Ազգային մտավորականության երևելիներից մեկն էր

Հենրիկ Իգիթյանը կդառնար 80 տարեկան

Երեք տարի առաջ իր մահկանացուն կնքեց Հենրիկ Իգիթյանը: Եթե ապրեր, այսօր ութսուն տարեկան կլիներ:  Նա եկել էր հաստատելու իր ժամանակը, եկել էր իմաստավորելու իր կողմից ու մեր կողմից ապրվող ժամանակը: Եկել էր լինելու առաջնորդ: Եվ եղավ: Ուստի նրա երկրային կյանքի ավարտից հետո մեր մշակութային կյանքում հենց առաջնորդը պակասեց: Համարձակ, խիզախ, սեփական կռիվն ու սեփական սկզբունքներն ունեցող անհատականության տեսակը պակասեց: «Հենրիկը ականավոր անհատականություն էր, Աստված տա՝ մենք կարողանանք արվեստում ստեղծել Իգիթյանի  ստեղծածի կեսը»- Իգիթյանի մասին ասել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը: Ճիշտ որ, ականավոր անհատականություն,  ում ջանքերով մեր գեղարվեստի պատմության մեջ արժևորվեցին Մինաս Ավետիսյանի, Մարտին Պետրոսյանի, Սեյրան Խաթլամաջյանի, Ռոբերտ Էլիբեկյանի, Արտո Չաքմաքչյանի, այլոց ստեղծագործությունները: Նա հրաշալի ակնարկներ գրեց Երվանդ Քոչարի, Բաժբեուկ-Մելիքյանի, Հովսեփ Կարալյանի, Հովնաթանյանների մասին, ազգային արվեստաբանությունը հարստացրեց արժեքավոր հետազոտություններով:

Նրան հոգեհարազատ էր հատկապես Հովնաթանյանների արվեստը, ինչը բացատրվում էր նաև այն հանգամանքով, որ ինքն էլ թիֆլիսեցի էր` ծնված Այսրկովկասի Փարիզ համարվող Թբիլիսի քաղաքում: Սակայն երկար չէր ապրել այս քաղաքում: Իգիթյանների ընտանիքը Հայաստան էր եկել, բնակություն հաստատել Երևանում, որտեղ էլ Հենրիկ Իգիթյանը ստացել էր միջնակարգ կրթություն: Գեղարվեստի հետ բարեկամությունը մանկությունից էր, մանկությունից էր նա կապվել գույների աշխարհի հետ, սակայն դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Երևանի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի բանասիրական ֆակուլտետ: Ինստիտուտն ավարտեց 1956-ին, 1960-ին աշխատանքի անցավ Հայաստանի պետական պատկերասրահում: Արդեն ընդունվել էր Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիայի կերպարվեստագիտական ֆակուլտետ, որն ավարտեց 1963 թվականին: Պատկերասրահն օգնեց նրան խորանալու դասական և ժամանակակից կերպարվեստի մեջ, խորապես հետազոտելու հատկապես Հովնաթանյանների արվեստը: Տասնմեկ տարի աշխատեց պատկերասրահում: Այս տարիներին նա գրեց ու տպագրեց ժամանակակից նկարիչներին ու քանդակագործներին նվիրված բազմաթիվ հոդվածներ` դրանցում արդեն նախանշելով այն ուղիները, որոնցով պիտի ընթանար քսաներորդ դարի երկրորդ կեսի ազգային կերպարվեստը: Հենրիկ Իգիթյանի շնորհիվ հայտնի դարձան մի շարք երիտասարդ նկարիչների անուններ, ովքեր հետագայում ձևավորեցին ազգային գեղարվեստի նոր միտումները` սկզբնավորելով մի նոր դպրոցի ծնունդ: 1960-ականները նշանավորվեցին որպես ազգային մշակույթի և արվեստի վերազարթոնքի տարիներ: Մարտիրոս Սարյանի, Երվանդ Քոչարի, Արա Սարգսյանի, Մհեր Աբեղյանի, Էդվարդ Իսաբեկյանի հզոր ներկայությամբ ձևավորվում էր մի նոր սերունդ, որն իր առաջնորդի և տեսաբանի կարիքն էր զգում: Հենրիկ Իգիթյանը դարձավ այդ տեսաբանն ու առաջնորդը, նա կերպարվեստագիտության մեջ ամրակայված մի շարք կարծրատիպեր ավերեց, պատկերացումներ ձևավորեց արդի նկարչության մասին` պաշտպանելով և բարեբանելով ամեն մի փորձարարություն, նորարարական ամեն մի հայտնություն: Ժամանակի ավագ կերպարվեստագետներն ընդդիմանում էին Իգիթյանի առաջադրած տեսադրույթներին, ըմբռնումներին, քննադատում էին նրան, սակայն երբեք չհեռանալով իր որդեգրած չափանիշներից և ընկալումներից` Հենրիկ Իգիթյանը շարունակում էր ջատագովել ազգային կերպարվեստում հայտածվող ամեն մի նոր ու ինքնահատուկ երևույթ:
1970 թվականին Հենրիկ Իգիթյանը Երևանում հիմնադրեց աշխարհում առաջին մանկական պատկերասրահը` այստեղ հավաքելով, ի մի բերելով տաղանդավոր երեխաների ստեղծագործությունները: Այս պատկերասրահի մասին շուտով իմացան ողջ աշխարհում, Իգիթյանը հայ մանուկների արևոտ ու մաքրամաքուր զգացողություններով ստեղծված աշխատանքները ցուցադրեց աշխարհի տարբեր երկրներում, Երևան բերեց տարբեր միջօրեականներում ապրող երեխաների ստեղծագործությունները` այսպիսով ձևավորելով քաղաքակրթությունների յուրատեսակ կամուրջ, որի վրայով անցան հազարավոր մանուկ ստեղծագործողներ: Հենրիկ Իգիթյանը համոզված էր, որ ամեն մի երեխայի մեջ նստած է տաղանդավոր անհատը, աշխարհը յուրովի տեսնող նկարիչը: Ուստի նա հենց մանկան աչքերով պատկերվող աշխարհն էր ցուցադրում ամենուր` այսպես յուրովի բոլորին տանելով ինքնամաքրումի, մանկության հեքիաթի վերադարձի: 1978-ին այս պատկերասրահը դարձնելով առանցք` Հենրիկ Իգիթյանը հիմնադրեց գեղագիտական դաստիարակության կենտրոն, որն այժմ կոչվում է Գեղագիտության ազգային կենտրոն` իր մի քանի մասնաճյուղերով, գեղարվեստական բազմաթիվ խմբերով:
Իգիթյանի  սխրանքներից մեկը դարձավ Ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադրումը 1972 թվականին: Աշխարհում շատ քիչ երկրներ ունեին արդի արվեստի պատկերասրահներ և թանգարաններ, շատ քիչ երկրներում էին ընդունելի համարում մոդեռնի և պոստմոդեռնի ներկայությունը: Հենրիկ Իգիթյանը դարձավ մեկը նրանցից, ովքեր կերպարվեստը տեսնում էին հարափոփոխ շարժումների, ձևի ու բովանդակության հայտնությունների մեջ: Հայաստանում հզոր շարժում էր ձևավորվել, որի նահապետը Երվանդ Քոչարն էր` տարածական նկարչության հիմնադիրներից մեկը, իսկ Քոչարի խիզախումներն ու արվեստում նոր ձևերի հաստատման միտումները վարակիչ էին: Իգիթյանը հնարավորություն տվեց շատերին ներկայանալու, Ժամանակակից արվեստի թանգարանում  ցուցադրելու իրենց ստեղծագործությունները: Թանգարանը դարձավ մայրաքաղաք Երևանի խոշորագույն մշակութային կենտրոններից մեկը, ուր ցուցադրություններից բացի` կազմակերպվում էին նաև բանավեճեր, քննարկումներ:

Հենրիկ Իգիթյանը մարտնչող հայրենասեր էր, ազգային ճշմարիտ գործիչ: Նա 1989 թվականին ընտրվեց ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր և դարձավ արդեն փլուզված երկրում ժողովրդավարության հաստատողներից մեկը:
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի, Անանիա Շիրակացի, Խաչատուր Աբովյան մեդալների ասպետ Հենրիկ Իգիթյանը վախճանվեց 2009 թվականի մայիսի 11-ին: Նրա երկրային կյանքի ավարտով հայ մտավորականությունը կորցրեց իր ամենանշանավոր և ամենախիզախ առաջնորդներից մեկին…

Լևոն Մութաֆյան

Scroll Up