Նախարարության ծրագրերը մեկնարկում են. սպասվում է 5000 հյուր

Տեղի ունեցավ ՀՀ վարչապետի հրամանով ստեղծված՝ ՀՀ սփյուռքի նախարարության 2014թ. «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի, Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» և «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերը համակարգող Միջգերատեսչական հանձնաժողովի 2014 թվականի անդրանիկ նիստը, որի քննարկմանն ու իրազեկմանը ներկայացվեցին ՀՀ Սփյուռքի նախարարության ընթացիկ տարվա հիշյալ ծրագրերը:  Սրանք այն առանցքային ծրագրերն են, որոնք արդեն տևական ժամանակ կյանքի է կոչում նախարարությունը՝ այս ծրագրերից յուրաքանչյուրի հայեցակարգը համապատասխանեցնելով նախարարության գործունեության գերակայություններին, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը, հայապահպանությանն ու հայրենաճանաչությանը:

 Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ցանկացած գաղափար ու հայեցակարգ կարող է արժեզրկվել,  այն չունենա ներազդման և ներգործության իր համապատասխան գործիքները, եթե չլինեն իրագործումների առավել նպատակասլաց և գործուն ձևեր և եղանակներ: Նախարարության գործունեւթյան «թիրախները» սփյուռքահայերն են, մարդիկ, որոնց համար առաջին հերթին Հայրենիքը ոգողեն արժեք ու ոգեղեն հասկացություն է, ուստի ոգեղենն ու նյութականն էլ պիտի զուգադրվեն, կազմեն մեկ ամբողջություն: Քարոզչական ու գաղափարախոսական աշխատանքները պիտի իմաստավորվեն և բեռնավորվեն այնպիսի գործելաձևերով և հստակ միջոցառումներով, որոնք կնպաստեն ինչպես վերը հիշատակված գործոններին, այնպես էլ կխորացնեն Հայրենիքի գաղափարը նրա սահմաններից դուրս ապրող ամեն մի հայրենակցի պատկերացումներում և ընկալումներում:

Սփյուռքի նախարարությունը, որպես առաջնահերթություն, դիտարկում է «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը, որն արվեստային-գեղարվեստական իրողություն լինելով, նաև դառնում է հայրենաքարոզչության հրաշալի հանգրվան: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, արժևորելով փառատոնը, ասել է.  «Հայաստանը և Սփյուռքը հզոր են միմյանցով: Հայ ժողովրդի հզորությունը աշխարհասփյուռ հայերի միասնական հզորությունն է: Սփյուռքի մշակութային բազմազանությունը համայն հայության անսպառ ներուժն է: Դիմակայե՛նք կյանքի մարտահրավերներին զորացած հոգով, նորոգված մտքով և մասնակցե՛նք հավատի, հույսի ու սիրո վրա խարսխված «Իմ Հայաստան» փառատոնին: Վստահ եմ, որ այն ազգային մշակութային յուրօրինակ հրավառություն է լինելու»:

 Նախարարը չի սխալվել, որովհետև արդեն քանի՜ տարի փառատոնը ճշմարիտ ու մեծ ազգահավաքի նախանշաններն է կրում իր մեջ, Հայաստան բերում Սփյուռքի բազմաթիվ համայնքներում ապրող հատկապես մեր երիտասարդությանը, որի համար ազգային երգը, պարը, ասմունքը դարձել են լինելության հրաշալի կռվաններ: Մեր մեծ բանաստեղծուհու պատգամը շատ վաղուց Սփյուռքում մշտաներկա գոյություն է դարձել, ամեն մի հայ փորձում է իր մայր լեզուն չմոռանալ՝ այն գլխավորապես պահելով երգի ու բանաստեղծության, ազգային պարի միջոցով, որովհետև դրանցում են ոգոեեն սավառնումներն ու անսպառ ոգորումները: Եվ փառատոնը պատասխանատվությամբ ու պարտքի մեծ գիտակցումով է իր շուրջ համախմբում բոլորին՝ հայաստանյան օրերը մեծ տոնի վերածելով: Փառատոնի բաժինները ներկայացնում են «Պարարվեստի օրերը» , «Անհատ կատարողների ելույթները» , «Խմբերգային արվեստի օրերը» և «Դուդուկի համահայկական փառատոնը»: 2014 թվականին տեղի կունենա նաև Ասմունքի մրցույթ: Աշնանը մեկնարկող Խմբերգային արվեստի օրերը կնվիրվեն ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր Հովհաննես Չեքիջյանին՝ այն հզոր հային, որը երիտասարդ տարիներին թողեց Բոսֆորի ափերին տարածված Ստամբուլը և եկավ Հայաստան, որովհետև այստեղ տեսավ ապրումի լավատեսությունը, որովհետև կամեցավ ապրել հայության միակ Հայրենիքում:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ փառատոնը տեղ է հատկացնում դուդուկին՝ մեր հինավուրց նվագարանին, որն այսօր արդեն համաշխարհային ճանաչում է ձեռք բերել: Ճիշտ է, 1980-ականներին առաջին անգամ Գյումրիում կազմակերպվեց դուդուկի փառատոն, հետո տեղի ունեցավ երկրորդը, որի ոգեշնչողը Ջիվան Գասպարյանն էր, սակայն փառատոնը տեղափոխելով Երևան, Սփյուռքի նախարարույթունն այն դարձրեց համահայկական՝ այսպիսով ընդգրկելով սփյուռքյան այն բոլոր երաժիշտներին, որոնք մեր խինդն ու ուրախությունը, մեր թախիծն ու տխրությունը ամբարում են դուդուկի կատարումներում: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում, այսօր դուդուկի դպրոցներ են ստեղծվել, ուստի հարկավոր է մեկ փառատոնի տանիքի ներքո համախմբել բոլոր մասնակիցներին և հնչեցնել դուդուկը՝ մեծացնելով նրա հանդեպ սերն ու հետաքրքրությունը:

Սփյուռքի նախարարության ծրագրերի մեջ իր առանձնահատուկ տեղն ունի «Արի տունը» , որն արդեն տևական ժամանակ իր շուրջ է համախմբում շատերին, որը դարձել է սպասված, սիրված նաև Հայաստանում: Պատահական չէ, որ ամեն տարի մեծանում է թիվը Հայաստան եկողների, իսկ Հայրենիքում սիրով են սպասում սփյուռքահայ պատանիներին: Արդեն մի շարք մարզերում նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել, առանձնացվել են այն ընտանիքները, որտեղ պիտի ապրեն մեր հայրենակիցները:  Նաև մայրաքաղաքի բնակիչներից են հայտեր ընդունվում, որոնք պատրաստ են կեցության համար ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները: Այս ծրագրի շրջանակներում պատանիները ծանոթանում են Հայաստանի տեսարժան ու պատմական վայրերին, լինում Արցախում, այցելում Մեծն Մաշտոցի գերեզմանին, իսկ երկշաբաթյա հանգիստն ավարտում ճամբարային հնգօրյա կեցությամբ: Եթե որևէ մեկը գրի առնի այն մտքերը, որոնք արտաբերում են Հայաստան այցելող պատանիները, ապա մի քանի հատոր կկազմեն սիրո զեղումները, Հայրենիք դառնալու անկեղծ խոստումները: Ուրեմն, միանգամայն նպատակային է այս ծրագիրը, որովհետ երկիր են կանչում ոչ թե կոչերով, այլ նրա կերպարին մերձ պահելով:

«Սփյուռք» ամառային դպրոցը ևս այն ծրագրերից է, որն արդեն իր ավանդույթներն է ձևավորել: Մի հետաքրքիր փաստ. յուրաքանչյուր տարի ավելանում է հայտատուների թիվը, ուստի նախարարությունը ստիպված է լինում ճշգրտումներ մտցնել, փոխել նախնական հայտերի թիվը: Հայրենիք են ձգտում շատերը, հայրենիքում վերապատրաստում են կամենում անցնել սփյուռքահայ ուսուցիչները, լրագրողները, երիտասարդ առաջնորդները…

Շուտով կմեկնարկեն Սփյուռքի նախարարության ծրագրերը: Շուտով Հայաստանյան ճամփաներով կանցնեն մեր հայրենակիցները՝ հմայվելով Արարատով, Խոր Վիրապով, հավատալով, որ որ երկրում էլ ապրեն՝ իրենց թիկունքին հավերժամնա Հայաստանն է:

ՀՀ սփյուռքի նախարարության 2014թ. ծրագրերին մասնակցելու համար սպասվում է շուրջ 5000 հյուր Սփյուռքի տասնյակ համայնքներից:

Լևոն Մութաֆյան

Scroll Up