– ‎ֆիզիկա

– մաթեմատիկա և մեխանիկա

– ինֆորմատիկա

– տեխնիկական գիտություններ

– քիմիա

– կենսաբանություն

– պատմություն

– սոցիոլոգիա և իրավագիտություն

– երկրաբանություն

– արվեստ, լեզու և գրականություն

– տնտեսագիտություն

– հայագիտություն և ազգագրություն

Մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմում է 12 միլիոն դրամ:

Մրցանակակիրները կպարգևատրվեն դրամական պարգևներով և կարժանանան ՀՀ ԳԱԱ, ՀՀԿ և ՌՀՄ պատվավոր դիպլոմների: Մրցույթին կարող են ներկայացվել միայն 2011–2013 թվականներին հրատարակված գիտական հոդվածների շարքը և մենագրությունները  կամ արտոնագրված աշխատանքները:

        Ներկայացվող փաստաթղթերի փաթեթը պետք է ներառի այն կազմակերպության գիտական խորհրդի որոշումը, որտեղ աշխատում է հայտատուն:  Փաստաթղթերը կարող են ներկայացվել նաև տվյալ բնագավառում գործող որևէ այլ կազմակերպության գիտական խորհրդի միջոցով: Ներկայացնող կազմակերպությունը յուրաքանչյուր անվանակարգում կարող է առաջադրել միայն մեկ աշխատանք: Մրցույթի արդյունքները կհայտարարվեն 2013թ. սեպտեմբեր ամսին:

        Հաղթող են ճանաչվելու այն հեղինակները (հեղինակային խումբը),  որոնց գիտական աշխատանքները վերաբերում են գիտության տվյալ բնագավառի ժամանակակից թեմաներին և կունենան գումարային ամենաբարձր ազդեցության գործակից (Impact Factor) և ամենաշատ հղումներ։

       Ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը կարելի է ստանալ ՀՀ ԳԱԱ «Գիտության զարգացման հիմնադրամի» գրասենյակից կամ Հիմնադրամի կայքի միջոցով http://sdfund.sci.am.

Փաստաղթերի ներկայացման ժամկետը՝  2013թ. մարտի 1-ից մինչև հունիսի 1-ը:

Հասցեն: 0019, Մարշալ Բաղրամյանի պող. 24, Երևան, Հայաստանի Հանրապետություն:

Հեռ.  +(37410) 527530,  +(37410) 527031:

Գրողների համար

Համահայկական գրական մրցանակաբաշխությունն անց է կացվում «ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ – 21-րդ դարե նշանաբանով հետևյալ անվանակարգերում.

– Արձակ

– Պոեզիա

– Դրամատուրգիա կամ մանկապատանեկան գրականություն

Կանոնակարգի համաձայն՝ մրցույթին առաջարկվող երկերը գնահատվում են գեղարվեստական մակարդակի, հարցադրումների ու թեմաների այժմեականության և ինքնատիպության, ինչպես նաև բարոյափիլիսոփայական և հոգևոր արժեհամակարգի տեսանկյուններից:

Բոլոր տեքստերը պետք է լինեն անտիպ և ներկայացվեն ծածկանունով:

Մրցանակային ֆոնդը կազմում է 5,5 միլիոն դրամ:

Նախատեսված են հետևյալ մրցանակները.

1.            Արձակ – ( նվազագույն ծավալը 80 համակարգչային էջ) – 1.650.000 դրամ

2.            Պոեզիա – ( նվազագույն ծավալը 700 տող) – 1.650.000 դրամ

3.            Դրամատուրգիա  – ( 1 պիես ) կամ մանկապատանեկան գրականություն –

(արձակ՝ 40 էջ, չափածո՝ 700 տող ) – 1.650.000 դրամ:

Նյութերը ներկայացնել մինչև 2013 թ. հունիսի 1-ը, Գրողների միություն, աշխատակազմի ղեկավարին:

Մրցանակաբաշխության արդյունքները կամփոփվեն 2013թ. հունիսին:

Հասցե` Երևան, Մարշալ Բաղրամյան 3:

Հեռախոս` 56-45-70

Նկարիչների համար

Հայտարարվում է կերպարվեստի զարգացմանը նպատակաուղղված լավագույն ստեղծագործությունների մրցույթ հետևյալ անվանակարգերում.

1.            Գեղանկարչություն – 4 մրցանակ, յուրաքանչյուրը` 450.000 դրամ

2.            Քանդակ – 2 մրցանակ, յուրաքանչյուրը` 450.000 դրամ

3.            Գրաֆիկա- 2 մրցանակ,  յուրաքանչյուրը` 320.000 դրամ

4.            Դեկորատիվ կիրառական արվեստ, 1 մրցանակ` 320.000 դրամ:

5.            Մրցանակային ֆոնդը կազմում է 5,5 միլիոն դրամ:

Մրցույթին կարող են մասնակցել միայն Հայաստանի նկարիչների միության անդամները:

Հանձնաժողովն իրավասու է  մրցանակային ֆոնդի սահմաններում փոփոխել անվանակարգերի քանակը և մրցանակների գումարների չափը` ըստ փաստացի ներկայացված ստեղծագործությունների:

Մրցանակաբաշխությանը ներկայացվում են 2011 – 2013 թվականների ստեղծագործությունները:

Աշխատանքները ներկայացնել Հայաստանի նկարիչների միություն` 2013թ. օգոստոս ամսվա ընթացքում: Արդյունքները կամփոփվեն 2013թ. սեպտեմբերին:

Հասցե` Երևան, Աբովյան 16

Հեռախոս` +374 10 56-47-24, 56-48-53

Կոմպոզիտորների և երաժշտագետների համար

Հայտարարվում է լավագույն կոմպոզիտորական և երաժշտագիտական ստեղծագործությունների մրցույթ, որին կարող են մասնակցել այն կոմպոզիտորներն ու երաժշտագետներն, ովքեր ունեն  պրոֆեսիոնալ երաժշտական կրթություն:

Մրցանակային ֆոնդը կազմում է 5,5 միլիոն դրամ:

Կոմպոզիտորական արվեստի ասպարեզ

Հայ ժամանակակից կոմպոզիտորական արվեստի ստեղծագործական ձեռքբերում ասպարեզում ներկայացվում են ստեղծագործություններ՝ գրված հետևյալ ժանրերում.

ա. Վոկալ-սիմֆոնիկ, կոնցերտային երաժշտության ժանրում գրված ստեղծագործություն /15-20 րոպե/ – մրցանակային ֆոնդը` 1.280.000 դրամ

բ.   Գործիքային անսամբլների համար /դուետ, տրիո, կվարտետ և այլն/ գրված սեղծագործություն /12-15 րոպե/  – մրցանակային ֆոնդը` 1.100.000 դրամ

գ. Խմբերգային, վոկալ-գործիքային երաժշտության ժանրում գրված ստեղծագործություն /8-10 րոպե/  – մրցանակային ֆոնդը` 250.000 դրամ:

Երաժշտագիտության ասպարեզ

Հայ երաժշտության զարգացման նոր հեռանկարներ ասպարեզում ներկայացվում են` գիտական հոդվածների ժողովածու, երաժշտագիտական հրապարակախոսություն, մենագրություն: Մրցանակային ֆոնդը կազմում է 900.000 դրամ:

Երաժշտագիտական աշխատություններն ընդունվում են հրատարակված օրինակի տեսքով;

Կոմպոզիտորական ստեղծագործություններն ընդունվում են համակարգչային շարվածքի  կամ բավարար ընթեռնելի ձեռագրի տեսքով:

Կարող են ներկայացվել նաև ստեղծագործական ձայնագրություններ, եթե այդպիսիք առկա են:

Յուրաքանչյուր հեղինակից ընդունվում է մեկ գործ` մեկ անվանակարգում:

Մրցույթին չեն կարող ներկայացվել նախկինում մրցանակ շահած գործեր: Աշխատանքներն ընդունվում են մինչև 2013 թ.-ի հունիսի 30 -ը:

Աշխատանքներն ընդունվում են Հայաստանի Կոմպոզիտորների և երաժշտագետների միության քարտուղարությունում:

Հասցե` Երևան, Դեմիրճյան 25:

Հեռ.` 52-47-02

Լրագրողների համար

Հայտարարվում է լրագրողական լավագույն հրապարակումների մրցույթ` «Մեր հավատամքը` պետականություն, միասնականություն, ազգային ինքնություն» թեմայով:

            Մրցույթին ներկայացվող հրապարակումները պետք է արտացոլեն մեր պետականության, միասնականության, ազգային ինքնության հիմնահարցերը, արտացոլեն Հայաստանի Հանրապետության հետագա հզորացման, բարգավաճման, ժողովրդավարացման ամրապնդման, քաղաքացիական հասարակության կայացման գործընթացները: Ինչպես նաև պայքարը` ազգային անվտանգությանը սպառնացող դրսևորումների, կոռուպցիայի, արտագաղթի, աղանդների դեմ:

Մրցանակային ֆոնդը կազմում է 5,5 միլիոն դրամ:

Սահմանվում են հետևյալ մրցանակները.

  1. 1.    Տպագիր մամուլ – 3 մրցանակ` 500.000 –ական դրամ
  2. 2.    Հեռուստահաղորդումներ – 2 մրցանակ`  500.000 –ական դրամ
  3. 3.    Ռադիոհաղորդումներ – 2 մրցանակ` 500.000 –ական դրամ
  4. 4.    Սփյուռքահայ  լրատվամիջոց – 2 մրցանակ` 500.000 –ական դրամ
  5. 5.    Սահմանվում է նաև հատուկ մրցանակ` Ռուսաստանի հայերի միության բազմաբնույթ գործունեությունը լուսաբանող լավագույն հրապարակումների համար` 500.000 դրամ:

Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել միայն Հայաստանի ժուռնալիստների միության անդամները:

Նախկինում սույն մրցանակին արժանացած գործերը չեն քննարկվելու:

Նյութերի ներկայացման վերջին ժամկետը 2013թ. օգոստոսի 31 –ն է:

Մրցույթի նյութերը ներկայացնել անձամբ կամ ուղարկել Հայաստանի ժուռնալիստների միություն` Երևան, Պուշկինի 3ա հասցեով /56 12 76/:

Երգչախմբերի համար

Հանրապետությունում երգչախմբային արվեստի հետագա զարգացման նպատակով հայտարարվում է երիտասարդական երգչախբերի հանրապետական փառատոն – մրցույթ:

Փառատոն-մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երիտասարդական երգչախմբերը, որոնց անդամների միջին տարիքը չի գերազանցում 35 տարին:

Փառատոն – մրցույթի ծրագիրն իր մեջ ներառում է.

ա)  Կոմիտասի խմբերգերից մեկ ստեղծագործություն

բ)  Հայ մեծանուն կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի ժողովրդական երգերի մշակումներից որևէ մի ստեղծագործություն

գ)   Երգչախմբի գեղ. ղեկավարի կողմից ներկայացված ստեղծագործություն

Ելույթի տևողությունը՝ ոչ ավելի, քան քսան րոպե:

Մայրաքաղաքում գործող երգչախմբերի համար փառատոն – մրցույթի ունկնդրումը կկազմակերպվի Երևանում, իսկ մարզերի համար` համապատասխան մարզկենտրոններում:

Հանրապետական փառատոն – մրցույթը և մրցույթի դափնեկիրների Գալա համերգը կանցկացվի 2013թ. սեպտեմբեր – հոկտեմբեր ամիսներին:

Փառատոն – մրցույթի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 4 միլիոն դրամ:

Հաղթողների համար մրցույթով սահմանվում է 3 մրցանակ, յուրաքանչյուրը` 600.000 –ական դրամ:

      Խրախուսական 3 մրցանակ` 300. 000 – ական դրամ:

            Կոմպոզիտորների համար հայտարարվում է խմբերգային մեկ ստեղծագործության (երկսեռ քառաձայն երգչախմբի համար) մրցույթ` դաշնամուրի նվագակցությամբ, որի մրցանակային ֆոնդը կազմում է 300.000 դրամ:

            Փառատոնի մասնակից երգչախումբը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.

  • Տվյալներ երգչախմբի մասին (հավաքած համակարգչով)
  • Երկու գունավոր լուսանկար 20/14 չափի
  • Ներկայացվող ծրագիրը (հավաքած համակարգչով)

Փառատոն – մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2013թ. մայիսի 30-ը:

Հասցե` Հայաստանի Երաժշտական Ընկերություն, Սայաթ – Նովա 15

Հեռ. 58 04 23, 58 95 71

Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կողմից անցկացվող «Մրցանակաբաշխություն – 2013» – ի մրցանակային ընդհանուր ֆոնդը, բոլոր մրցույթների գծով, կազմում է 65 միլիոն դրամ, որից  39 միլիոն դրամը տրամադրվում է Գիտական և ստեղծագործական աշխատանքների «Մրցանակաբաշխություն – 2013» – ի անցկացմանը, իսկ 26 միլիոն դրամը` այլ ոլորտներում իրականացվող մրցույթներին:

 

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

Մրցույթն անցկացնող կազմակերպությունները կարող են մրցույթի կազմակերպչական ծախսերի համար օգտագործել մրցանակային ֆոնդի մինչև 10 տոկոսը, իսկ Կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը, Նկարիչների միությունը և Երգչախմբային ընկերությունը, ելնելով մրցույթի կազմակերպման հետ առնչվող ոլորտի առանձնահատկություններից, մինչև 25 տոկոսը: