Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Աբովյանի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին

Մայիսի 14-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ և ներկայությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, տեղի ունեցավ Աբովյանի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությունը: Եկեղեցին, որի հիմնարկեքը կատարվել էր 2006թ. օգոստոսի 24-ին, կառուցվել է տիար Գագիկ Ծառուկյանի բարերարությամբ:

Եկեղեցու օծմանը մասնակցում էին բազում հրավիրյալներ` Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, ՀՀ ԱԺ ներկայացուցիչներ, ՀՀ կառավարության անդամներ, քաղաքական և հասարակական գործիչներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Համայն Ռուսիո Պատրիարքի առաջնորդական փոխանորդ, Վոսկրեսենսկի եպիսկոպոս Սավվայի գլխավորած պատվիրակությունը, Անդրկովկասում Պապական նվիրակ Նորին Սրբազնություն Մարեկ արքեպիսկոպոս Սոլչինսկին, ԵՀԽ Բոսեի էկումենիկ դպրոցի տնօրեն Հայր Իուան Սաուկան (Ռումին Ուղղափառ Եկեղեցի):

Նորակառույց եկեղեցու առջև Նորին Սրբությանը դիմավորեցին թեմակալ առաջնորդ Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանը և թեմի հոգևոր դասը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները: Ողջույնի արարողությունից հետո Վեհափառ Հայրապետը եկեղեցականների թափորով, օրհնելով հավաքված ժողովրդին, առաջնորդվեց Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, ուր սկսվեց տաճարի օծման հանդիսավոր կարգը:

Սաղմոսերգությանը, աղոթքներին ու շարականներին հաջորդեց օծումը, երբ Սբ. Խորան բերվեց Սրբալույս Մյուռոնը, որով և Նորին Սրբությունն օծեց եկեղեցու Սուրբ Սեղանը: Արարողությանը մասնակից Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Տավուշի թեմի առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Մայր Աթոռի վանական խորհրդի նախագահ, Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Մովսես եպիսկոպոս Մովսիսյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը,  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը, Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանն օծեցին եկեղեցու մկրտության ավազանը և բոլոր սյուները:

Հավարտ արարողության Ամենայն Հայոց Հայրապետը ներկա ժողովրդին բերեց հայրական իր պատգամն ու օրհնությունը`պատգամելով ժողովրդին բարեպաշտ ներկայությամբ, ջերմագին աղոթքով նորակառույց եկեղեցին դարձնել հավատքի պայծառությամբ լեցուն Աստծո տուն:

Նորին Սրբությունը նաև իր բարձր գնահատանքն ու օրհնությունը բերեց եկեղեցու բարերարին ու նրա ընտանիքին` հայցելով Սուրբ Հովհաննես Մկրտչի պահպանությունը նրանց ընտանիքին և բոլոր այն անձանց, որոնց ջանքերով հնարավոր եղավ Սուրբ Հովհաննես եկեղեցու կառուցումը:

Այս առիթով, հայրապետական իր գնահատանքը հայտնելով թեմի հոգևոր դասին, Վեհափառ Հայրապետն երկարամյա գովարժան գործունեության համար Առաքել Սրբազանին շնորհեց արքության պատիվ` մաղթելով նրան աննվազ եռանդ և նորանոր հաջողություններ առաջնորդական պատասխանատու առաքելության մեջ:

Վերջում նորակառույց եկեղեցուն Ամենայն Հայոց Կաթողիկոսը փոխանցեց Մայր Աթոռից բերված Ս. Հովհաննես Մկրտչի մասունքը: Նախորդ օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հատուկ արարողությամբ Մայր Աթոռի մասանց պահարանում պահվող Ս. Հովհաննես Մկրտչի մասունքն ամփոփող մասունքարանից հանվեց սրբի ոսկորից մի փոքր հատված և սաղմոսների ու շարականների երգեցողության ներքո, ներկայությամբ եկեղեցու բարերարի ընտանիքի, զետեղվեց նորակառույց եկեղեցու համար պատրաստված  խաչ-մասունքարանի մեջ:

Արարողությունն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով:  Մասունքակիր գեղեցկազարդ խաչով օրհնելով արարողության մասնակիցներին` Նորին Սրբությունը մաղթեց, որ Սուրբ Հովհաննես Մկրտչի բարեխոսությունը առ մեր Տերը օգնական լինի համայն հայ ժողովրդին, հաստատի արդար ու բարի գործերի մեջ և պարգևի շնորհը` մշտապես հավատարիմ մնալու հայրերի սուրբ հավատքին ու ավանդներին:

Օծման արարողությունից հետո եկեղեցում մատուցվեց առաջին Ս. Պատարագը: Պատարագիչն էր թեմակալ առաջնորդ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը:

50 մետր բարձրություն ունեցող շքեղակառույց  տաճարի ճարտարապետը Արտակ Ղուլյանն է, նախագծի կոնստրուկտորները՝ Հովհաննես Մեյրոյանը և Տիգրան Դադայանը: Որմնանկարների հեղինակներն են հայր և որդի Աբրահամ ու Հայկ Ազարյանները: Եկեղեցու քանդակազարդման աշխատանքներին մասնակցել է շուրջ 40 քանդակագործ և զարդագործ-վարպետ: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնեցին Մայր Աթոռ Ս Էջմիածնի տեղեկատվական ծառայությունից:

 DSC_0300

DSC_0251

DSC_0168

IMG_0603

IMG_0642

IMG_0686

DSC_0263

Scroll Up