ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայ Կաթողիկե Եկեղեցու Եգիպտոսի թեմի առաջնորդ Գերապայծառ Տ. Գրիգոր եպիսկոպոս Օգոստինոս Գուսանին

Մարտի 31-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց  Հայ Կաթողիկե Եկեղեցու Եգիպտոսի թեմի առաջնորդ Գերապայծառ Տ. Գրիգոր եպիսկոպոս Գուսանին, «Mobaco Cottons» ընկերության գործարանի տնօրեն Րաուֆ Պարկուտին, Intercom of America ընկերության նախագահ Ջոն Պարկուտին, ՌԱԿ անդամ Գասսիա Տէովլեթյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերին առնչվող հարցեր: ՀՀ Սփյուռքի նախարարը հյուրերին ներկայացրեց սիրիահայերի հիմնախնդիրները, ՀՀ իշխանությունների դիրքորոշումն ու իրականացվող ծրագրերը:

Նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ բոլորս պարտավոր ենք լինել մեր հայրենակիցների կողքին, մեր հայրենակիցները պետք է իմանան, որ Հայոց պետությունը նրանց թիկունքին է:

Գերապայծառ Տ. Գրիգոր եպիսկոպոս Գուսանը իր խոսքում հավելեց, որ հարյուր տարի առաջ էլ Հալեպը հայկական քաղաք էր և հիմա էլ այդպիսին է, ուստի Հայրենիքի պայծառությամբ շարունակենք զորացնել ու շենացնել երբեմնի ծաղկող հայաշատ քաղաքը:

Րաուֆ և Ջոն Պարկուտների հետ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը խոսեց նաև ՀՀ տնտեսության և այլ ոլորտների զարգացման մասին:

Հանդիպման ավարտին նախարարը հյուրերին նվիրեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով հրատարակած «Ցավի և հիշողության կոթողներ» գիրքը:

Scroll Up