ՄԵԾ ՊԱՀՔ. «ԴԱՏԱՎՈՐԻ ԿԻՐԱԿԻ»

«Աղօթքը սանդուղք է երկրից մինչեւ երկինք, լոյս է խաւար ճանապարհին, մնայուն պաշար է մշտնջենաւոր կեանքի համար» (Վարդան վարդապետ Այգեկցի)

Մեծ պահքի Ե(5-րդ) կիրակին կոչվում է Դատավորի կիրակի` ավետարանական հայտնի առակի անունով («Անիրաւ դատաւորի եւ այրի կնոջ առակը» Ղուկ. ԺԸ 1-8): Այն նվիրված է աղոթքի գաղափարին, ավելին` ճշմարիտ ու հարատև աղոթքի գաղափարին:

Հայտնի է, որ աղոթքը մարդու` Աստծո հետ հաղորդակցության, մարդ-Աստված հարաբերության գլխավոր միջոցն է: Աղոթքը կրոնի հոգին է, ուղնուծուծը, կյանքը, և անհնար է պատկերացնել կրոնն առանց աղոթքի:

 «Հոգևոր կյանքը և աղոթքը գրեթե նույնն են, ինչպես ընտանեկան կյանքը և սերը,– գրում է Շնորհք պատրիարք Գալուստյանն իր «Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան« գրքում:- Ըստ այսմ` առանց աղոթքի քրիստոնյան թռչուն է առանց թևի, ձուկ` առանց լողակի»: Այդ իսկ պատճառով Ավետարանում զորավոր շեշտ է դրված աղոթքի վրա: Մեր Տերը թե´ Իր խոսքով, թե´ կյանքով մշտապես հաստատել է դրա կարևորությունը:

Ավետարաններում բազմաթիվ հիշատակություններ կան, երբ Հիսուս Ինքը աղոթում էր «անդադար», «ամբողջ գիշեր», չնայած որ Նա դրա կարիքը չուներ և այդ անում էր առավելաբար մե´զ ուսուցանելու համար «Հոգով և ճշմարտությամբ աղոթելու» գաղտնիքը: Այս կիրակիի խորհուրդը լավագույնս ըմբռնելու համար դարձյալ ներկայացնում ենք ծաղկաքաղ հատվածներ Պոլսո երջանկահիշատակ պատրիարք Շնորհք Գալուստյանի «Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան» գրքի` այս անգամ Դատավորի կիրակիին նվիրված գլխից, որը, ինչպես ասվեց, խորհրդանշում է ճշմարիտ, հարատև ու անձանձրույթ աղոթքը:

Ինչպես պետք չէ աղոթել

Ավետարանն այս մասին բացահայտ թելադրանք ունի: Նախ ասում է, որ ցուցադրելու, երևալու համար չպետք է աղոթել: Հիսուսը սովորեցնում է. «Եւ երբ աղօթես, չլինե´ս կեղծաւորների նման, որոնք սիրում են ժողովարաններում եւ հրապարակների անկիւններում աղօթքի կանգնել, որպէսզի մարդկանց երեւան.Ճշմարիտ եմ ասում ձեզ, ա´յդ իսկ է նրանց վարձը» (Մատթ. Զ 5), այսինքն` ցուցադրելու համար աղոթողների վարձը մարդկանցից գնահատվելն է, իբրև թե աղոթասեր են: Իսկ Աստծուց ո´չ վարձ, ո´չ էլ պատասխան են ստանում, քանի որ նրանց նպատակն Աստծուն աղոթելը չէր, այլ մարդկանց աղոթող երևալը: Հիսուսն Իր հետևորդներին զգուշացնում է նաև աղոթքի մեկ ուրիշ սխալ ձևից: «Աղօթք անելիս,- ասում է,- շատախօս մի´ լինէք ինչպէս հեթանոսները, որովհետեւ նրանք կարծում են, թէ իրենց շատ խօսքերի պատճառով լսելի կը լինեն: Արդ, նրանց չնմանուէ´ք, որովհետեւ ձեր Հայրը գիտէ, թէ ինչ է ձեզ պէտք, նախքան որ դուք Նրանից մի բան ուզէք» (Մատթ. Զ 7-8): (Տիրոջ այս պատգամը չի վերաբերում հավաքական աղոթքներին` ժամերգություն, պատարագ, որոնք կարող են ժամեր տևել, այլ Հիսուսի խոսքերն այստեղ բացառապես առանձնական աղոթքին են վերաբերում – Հ. Կ): Այն, ինչը Հիսուս դատապարտում է, դատարկ, եսասեր ու տգետ շատախոսությունն է և ոչ երբեք ժամերով վերացած ու տարված աղոթելը, ինչը կարող է «հոգով ու ճշմարտությամբ» լինել: Հիսուս Ինքն էլ երբեմն ժամերով աղոթել է. «Լեռ բարձրացաւ աղօթելու եւ ամբողջ գիշերն անցկացրեց Աստծուն աղօթելով» (Ղուկ. Զ 12):

Ինչպես պետք է աղոթել

Ավետարանում այս մասին էլ բացահայտ թելադրանքներ կան: Նախ`աղոթքը պետք է մարդկանց հետ հաշտված հոգեվիճակով լինի: «Եթէ սեղանի վրայ քո ընծան մատուցելու լինես եւ այնտեղ յիշես, թէ քո եղբայրը քո դէմ մի ոխ ունի, քո ընծան թո´ղ սեղանի առաջ եւ գնա´ նախ հաշտուի´ր քո եղբօր հետ եւ ապա եկ քո ընծան մատուցիր» (Մատթ. Ե 23):  «Ընծա մատուցելը» հին հրեաների համար այն էր, ինչ այսօր մեզ համար «սբ. Պատարագ մատուցելը» կամ որևէ պաշտամունքի մասնակցելն է: Բացի այս, երբ մեր Տերը «Հայր մեր»-ն է սովորեցնում, հատկապես ծանրանում է նրա «թո´ղ մեզ մեր պարտքերը, ինչպես և մենք ենք թողնում մեր պարտապաններին» խոսքի վրա:

Աղոթքը պետք է նաև «հոգով և ճշմարտությամբ կատարել»: Մի անգամ Հիսուսն ասաց. «Աստված Հոգի է և, հետևաբար, Նրան պետք է հոգով ու ճշմարտությամբ պաշտել»: Սա Հիսուսի անմրցելի խոսքերից մեկն է, որը մի նոր դարաշրջան է բացում կրոնի և պաշտամունքի հասկացության մեջ:

Աղոթել հարատև, ամեն ժամ և անձանձրույթ

Այս կետում մտնում ենք այն առակի տիրույթներից ներս, որից կիրակին վերցրել է իր անունը:Վերհիշենք առակը.

Մի առակ էլ ասաց նրանց այն մասին, թէ նրանք ամէն ժամ պէտք է աղօթեն ու չձանձրանան: Ասաց. «Մի քաղաքում մի դատաւոր կար. Աստծուց չէր վախենում եւ մարդկանցից չէր ամաչում: Եւ նոյն քաղաքում մի այրի կար, որ գալիս էր նրա մօտ եւ ասում. իմ ոսոխի դէմ իմ դատը տես: Եւ դատաւորը երկար ժամանակ չէր ուզում. դրանից յետոյ իր մտքում ասաց. թէեւ Աստծուց չեմ վախենում եւ մարդկանցից չեմ ամաչում, բայց այն բանի համար, որ այրի կինը ինձ յոգնեցնում է, նրա դատը տեսնեմ, որպէսզի անընդհատ չգայ եւ ինձ չանհանգստացնի»: Եւ Տէրն ասաց. «Լսեցէ´ք, թէ ինչ էր ասում անիրաւ դատաւորը: Իսկ Աստուած արդարութիւն չի՞ անի Իր այն ծառաներին, որոնք գիշեր եւ ցերեկ աղաղակում են. եւ նրանց հանդէպ միայն համբերատա՞ր կը լինի: Այո´, ասում եմ ձեզ, նրանց իսկոյն արդարութիւն կանի. իսկ երբ մարդու Որդին գայ, արդեօք երկրի վրայ հաւատ կը գտնի՞» (Ղուկ. ԺԸ 1-8):
Անգամ ասելն ավելորդ է, որ դատավորն Աստծուն չի ներկայացնում: Դատավորը, նախորդ կիրակիի առակում հիշված տնտեսի նման, «այս աշխարհի որդի» է, ով գիտի իր գործերը անձնական շահի համաձայն դասավորել: Նրա ձեռքում դատավարությունը մի միջոց էր դրամ շահելու և ոչ` արդարություն իրականացնելու: Այս առումով անիրավ դատավորը Աստծո հակադիրն է: Այս առակը ցանկանում է ասել, որ եթե Աստծո հակադիրն անգամ ի վերջո զիջեց ինչ-որ այրու թախանձանքներին, Աստված, Ով բարության մարմնացումն է, մի՞թե չի լսի ձեր աղոթքները:

Ինչու՞, սակայն, մեր աղոթքները երբեմն չեն «լսվում»: Առաքյալներից մեկն իրեն հատուկ կտրուկ և մասամբ ստոիկյան պարզությամբ փորձում է այս հարցին պատասխանել. «Խնդրում  էք եւ չեք ստանում, որովհետեւ չարամտօրեն էք խնդրում» (Հակ. Դ 3): «Չարամտորեն խնդրել» նշանակում է Աստծուն դիմել չար, եսասիրական ու աշխարհիկ նպատակներով: Բնականաբար, չի կարելի դրանց պատասխան սպասել բարի, մարդասեր և Հոգի Աստծուց…

Ամբողջ Նոր Կտակարանը ծայրից ծայր հաստատում է աղոթքի մեջ հարատևության անհրաժեշտությունը, մինչևիսկ նեղ և անկարելի նկատված կացություններում:

Աստված երբեմն ուշացնում է մեր խնդրանքներին ընթացք տալը, որպեսզի ժամանակը մեր մտածումները մաքրի դրանց պարունակած զուտ մարդկային տարրերից, եսասիրությունից, շահասիրությունից ու փառասիրությունից: Աստված մեր աղոթքների պատասխանը հաճախ ուշացնում է, որպեսզի մեր առողջ ու բարի փափագներն ավելի զորանան և արմատ բռնեն մեր մեջ, իսկ անօգուտներն ու վատառողջները մշուշի նման աղոտանան ու անհայտանան: Երբեմն էլ ուշացնում է` փորձելու համար մեր հարատևությունը և հավատքի ուժգնությունը: Աստված ու շացնում է մեր աղոթքների կատարումը, որպեսզի, ի վերջո, կարողանանք տեսնել մեր որոշ խնդրանքների անհեթեթ և անհիմն, իսկ որոշների էլ` մեր իսկ ձեռքով իրականանալի լինելը…

Ուրեմն` մամոնայի, մեզ ընծայված կյանքի, ժամանակի և պատեհությունների բարվոք ու հավատարիմտնօրինման հետ հարատև  ու թախանձագին աղոթքը հիմնական պայմաններից է այն հոգեվիճակն ու դիրքը պահելու, որին տիրացել է զղջացող, ապաշխարող և դարձի եկող մարդը: Առակի եզրակացնող մասի վերջին տողը կնքում է այս կիրակիի խորհուրդը` մատնանշելով այն էական պայմանը, առանց որի աղոթքը երբեք իր նպատակին չի կարող ծառայել: Այդ էական պայմանը հավատքն է. «Իսկ երբ մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞»:

Շարական Դատավորի կիրակիի

Ճշմարիտ պատվիրանն ավանդեցիր Եկեղեցուդ, Քրիստո´ս, թե միշտ պետք է անսահման ժամանակով հոգով և մտքով աղոթել Աստծուն:
Օրենքիդ խոսքը գործովդ հաստատեցիր, երբ ամբողջ գիշերն Աստծուն աղոթելով անցկացրիր` իբրև մեզ օրինակ, երբ հատուկ տնօրինությամբ մեր բնությունն էիր առել, Որիդ առաջ իջնում են բոլոր ծնկները:

Ուստի մենք էլ Քեզ ենք պաղատում, Քրիստո´ս,  շնորհի´ր, որ ամբողջ ժամանակ Քեզ մաքուր աղոթքով ներկայանանք` երկնքի անմարմին էակների նման:

Աստվածածնի` անապական Քո Ծնողի աղաչանքով, Քո ողորմածությամբ բա´ց մեր հոգու աչքերը, Քրիստո´ս, որպեսզի կարողոնանք նայել Քո լույսին:

Պատրաստեց   Հայկ   ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

Scroll Up