ՄԵԾ ՊԱՀՔ. «ԱՆԱՌԱԿԻ ԿԻՐԱԿԻ»

«Եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք» (Ղուկ. ԺԳ 3)

Մեծ պահքի Գ` «Անառակի կիրակին» ապաշխարության խորհուրդն ունի:

Այն ցույց է տալիս մեղավոր մարդու` անկյալ վիճակից դեպի Աստված վերադարձի ճանապարհը: Այս կիրակին, ինչպես և հաջորդ երկու կիրակիները, իրենց անունները վերցնում են օրվա ավետարանական ընթերցվածի գլխավոր առակից: Մեծ պահոց Երրորդ կիրակիի հենքը այդ օրը կարդացվող գլխավոր նյութը`Անառակ որդու  հայտնի առակն է Ղուկասի Ավետարանից` Նոր Կտակարանի ամենաթանկագին գոհարներից մեկը, որը, ըստ էության, իր մեջ խտացրած բովանդակում է Ավետարանի հիմնական ուսուցումները, ինչի պատճառով առակը հաճախ անվանում են «Ավետարան Ավետարանի մեջ»: Ըստ Եկեղեցու հայրերի` Մեծ պահքի գլխավոր նպատակը, մինչևիսկ «գոյության պատճառը» այս կիրակիի իմաստի և նրանից եկող թելադրանքի մեջ է: Ընթերցելով և վերընթերցելով առակը` դժվար չէ նկատել, որ նախորդ երկու կիրակիներով հիշատակված երկու վիճակները` երջանկությունը և նրա կորուստը, կրկնվում են նաև այս առակում: Այս կիրակիի գաղափարը, ուրեմն, անկումից վերելք, ընկած վիճակի վերականգնումը, կորստի գյուտն է: Վերհիշենք առակը.

«Մի մարդ երկու որդի ունէր. նրանցից կրտսերը հօրն ասաց. հա´յր, տու´ր քո  ունեցուածքից ինձ ընկնող բաժինը: Եւ նա ունեցուածքը բաժանեց նրանց: Քիչ օրեր յետոյ կրտսեր որդին, փողի վերածելով ամէն ինչ, գնաց հեռու աշխարհ եւ այնտեղ վատնեց իր ունեցուածքը, որովհետեւ անառակ կեանքով էր ապրում: Եւ երբ ամէն ինչ սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղաւ, եւ նա սկսեց չքաւոր դառնալ: Գնաց դիմեց այդ երկրի քաղաքացիներից մէկին, եւ սա ուղարկեց նրան իր ագարակը` խոզեր արածեցնելու: Եւ նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտղով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք այդ նրան չէր տալիս: Ապա խելքի եկաւ եւ ասաց. քանի´ վարձու աշխատաւորներ կան իմ հօր տանը, որ առատ հաց ունեն, եւ ես այստեղ սովամահ կորչում եմ: Վեր կենամ գնամ իմ հօր մոտ եւ նրան ասեմ. հա´յր, մեղանչեցի երկնքի դէմ ու քո առաջ եւ այլեւս արժանի չեմ քո որդին կոչուելու, ինձ վերցրու´ իբրեւ քո աշխատաւորներից մէկը: Եւ վեր կացաւ եկաւ իր հօր մօտ. եւ մինչ դեռ հեռու էր, հայրը տեսաւ նրան եւ գթաց. վեր կացաւ եւ վազեց նրան ընդառաջ, ընկաւ նրա պարանոցով եւ համբուրեց նրան: Եւ որդին ասաց նրան. հա´յր, մեղանչեցի երկնքի դէմ եւ քո առաջ, այլեւս արժանի չեմ քո որդին կոչուելու: Հայրը իր ծառաներին ասաց. անմիջապէս հանեցէ´ք նրա նախկին պատմուճանը եւ հագցրէ´ք նրան, մատանին նրա մատը դրէ´ք եւ նրա ռտքերին` կօշիկներ. բերէ´ք պարարտ եզը, մորթեցէ´ք, ուտենք եւ ուրախ լինենք, որովհետեւ իմ այս որդին մեռած էր եւ կենդանացաւ, կորած էր եւ գտնուեց. եւ սկսեցին ուրախանալ: Իսկ նրա աւագ որդին ագարակում էր. եւ մինչ  գալիս էր եւ տանը մօտեցաւ, լսեց երգերի եւ պարերի ձայնը. եւ իր մօտ կանչելով ծառաներից մէկին` հարցրեց, թե այդ ի՞նչ է: Եւ սա նրան ասաց. քո եղբայրը եկել է, եւ քո հայրը մորթեց պարարտ եզը, որովհետեւ ողջ առողջ ընդունեց նրան: Նա բարկացաւ եւ չէր ուզում ներս մտնել. իսկ հայրը դուրս ելնելով`աղաչում էր նրան: Որդին պատասխանեց եւ ասաց հօրը. այս քանի´ տարի է, որ ծառայում եմ քեզ եւ երբեք քո հրամանները զանց չեմ արել. ինձ երբեք մի ուլ չտուիր, որ բարեկամներիս հետ ուրախութիւն անէի: Երբ եկաւ քո այդ որդին, որը քո ունեցուածքը կերաւ պոռնիկների հետ, պարարտ եզը նրա համար մորթեցիր: Հայրը նրան ասաց. որդեա´կ, դու միշտ ինձ հետ ես, եւ ամէն ինչ, որ իմն է, քոնն է. բայց պէտք էր ուրախ լինել եւ ցնծալ, որովհետեւ քո այդ եղբայրը մեռած էր եւ կենդանացաւ, կորած էր եւ գտնուեց»:(Ղուկ.  ԺԵ 11-32)

Առակի եզրակացությունը և այլաբանական իմաստը ակնհայտ է. այսպես պիտի լինեն նաև այն բոլոր մեղավորները, ովքեր եթե մի օր Անառակ որդու օրինակով քաջություն ունենան անդրադառնալու իրենց կատարած հանցանքին, իրենց գործած մեղքերին, և ապա ամբողջ սրտով զղջան ու ապաշխարեն, այնժամ արժանի պիտի դառնան նաև Երկնավոր Հոր գթառատ ողորմությանը, ինչպես որ արժանացավ Անառակը իր դարձի շնորհիվ:

Մեր Երկնավոր Հայրը սպասում է բոլորին: Նա զարմանալիորեն միշտ էլ բարեգութ է և ողորմածաբար Իր գիրկն է ընդունում բոլոր զղջացողներին, քանի որ Աստված «մեղավորների մահը չի ցանկանում, այլ բոլորիս փրկությունը», ինչպես որ Հիսուս ասաց Իր քարոզության սկզբում. «Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղաւորներին` ապաշխարութեան»:

Մեծ պահոց 3-րդ` Անառակի կիրակիի խորհուդը հնարավորինս ամբողջական մատուցելու նպատակով ներկայացնում ենք ծաղկաքաղ հատվածներ Պոլսո երջանկահիշատակ պատրիարք Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի «Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան» գրքի` Անառակի կիրակիին նվիրված գլխից.

Եվ այսպես, անլուր տվայտանքներից, տառապանքներից ու ստորացումներից հետո իր անառակության պատճառով ամեն ինչ կորցրած կրտսեր որդին վերջնական որոշում կայացրեց` վերադառնալ տուն:

Անառակի վերականգնումը

«Սակայն կար մի պատկեր, որը տառացիորեն հալածում էր նրան: Վերջին անգամ տեսած հոր պատկերն էր` իր վրա լայն-լայն բացված տամուկ աչքերով: Դա հայրական խանդաղատանքով օծուն և որդուն կորցնելու երկյուղով լեցուն դեմքն էր, որ հայրն ընդունել էր այն օրը, երբ որդին նրան հայտնել էր իր աղետաբեր որոշումը… Վերադառնա´լ  տուն, հոր մոտ: Մտածումն անգամ նրան երջանկություն էր պատճառում: Բայց ինչպե՞ս, ի՞նչ երեսով նայեր իր գյուղացիներին, ինչպե՞ս հանդուրժեր եղբոր հեգնանքը…

Ի վերջո մտքում հաստատ ձև ստացան երկու մտածումներ, որոնք ստվեր գցեցին մյուս բոլոր նկատառումների վրա: Նախ ներաշխարհում զգում էր, որ հայրը դեռևս սիրում է իրեն և սպասում իր դարձին: Մյուս կողմից սրտի խորքում զգում և ընդունում էր, որ իր հերթին անկեղծորեն սիրում է հորը: Նրա կյանքում ամեն բան թառամել էր, բացի հոր հանդեպ ունեցած իր սիրուց, և այդ սերն այժմ վերածվել էր աղեկեզ մի կարոտի: Նրա համար ամեն ինչ աղարտված էր` աշխարհը, իր կյանքը, հոգին և մարմինը: Բայց հոր կերպարն անաղարտ էր մնացել: Արդ, այս երկու սերերը`իրենը և հորը, նրա ներաշխարհի առագաստում միացան իրար և ահավոր երկունքով ծնեցին զղջումը:  Ամբողջ գիշեր լաց եղավ մի անդիմադրելի լացով, լաց եղավ կորցրած անմեղության, վատնած երիտասարդության, մանավանդ իր գերագույն ոճրի` հոր սերը կոխոտած լինելու սրբապղծության համար: Այս սպառող լացից խոնջացած և թեթևացած` առաջին անգամ քնել էր խոր ու հանգիստ քնով: Լուսաբացին արդեն արձակել էր իր երկրորդ և այս անգամ` փրկարար ու նույնքան անդառնալի վճիռը. «Պետք է գնամ հորս մոտ և ասեմ. հա´յր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առջև, այլևս արժանի չեմ որդիդ կոչվելու, ընդունի´ր ինձ` իբրև քո ծառաներից մեկը…»: Ապա, ցուպը ձեռքին, ճակատն ուղղեց դեպի տուն:

Հայրը

Հայրը զգաց, որ այսօր իրեն մի բարի լուր է սպասվում իր կորած զավակից: Իր ապարանքի վերնատան պատուհանի առջև նստած` աչքը գամել էր ճանապարհին, որտեղից մեկնել էր կրտսեր որդին: Քիչ հետո հորիզոնի վրա մարդկային մի ուրվագիծ ձև առավ: Քանի ճամփորդը մոտենում էր, այնքան հոր սիրտն ուժգին էր տրոփում: Վատ տեսնող աչքերին օգնության հասած հայրական բնազդը նրան ասում էր, որ եկողն իր որդին է: Դողդոջ քայլերով իջավ ցած: Հազիվ բակից դուրս էր եկել, երբ եկվորն արդեն ընկել էր նրա ոտքերը և մեկիկ-մեկիկ լալահառաչ բառերն էր հեգում. «Հա´յր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առջև….»: Հայրը գտել էր իր հարազատ որդուն: Բարձրացրեց նրան, գրկեց, ընկավ պարանոցը, և երկուսն էլ լաց եղան իրենց կյանքի ամենաանուշ արցունքներով: Հազիվ կարոտն առած` հայրը հրաման արձակեց ծառաներին. «Որդուս տարե´ք տան իշխանական բաղնիքը, լողացրե´ք նրան ամենաթանկագին օճառով, հագցրե´ք նրա նախկին թանկարժեք զգեստները, որոնք պահել եմ սնդուկներումս, նրա ուսերին իշխանական պատմուճա´նը գցեք, մատին ադամանդով մատանի´ն  անցկացրեք: Մյուսները թող մորթեն պարարտ եզը, կանչե´ք գյուղի երգիչներին և նվագահարներին, ճաշկերույթի հրավիրե´ք ամբողջ գյուղը, խմենք և ուրախանանք, քանզի իմ այս որդին կորած էր` գտնվեց, մեռած էր` հարություն առավ»:

Եվ Ավետարանն իբրև եզրակացություն ավելացնում է. «Այսպես ուրախություն կլինի երկնքում, Աստծո հրեշտակների առաջ, երբ որևէ մեղավոր ապաշխարի»:

Այժմ անդրադառնանք այն հիմնական մեղքին, որն Անառակին կործանման ու այլասերման առաջնորդեց. ո՞րն էր Անառակի գլխավոր և մահացու մեղքը:
Գլխավոր մեղքը` վատնում

«Եւ վատնեց իր ունեցուածքը, որովհետեւ անառակ կեանքով էր ապրում» (Ղուկ. ԺԵ 13)

Բայի արմատը վատն է, որը հայերենում ամենատգեղ իմաստ ունեցող բառերից մեկն է: Որևէ մեկի մասին ասել «վատ մարդ է», նշանակում է գործածել ամենաստորացնող իմաստ ունեցող բացատրությունը: Սակայն բայի սովորական իմաստը ունեցվածքը կամ կարողությունը վատ բանի համար և վատ միջոցներով գործածելն է. թանկագին հարստությունը շվայտության սեղանների վրա մսխել, առողջությունը` գինարբուքի պանդոկներում, կենսական ուժը` շնացողների և պոռնիկների ընկերակցությամբ…

Ստույգ է`դրամի վերածած այն հարստությունը, որն Անառակն իր հետ «հեռու աշխարհ» էր տանում, մարդկային ժառանգական օրենքով իրեն էր պատկանում: Բայց Աստծո և բնության օրենքով իրեն չէր պատկանում: Դրանում ինքը քրտինքի ոչ մի կաթիլ չուներ: Ուրիշների ճակատի քրտինքով ստեղծված հարստությունը վերցնելը և պոռնիկների ու դատարկապորտների հետ մսխելը, մոխրի վերածելը համազոր է գողության, ավազակության և հափշտակության… Բայց միայն ունեցվածքը չէ, որ վատնեց Անառակը, այլև իր ֆիզիկական ու հոգեկան կարողությունները: Անառակը վատնեց նաև իր երիտասարդությունը` պարգևներից ամենացանկալին, իր անմեղությունը`հատկություններից ամենահամակրելին, և, վերջապես, իր ընտանեկան երջանկությունը` փափագելի բարիքներից գերագույնը:

Ավագ անառակը

«Բարկացաւ եւ չէր ուզում ներս մտնել» (Ղուկ. ԺԵ 28)

Անառակի առակը զույգ անառակների մասին է: Այն երկու անառակ եղբայրների պատմությունն է: Կրտսերի ելևէջող կյանքի դրվագի գրավչությունը, սակայն, ստվերի տակ է թողել ավագի վարքը, որը կրտսերի վարքի չափ եղերական, սակայն առանց նրա երջանիկ վախճանի է: «Բարկացավ և չէր ուզում ներս մտնել»: Եղբոր վերադարձի լուրը սահմռկեցրեց նրան, խանգարեց նրա եսասեր հանգիստը, որ գտել էր եղբոր հեռացումով, իրեն բոլորովին ազատված էր կարծում նրա ներկայության տաղտուկից, նա իր համար անդարձ կորած ու մեռած էր… Մի անդիմադրելի խռովք պատեց նրա էությունը: Գլուխը ձեռքերի մեջ` անխոս նստեց դռան առջևի քարին: Հայրը, առանց խրախճանքը դադարեցնելու, դուրս եկավ ու «նրան աղաչում էր», որ ներս մտնի: Կյանքում առաջին անգամ ավագ որդին հոր ներկայությամբ ոտքի չկանգնեց ու գրեթե անպատկառորեն գոռաց նրա երեսին սարսափազդու հանդիմանությունը: Այդ պահին ավագն իր հորից այնքան էր հեռացել, որչափ կրտսերը չէր հեռացել իր «հեռու աշխարհ» գնացած ժամանակ: Դիմակը հանեց նաև ավագ որդին: Հոր երեսին խփեց իր հավատարիմ ծառայությունը, «քո այդ որդին» կոչեց վերադարձողին` ասելու համար, որ ինքը նրան իբրև եղբայր չի ընդունում…

Հայրը, սակայն, ինչպես ներել էր կրտսերի անառակությունը, ներեց նաև ավագի անպատկառությունը. «Որդյա´կ, դու շարունակ ինձ հետ էիր», ամենօրյա հացի նման  վայելում էիր իմ սերը, բացի այդ, «ինչ որ ունեմ, քոնն է», ո՞վ քեզ կարգելեր մորթել քո ուզած ոչխարը, «բայց պետք է ուրախ լինել և հրճվել, որովհետւ քո այս եղբայրը մեռած էր և վերստին կյանք վերադարձավ, կորած էր և գտնվեց»:

Առակն այստեղ վերջանում է: Չգիտենք, թե ավագ անառակն էլ մտա՞վ խրախճանքի սրահ, թե՞ ոչ… Առակի երկրորդ մասի եզրակացությունը խորհրդավոր ու ահավոր կերպով բաց է թողնված, և սրա մեջ է Ավետարանի գերագույն իմաստությունն ու իրապաշտությունը: Հաջորդ քայլը թողնված է մարդու կամեցողությանը. եթե ցանկանա, կմտնի ու կմասնակցի խրախճանքին, և եթե չցանկանա, իրեն կզրկի այդ ուրախությունից…

Սակայն մոռանանք ավագին` առակի ժխտական կողմը, ու մեր մտքում, հատկապես ապաշխարության այս օրերին, կրտսերի´ն  պահենք: Նա վերադարձել է հոր տուն` վերագտած իր նախկին երջանկությունը, ավելի հասունացած և իմաստնացած: Ինչպե՞ս պետք է պահել  ու մշտնջենավորել այդ վիճակը: Հաջորդ երկու կիրակիները կպատասխանեն այս հարցին»:

Շարական  անառակի (Բ պատկեր)
Լույսից Լույս, Ծնուդ և Ծագում` Հիսու´ս  Քրիստոս,
Որ եկար փնտրելու ոչխարի նման մոլորված մարդկությանը.
Որ խաչիդ հետ ուսիդ առար, մաքրի´ր մեզ մեր մեղքերից:

Անառակ որդու հետ Քեզ ենք կանչում, Հա´յր գթած,
Մեղք գործեցինք երկնքի դեմ և Քո առաջ, քավի´չ հանցանքների,
Ընդառա´ջ արի սիրով, գրկի´ր, համբուրի´ր` մեզ  մեր մեղքերից մաքրելու համար:

Պատրաստեց   Հ.  Կարապետյանը` ըստ Հայոց Եկեղեցու հայրերի գրավոր ժառանգության

Scroll Up