Ուկրաինայում պատրաստվում են պաշտպանել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

Հին հայկական առած կա՝ «Կոշտը նստել՝ փափուկը կուլա»: Հանկարծ այս առածը շատ արդիական դարձավ, երբ կարդացի Ուկրաինական ժողովրդական ինքնապաշտպանություն-Ուկրաինական ազգային ասամբլեա  կազմակերպության գործադիր կոմիտեի նախագահ Միկոլո Կորպյուկի հարցազրույցը ադրբեջանական Vesti.Az էլեկտրոնային կայքում: Իրեն ազգային առաջնորդներից մեկը համարող այս մարդը «որոշակի» ցավով է խոսում Ուկրաինայում կատարվածի մասին՝ ասելով. «Ինձ ցավ է պատճառում այն, որ տեղի ունեցավ այս հակամարտությունը: Ուզում եմ միաժամանակ ասել, որ ղարաբաղյան հակամարտությունը բացում է Հարավային Կովկասում Մոսկվայի հեգեմոնիայի դռները: Չնայած այն բանին, որ 20-րդ դարի հեռավոր 90-ական թվականներին մեր կազմակերպությունը հանդես էր գալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման օգտին, քանի որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքն է: Շատ եմ ուզում, որ պատմական արդարությունը վերջապես հաղթանակի, և գրավյալ տարածքները վերդարձվեն Ադրբեջանի կազմի մեջ»:

Մի կողմ թողնենք այս առաջնորդ կոչվողի գրագիտության չափն ու ոչ քաղաքական լեզվամտածողությունը:  Ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ այդ մարդը խոսում է պատմական արդարության մասին այն դեպքում, երբ, հավանաբար, տեղյակ չէ պատմությանը, երբ որևէ պատկերացում չունի Լեռնային Ղարաբաղի մասին: Պատկերացում չունի, բայց ահա ադրբեջանական լրատվամիջոցը հաստատում է, որ նշյալ կազմակերպության կամավորներն ակտիվորեն մասնակցել են Լեռանյին Ղարաբաղում ընթացած պատերազմական գործողություններին: Նույնը հաստատում է Միկոլո Կորպյուկը՝ նշելով, որ Ղարաբաղում շատ ուկրաինացիներ են մարտնչել Ադրբեջանի կողմից: Իսկ հիմա կազմակերպությունը պատրաստ է մեծ ջանքեր գործադրել Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման համար՝ ընդհուպ մինչև զինված ջոկատներ Ղարաբաղ ուղարկելով…

Իսկապես ծիծաղելի է… Ուկրաինան այսօր կանգնած է տարածքային ամբողջականության կորստի առջև, իսկ ահա ինչ-որ կազմակերպության առաջնորդ մտահոգված է Ադրբեջանի խնդրով… Գուցե այդ առաջնորդը զինված ջոկատներով պայքարի սեփական երկրի ամբողջականության համար, ապա նոր մտահոգվի ուրիշներով, մանավանդ որ, ի գիտություն, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանինը չէ և չի էլ կարող այլևս լինել… Պատմական ճշմարտությունները ոմանց համար վերջին շրջանում հատկապես դարձել են առևտրի և էժանագին հիմնավորումների գործիքներ. շրջանառության մեջ դնելով պատմական արդարության գործոնը՝ ոմանք իսկապես խեղաթյուրում են պատմական արդարությունը՝ ելնելով  պատմության և ճշմարտության դեմ:

Վերջերս Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Օլեքսանդր Բոժկոն մեր այն դիտարկմանը, թե ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի զինված կազմավորումների շարքերում եղել են ուկրաինացիներ, իսկ այսօր էլ ուկրաինական դիպուկահարներն են կրակում սահմանի վրա, ասաց. «Տականքներն ազգություն և հայրենիք չունեն»:  Հիմա պիտի մտածել ու հաստատել, որ ադրբեջանական լրատվամիջոցը գտել է հենց մի տականքի, որի հետ էլ հարցազրույց վարելով՝ կամեցել է ցույց տալ, թե ղարաբաղյան հողերի «վերադարձի» հարցում իրենք մենակ չեն, իրենց կողքին կանգնած են ուրիշները, որոնք պատրաստ են մարտնչել հանուն Ադրբեջանի… Իսկ հետաքրքիր է՝  ուկրաինական այդ առաջնորդը տեղյա՞կ է, որ Ադրբեջանը Ղրիմը համարում է Թուրքիայի պատմական սեփականությունը և կոչ է անում Անկարային «հետ գրավել» կորցրածը…

Լևոն Մութաֆյան

Scroll Up