Մեր ռեժիսուրայի ապրող դասականը` Գրիգոր Մկրտչյան

Ծննդյան 90-ամյակի առթիվ

«Ես երբեք կռվազան չեմ եղել, ստեղծագործական վեճերի մեջ չեմ մտել այս կամ այն ռեժիսորի հետ: Բայց ինձ շատ են նեղացրել: Չեմ ուզում անուններ տալ, որովհետև չեմ ուզում դավաճանել իմ էությանը… Ես ինձ լավ եմ զգում, որովհետև միշտ պահպանել եմ իմ ստեղծագործական անհատականությունը, չեմ փոխվել՝ նրանց հաղթելու կամ չհաղթելու համար: Կյանքս այդ իմաստով խաղաղ է անցել: Եթե ինչ-որ անհամաձայնություններ ու վեճեր էլ եղել են, դրանք վերաբերել են հստակ արտահայտված ստեղծագործական գործընթացին, թատերախմբի ստեղծագործական հնարավորություններին: Շատ են փորձել ինձ խեղճացնել, մղել հետին պլան: Երբ նայում եմ հետ, ինձ թվում է՝ իմ հոգեկան հանգստությունը սկզբնական շրջանում ավելի նորմալ էր, ավելի ճիշտ էր: Այդ տարիներին խաղաղ ստեղծագործական ընթացք ունեի: Նաև Գյումրու հանդիսատեսն էր շատ լավը, նրանց ծափահարություններով կարելի էր դատել ներկայացման հաջողության մասին: Բայց տարիների հետ ամեն բան ավելի սրվեց, Երևանում աշխատելու ժամանակ դրսից հարվածները շատ էին: Եվ հարվածողների դեմ պետք էր պայքարել: Մեկը չէր, երկուսը չէր, շատ էր դժվար: Ստեղծագործական խնդիրներ եմ ունեցել Սունդուկյան թատրոնում: Բայց ես էլի կարողացա հավատարիմ մնալ ինքս ինձ, կռվազան չդարձա, թեև պատերազմ տեսած, Հայրենական պատերազմում կռված մարդ եմ (ի դեպ, վերջերս` հաղթանակի տոնի առթիվ, Բաղրամյանի անվան մեդալի արժանացա): Այնուամենայնիվ, ինձ երջանիկ եմ համարում, որ տասնամյակներ շարունակ աշխատել եմ թատրոնում ու հիմա էլ ծառայում եմ թատրոնին՝ կրթելով մասնագետներ թատրոնի և կինոյի համար: Թատրոնը շատ լավ տեղ է, բայց պետք է արժևորվի նրա դերն ու նշանակությունը և՛ քաղաքի, և՛ թատերական կյանքի պատմության մեջ»-  այսպես է մի առիթով արտահայտվել իր մասին մեր ժամանակների մեծագույն հայ բեմադրիչներից մեկը` Գրիգոր Մկրտչյանը, ով 1960-ին ստանալով ՀՍՍՀ վաստակավոր արտիստի կոչումը` այնուհետև երբեք չի գնահատվել, չի արժանացել կոչումների ու պարգևների, չնայած նա հատկապես 1980-ականների սկզբներին համարվեց նորարարական շարժումների ոգեշնչողը, առաջիններից մեկը` դիմեց շեքսպիրյան բեմադրությունների մեթոդաբանական սկզբունքների վերանայմանը:

Գրիգոր Մկրտչյանի ծննդավայրը Թիֆլիսն է, որտեղ էլ ստացել է իր կրթությունը, մասնակցել Երկրորդ աշխարհամարտին: Ի սկզբանե որոշել էր բեմադրիչ դառնալ, հրապուրվել էր թատրոնով և կինոյով, մինչդեռ պատերազմը խառնշտեց նրա հաշիվները, պարտադրեց քայլել ռազմաճակատային «թատերաբեմում»: Պատերազմից հետո եկավ Երևան ու ընդունվեց թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժին: Արվեստանոցի ղեկավարը նշանավոր պրոֆեսոր, Սունդուկյանի անվան թատրոնի հիմնադիր Լևոն Քալանթարն էր, մի ականավոր անհատականություն, ով եղել էր Նիկողայոս Մառի արշավախմբում, Թիֆլիսում հիմնել առաջին հայկական փորձարարական` «Որոնումների» թատրոնը: Արվեստանոց ընդունվածների թիվը մեծ չէր. Հենրիկ Մալյան, Ղազար Նազարյան, Երվանդ Մանարյան, Մերի Օհանյան, Գրիգոր Մկրտչյան… Բարեբախտաբար, այսօր շատերն են ապրում` իրենց ներկայությամբ իսկ դառնալով ժամանակների ինքնատիպ տարեգիրները: Իր ավարտական ներկայացումը Գրիգոր Մկրտչյանը կյանքի կոչեց Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնում: Այստեղ մի կարճ շրջան աշխատելուց հետո տեղափոխվեց Լենինականի Ասքանազ Մռավյանի անվան թատրոն (այժմ` Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոն), իսկ թատրոնի գլխավոր բեմադրիչ Արտաշես Հովսեփյանի հեռանալուց հետո ստանձնեց թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը` այս շրջանում ստեղծելով մի շարք բեմադրություններ, որոնք իրենց գեղարվեստական նշանակությամբ դուրս եկան այս թատրոնի սահմաններից և դարձան երևույթներ ազգային թատրոնի պատմության մեջ: Այս շրջանում բեմադրիչը ստեղծեց Վ. Հյուգոյի «Մարիա Թյուդոր» , Ա. Օստրովսկու «Անօժիտը» , Բալզակի «Քեռի Ռուժեի ժառանգությունը» , Ա. Սալինսկու «Թմբկահարուհին» , Ա. Արբուզովի «Իրկուտսկյան պատմություն» պիեսների բեմադրությունները, որոնցով գոյավորվեց թատերական մտածողության մի նոր տեսակ:

Գրիգոր Մկրտչյանի «Իրկուտսկյան պատմությունը» դարձավ 60-ականների սկզբի ամենանշանավոր բեմադրություններից մեկը: Խորհրդային թատրոնում նշանավոր դարձած այս պիեսը, որի գործողությունները կատարվում են Բրատսկի հիդրոկայանի շինարարությունում, ունեցավ բազմաթիվ բեմադրություններ, ժամանակի թատերական միտքը հատկապես արժևորեց Մոսկվայի Վախթանգովի անվան ակադեմիական թատրոնում Եվգենի Սիմոնովի բեմադրությունը` Միխայիլ Ուլյանովի և Յուլիս Բորիսովայի դերակատարումներով, սակայն Գրիգոր Մկրտչյանի բեմադրությունը ոչ միայն չմոռացվեց այս շարքում, այլև համարվեց ամենաինքնատիպներից մեկը` մասնավորաբար բեմադրության մեջ առկա գրաֆիկական լուծումների ինքնատիպությամբ: Հենց այս բեմադրությունն էլ առիթ դարձավ, որ Գրիգոր Մկրտչյանը հրավիրվի Սունդուկյանի անվան թատրոն, այստեղ բեմադրի «Բրոուդիի ամրոցը» , « Դոն Քիշոտ» պիեսները, ապա ձեռնամուխ լինի Սուխովո-Կոբըլինի «Դատական գործին» , որի բեմադրությունն էլ սկիզբ դրեց հակասություններին  նրա և մեծն Վարդան Աճեմյանի միջև:

Սունդուկյանի անվան թատրոնից Գրիգոր Մկրտչյանը հեռացավ` ընդամենը մեկ բեմադրություն իրականացնելով Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: Նրա բեմադրած Դ. Պսաֆաասի «Պահանջվում է ստախոս» ներկայացումը մոտ երեսուն տարի պահպանվեց թատրոնի խաղացանկում, այն զարդարեց հայ մեծանուն կատակերգակ Կարպ Խաչվանքյանի խաղացանկը, նոր դափնիներ բերեց նրան: Մոտ տասը բեմադրություններ անելով դրամատիկական թատրոններում և աշխատելով միայն Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում՝ Գրիգոր Մկրտչյանը ունեցավ հրաշալի ուսանողներ` Վլադիմիր Քոչարյան, Սուրեն Բաբայան, Վալերինա Ստեփանյան, Գոհարինե Տրդատյան-Նժդեհ, Գարուշ Հարյանց, Լևոն Մկրտչյան, Դավիթ Մկրտչյան… Շատերն էին զարմանում, որ նա կարողանում էր մնալ ինստիտուտի պատերի ներսում, բեմադրություններ անել ուսանողների հետ` չմղվելով դեպի մեծ բեմ:

Սակայն գերագույն ճիգեր էր պետք` դիմակայելու գայթակղությանը, չգնալու թատրոն: Ի վերջո  թատրոնը հաղթեց: 1977-ին նրան խնդրեցին նորից վերադառնալ Գյումրի և ղեկավարել այն թատրոնը, որն իր ստեղծագործական կենսագրության անկապտելի մասն էր դարձել: Չորս տարի աշխատեց Գյումրու թատրոնում, բեմադրեց Թ. Ուիլյամսի «Ապակե գազանանոց» , Ն. Գոգոլի «Ռևիզոր» , Վ. Շեքսպիրի  «Տիտոս Անդրոնիկոս» պիեսները: Սրանք դարակազմիկ բեմադրություններ էին, հայ թատրոնի նորագույն ձեռքբերումները: «Տիտոս Անդրոնիկոսի» մասին հիշում է.  «Ես ունեի ընտրության հնարավորություն, և բարեբախտաբար Հենրիկ Սևանն այդ պիեսը թարգմանել էր հայերեն: Լավ ներկայացում էր ստացվել: ԽՍՀՄ տարբեր քաղաքներից, այդ թվում և Բաքվից, մոտ 40 քննադատ եկել են Գյումրի, նայել ներկայացումը և հիացած ելույթներ ունեցել: Հետո թատերագետ Լևոն Մութաֆյանը որոշ ելույթներ թարգմանեց ու տպագրեց «Սովետական արվեստ» ամսագրում: Այդ ներկայացումով Երևանում մասնակցեցինք շեքսպիրյան փառատոնին ու մրցանակի արժանացանք: Մի շատ լավ դերասան կար՝ Վազգեն Հակոբյան, որը բացահայտվեց հենց այս ներկայացման շնորհիվ: Ես պահում եմ այդ բեմադրության առթիվ լույս տեսած թատերախոսականները, որոնց հեղինակները նշանավոր շեքսպիրագետներ էին: Հիմա կարդում եմ և զարմանում, թե ինչպես էին նրանք կարողացել ընկալել իմ մտահղացումն ու բեմադրական այն սկզբունքը, որը ես էի առաջարկել»: Այս բեմադրության մեջ Գրիգոր Մկրտչյանը դիմել էր սիմվոլիկ և մետաֆորային լուծումների, «արյունալի դրամայից» եկել դեպի բարդ փիլիսոփայական դրաման: ԽՍՀՄ-ում առաջինը Գրիգոր Մկրտչյանն էր բեմադրում շեքսպիրյան այս երկը` Լոնդոնում Պիտեր Բրուքի իրականացրած ոչ նշանավոր բեմադրությունից հետո ցանկանալով գտնել և արմատավորել որոշակի բեմադրական սկզբունքներ, լուծումներ, յուրովի մեկնաբանել շեքսպիրյան բարդագույն երկերից մեկը, որի բարդությունը պարփակված է ոչ այնքան գեղարվեստական հղացման ու կոմպոզիցիայի մեջ, որքան սյուժետային գծի, որը հյուսված էր միստերիաների սկզբունքով` էապես հեռացած լինելով Շեքսպիրի  «մեծ ողբերգությունների» փիլիսոփայական ընդհանրացումներից, կերպարների խորքային դրսևորումներից, սյուժեի զարգացման և կոնֆլիկտի հանգուցալուծման առանձնատիպությունից:

1982-ին  Գրիգոր Մկրտչյանը ձեռնամուխ եղավ Չինգիզ Այթմատովի «Եվ դարից երկար ձգվում է օրը» վեպի բեմադրությանը, սակայն նորից նրան խանգարեցին կուսակցական աստիճանավորները, նորից չարության ու նախանձի պատերը սկսեցին նեղել նրան: Թողեց ու հեռացավ` այլևս առմիշտ չկամենալով հանդիպել նրանց, ովքեր միշտ խանգարել են իրեն: Երևանում հիմնադրեց հեռուստաթատրոնը` որպես սեփական դերասանախումբ ունեցող կառույց, այստեղ բեմադրեց Լ. Պիրանդելոյի «Մերկ կյանքը» , Գ. Դևրիկյանի «Մաքառումը» , ապա իր գլխավորած թատերախմբի հետ կյանքի կոչեց Պիրանդելոյի «Հենրիխ Վեցերորդը» , իսկ հետո էլ, խանդավառված Հենրիկ Իգիթյանի առաջարկությամբ, հիմնադրեց «Մետրո» թատրոնն ու… հեռացավ թատերական ինստիտուտ…  «Հրաշալի ուսանողներ ունեմ: Տասներկու հոգի են: Բոլորին անչափ սիրում եմ, նրանք շատ կարևոր տեղ են զբաղեցնում իմ կյանքում: Մեկ-երկուսը չափազանց տաղանդավոր են: Օրինակ, ուսանողներիցս մեկը՝ Դավիթը, և՛ լավ ռեժիսոր է, և՛ հետաքրքիր մտածելակերպ ունի, և՛ դերասանների հետ աշխատելու բացառիկ ունակություն, և՛ բազմաժանր հակումների տեր է, և՛ լավ է զգում ժամանակի շունչը: Նա ունի ռեժիսորական բարձր տվյալներ, հարցն այն է, թե ինչպես դրանք կօգտագործի, ինչպես կաճի: Կա նաև մի աղջիկ՝ Գոհարը, որը շատ հետաքրքիր մտածողություն ունի: Հասկանո՞ւմ եք, ուսանողներն իրենք պիտի իրենց ստեղծեն: Ինստիտուտը միայն կարող է օգնել, բայց չի կարող ռեժիսոր պատրաստել, եթե ինքը՝ ուսանողը, ոչ միայն տվյալներ չունի, այլև չի ուզում սովորել: Իսկ հայ թատրոնի զարգացումների մասին խոսելը դժվար է, որովհետև հիմա խառը վիճակ է: Թատրոնը խաղ է, որի միջոցով մարդը կարողանում է իր հոգեվիճակը, զգացողությունները, իղձերն արտահայտել: Հիմա մերոնք այդ խաղը չեն զգում: Ոմանք ասում են, թե թատրոնը մեռնում է: Թատրոնը երբեք չի կարող մեռնել, որովհետև թատրոնի արտահայտչամիջոցը մարդն է, մարդ-դերասանը: Քանի դեռ մարդ-դերասանը կա, թատրոնը չի մեռնի: Թատրոնը մարդու հետ ծնվել է, մարդու հետ էլ կմահանա: Բայց դժբախտությունն այն է, որ հիմա թատրոնով կապիտալ են դիզում: Ոչ թե քաղաքական, սոցիալական, բարոյական խնդիրներ են բարձրացնում, այլ ընկել են փողի հետևից ու դերասաններին էլ ընտրում են ոչ թե ըստ տաղանդի, այլ ըստ ֆիզիկական տվյալների, հատկապես կանանց դեպքում: Այս պատճառով էլ թատրոնը կորցնում է իր հասարակական նշանակությունը»- իր վերջին արվեստանոցի մասին ասում է Գրիգոր Մկրտչյանը:

Հիմա Գոհարը` Գոհար Փոքրիկյանը, արդեն մի քանի ճանաչված բեմադրությունների հեղինակ է, բոլորին զարմացնում է Սամսոն Մովսիսյանը իր բացառիկ գեղարվեստական մտածողությամբ…

Հայ թատրոնի ապրող դասականը նշում է իր ծննդյան 90-ամյակը՝ առանց աղմուկի, առանց հանդիսավոր միջոցառումների…

Լևոն Մութաֆյան

 

Scroll Up