«Փոսի» անգլիական դպրոցից մինչեւ Գլենդելի քաղաքապետարան. հարցազրույց նորանշանակ քաղաքապետ Զարեհ Սինանյանի հետ. News.am

Գլենդելի նորանշանակ քաղաքապետ Զարեհ Սինանյանը ծնվել է Երեւանում, սակայն արդեն 14 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել ԱՄՆ մշտական բնակության: NEWS.am-ի թղթակիցը զրուցել է նրա հետ:

Պարոն Սինանյան, որտեղի՞ց են Ձեր արմատները, եւ ինչո՞ւ Ձեր ընտանիքը 1988թ.-ին որոշեց տեղափոխվել ԱՄՆ:

Հայրս ծնվել է Ստամբուլում, 1946թ.-ին հայրենադարձվել են ընտանիքով եւ հաստատվել Երեւանում: Մայրական կողմս Թալին քաղաքից է, իսկ արմատներով արդեն մշեցի են: Իսկ ԱՄՆ տեղափոխվեցինք 1988թ. մայիսին, քանի որ հայրս ու մայրս չէին հաշտվում կոմունիստական հասարակարգի հետ: Չնայած մենք լավ կենսամակարդակ ունեինք Խորհրդային Հայաստանում, այնուամենայնիվ, ծնողներս որոշեցին, որ ես ու քույրս ազատ հասարակարգում մեծանանք, եւ ինքներս որոշենք, թե որտեղ ենք ապրելու:

Արդյո՞ք հեշտ էր 14-ամյա տղայի համար ԱՄՆ-ում ապրելը: Չէ՞ որ Խորհրդային Հայաստանում այլ բարքեր էին:

Սկզբից շատ դժվար էր, բոլորը ծնողներիս ասում էին՝ մոռացեք ձեր մասնագիտությունն ու պաշտոնները, այդ ամենը մնացին Հայաստանում: Այստեղ պետք է լինեք ոսկերիչ կամ ինչ-որ այլ շաբլոն մասնագիտություն ձեռք բերեք: Իսկ իմ ծնողները բարձրակարգ մասնագետներ էին, շատ վստահ ու նպատակասլաց: Արդյունքում, ծնողներս մոտ 25 տարի աշխատեցին աշխարհի ամենամեծ ինժեներական ընկերություններից մեկում: Իսկ իմ դեպքում… գիտեք՝ ամեն ինչ համեմատական է: Ծնողներիս հետ համեմատելով՝ շատ հեշտ էր: Սակայն նույնիսկ 14 տարեկանում ես շատ կապված էի Հայաստանի հետ եւ հոգեբանորեն ինձ համար շատ ավելի դժվար էր հարմարվելը: Իմ բախտից մենք հաստատվեցինք Բուրբանկ քաղաքում, որտեղ ընդամենը 10-15 հայ կար, իսկ մյուսները բնիկներ էին: Այնպես որ հաստատ պրոցեսը շատ արագ տեղի ունեցավ:

Պարոն Սինանյան, ի՞նչ կրթություն եք ստացել:

Սովորել եմ Երեւանի թիվ 172 դպրոցում՝ «Փոսի անգլիական» եւ Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցում: Այնուհետեւ ավարտել եմ Բուրբանկ քաղաքի միջին եւ ավագ դպրոցները: UCLA համալսարանում ստացել պատմագիտության եւ քաղաքագիտության բակալավրի կոչում, իսկ այնուհետեւ արդեն ավարտել Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Ավարտելուց հետո որոշ ժամանակ աշխատել եմ Վաշինգտոնի թանկարժեք պարտատոմսերի շուկան վերահսկող մարմնում եւ այնտեղ էլ ներգրավվեցի հայկական լոբբիստական ընկերություններից մեկում:

Իսկ ինչպե՞ս քաղաքագիտությունից անցում կատարեցիք քաղաքականություն:

1998թ.-ի վերջում հաստատվեցինք Գլենդելում, եւ իմ համալսարականա ընկերոջ՝ Արտաշես Քասաղյանի խնդրանքով ներգրավվեցի Հայ Դատի աշխատանքներին՝ սկսելով «շարքային» զինվորից, ավարտելով Արեւմտյան ափի խորհրդի անդամով: Այս 12 տարիներին շատ ակտիվ էի համայնքում: Պաշտպանում էի ոչ միայն Հայաստան եւ Արցախի շահերը, այլեւ օգնում էի տեղի հայությանը: Մինչեւ որ 2012թ.-ին խորհրդականներիս հետ որոշեցինք, որ կարող եմ հաղթել 2013թ.-ի ընտրություններին: Եվ համաձայնվեցի թեկնածությունս դնել:

Պարոն Սինանյան, մի քանի օր առաջ ընտրվել եք Գլենդելի քաղաքապետ: Հե՞շտ է այս պաշտոնում աշխատել:

Ակեղծորեն ասեմ՝ շատ դժվար է, չգիտեմ՝ նույնիսկ որտեղից սկսեմ: Ես այս պաշտոնը համեմատում եմ գլադիատորական կռիվների հետ: Մթնոլորտը շատ խիստ քաղաքականացված է, հատկապես ռասիստական տրամադրություններով: Հակառակորդները միշտ հայկական համայնքի ներսում գտնում են գժտություն մտցնող ուժերի եւ նրանց օգտագործում մեզ բաժանելու նպատակով: Եվ այս պայմաններում ես պետք է միշտ ինքս ինձ հիշեցնեմ, որ ես պարտավոր եմ ծառայել ոչ միայն 85 հազար հայերին, այլեւ մնացած 115 հազարին: Սա քաղաքական բարդություններն են, իսկ ամենացավալին ինձ համար այն է, որ չեմ կարողանում բավականին ժամանակ տրամադրել չորս երեխաներիս: Սա է ամենամեծ կորուստը:

Իսկ պարոն Սինանյան, ի՞նչ եք կարծում՝ տեղի հայերի համար առավելություն է արդյոք, որ քաղաքապետը հայ է:

Այո, մի քանի իմաստով: Հոգեբանորեն առավելություն է, որովհետեւ իրենք պարզապես հպարտության զգացում են ապրում՝ զգալով որ իրենք կարող են, իրենք արժանի են, եւ որ իրենք են ընտրել իրենց ղեկավարին: Իսկ շոշափելի արդյունքն այն է, որ իրենք արդեն զգում են հայ քաղաքապետ ունենալն իրենց ամենօրյա կյանքում:

Պարոն Սինանյան, այս տարիներին Հայաստան եկե՞լ եք:

Այո, ամառները գալիս էի եւ փորձում ժամանակս արդյունավետ օգտագործել: Կամավոր սկզբունքով աշխատում էի այստեղ, այնտեղ: Աշխատել եմ այն ժամանակվա Գերագույն խորհրդում, նախագահականում: Նախագահի ազգային հարցերով խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի մոտ եւ այլն:

Հնարավո՞ր է Գլենդելի քաղաքապետը մի օր վերադառնա Հայաստան եւ այստեղ քաղաքականությամբ զբաղվի:

Ես մտադիր եմ առնվազն եւս մեկ անգամ վերընտրվել այս պաշտոնում: Այսինքն հաջորդ 7 տարիներին ծառայելու եմ Գլենդել քաղաքին: Այլ հարցերի կամ հնարավորությունների մասին չեմ ուզում մտածել:

news.am

Scroll Up