ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ. Տոնի խորհուրդը և պատմական հիմքը

«Երբ նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսէսի Օրենքի համաձայն` Նրան Երուսաղէմ տարան` Տիրոջը ներկայացնելու համար, ինչպէս գրուած էր Տիրոջ Օրէնքում. «Ամէն արու զաւակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչուի»: Եւ Տիրոջ Օրէնքում ասուածի համաձայն` ընծայ պէտք է տալ մի զոյգ տատրակ կամ աղաւնու երկու ձագ»:
(Ավետարան ըստ Ղուկասի. Բ 22-24)

Տոնի խորհուրդը

Տեառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ»: Տեառնընդառաջը հայ ժողովրդի ամենասիրված Տերունական տոներից մեկն է: Այն 40-օրյա Փրկչի` Հիսուս Մանկան` Երուսաղեմի տաճար գալու տոնն է, որը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, առաքելադիր սովորությանը հավատարիմ, տոնում է փետրվարի 14-ին, այսինքն` Քրիստոսի ծնունդից հետո` ճիշտ 40-րդ օրը: Ժողովուրդը այս տոնը անվանում է նաև Տըրընդեզ, Տերընդեզ, Տըրընտես, որոնք, ըստ մեկնիչների, «Տերն ընդ ձեզ» արտահայտության ձևափոխված տարբերակներն են: Իսկ ըստ որոշ աղբյուրների` Տերն տես` Տիրոջը տեսնելու իմաստն ունի:

40-օրյա մանուկներին տաճար տանելը Հին Ուխտի սովորությունն էր` նորածնին Աստծուն ներկայացնելու նպատակով, որի ընթացքում կատարվում էր մանուկների` տաճարին ընծայման, ինչպես նաև մայրերի մաքրագործման օրինադրված կարգը:

Տեառնընդառաջի տոնի պատմական հիմքը. Սբ. Ավանդություն

Ըստ ավանդության` երբ Հովսեփն ու Մարիամը Հիսուս Մանուկի հետ մոտենում են Երուսաղեմի տաճարին, արդեն մութ էր, և Տիրոջ մոտենալու պահին տաճարի արևելյան դուռը, որը վաղուց ի վեր Աստծու խոսքով փակված էր, ինքնիրեն բացվեց, որով կատարվեց Եզեկիել մարգարեի խոսքը. «Այդ դուռը փակ է մնալու ու չի բացվելու…, որպեսզի Իսրայելի Տեր Աստվածը մտնի այնտեղով»(Եզեկ. ԽԴ 1-3): Տաճարի դռները բացվելիս մեծ դղրդյուն եղավ քաղաքում, որից բնակիչները դուրս վազեցին իրենց տներից` տեսնելու տաճար եկողին: Եվ քանի որ մութ էր, իրենց հետ վառվող ջահեր և ճրագներ վերցրին: Մենք էլ նույն օրինակով ենք կատարում «Քառասնօրյա Տիրոջ տաճար գալստյան» տոնի նախատոնակը` վառվող ջահերով ու մոմերով:

Ըստ հրեական Օրենքի` զավակ ծնող յուրաքանչյուր կին, անմաքուր համարվելով, պարտավոր էր ծննդյան քառասունքին տաճար գնալ և ողջակեզ անել մի տարեկան գառ` սրբվելու, ինչպես նաև երկու տատրակ կամ աղավնի` մեղքերի համար: Աղքատ ծնողները կարող էին զոհել երկու տատրակ կամ աղավնի. մեկը`ողջակեզի, իսկ մյուսը` մեղքերի համար: Եկեղեցու ավանդության համաձայն`տատրակը ողջախոհ թռչուն է համարվում և խորհրդանշում է Քրիստոսին: Իսկ աղավնին հանդարտ ու խաղաղ է, ինչը խորհրդանշում է Քրիստոսի անսահման հեզությունը:

Սակայն ինչու՞ պետք է Աստվածածինը կատարեր այս պարտականությունը: Չէ՞ որ նա «անսերմ հղությամբ» և «կուսական ծննդյամբ» էր ծնել իր զավակին, հետևաբար Աստվածածնի համար այս օրենքը անիմաստ էր, քանզի նրանից ծնվածը` աշխարհի Փրկիչը, հղացվել էր Սուրբ Հոգու զորությամբ: Որովհետև… Հիսուս չեկավ ջնջելու Օրենքն ու մարգարեությունները, այլ կատարելու Ի´ր իսկ սահմանած օրենքը` որպես խոնարհության ու հեզության օրինակ: Ա´յս պատճառաբանությամբ էլ  Քրիստոս ենթարկվեց Անդրանկաց օրենքի գործադրմանը:

Սիմեոն ծերունու մարգարեացումը եւ օրհնությունը

«Արդ, Երուսաղէմում Սիմէոն անունով մի մարդ կար, եւ այդ մարդը արդար ու աստուածավախ էր եւ ակնկալում էր Իսրայէլի մխիթարութիւնը. եւ Սուրբ Հոգին էր նրա մէջ: Եւ Սուրբ Հոգուց հրամայուած էր իրեն մահ չտեսնել, մինչեւ որ տեսնէր Տիրոջ Օծեալին: Նա Հոգով առաջնորդուած` եկաւ տաճարը, եւ երբ ծնողները բերին Յիսուս Մանկանը` Նրա վրայ կատարելու ինչ որ Օրէնքի սովորութեան համաձայն էր, Սիմէոնը Նրան իր գիրկն առաւ, օրհնեց Աստծուն եւ ասաց.

«Այժմ, ո´վ Տէր, խաղաղութեա´մբ արձակիր Քո ծառային` ըստ Քո խօսքի.
որովհետեւ աչքերս տեսան փրկութիւնը Քո,
որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ,
լոյս, որ կը լինի յայտնութիւն հեթանոսների համար
եւ փառք` Իսրայէլի Քո ժողովրդի համար»:  (Ղուկաս Բ 25-32)

Եվ մինչ Հովսեփն ու Մարիամը զարմացած լսում էին այս խոսքերը, ծերունին օրհնեց նրանց և ասաց Մարիամին.

«Ահա´ սա Նա է, որ պատճառ է դառնալու Իսրայէլում շատերի անկման ու բարձրացման եւ նշան`հակառակութեան: Իսկ քո հոգու միջով էլ սուր պիտի անցնի, որպէսզի բազում սրտերի խորհուրդներ յայտնի դառնան»:

Ըստ ավանդության` Սիմեոնը 72 թարգմանիչ դպիրներից էր, ովքեր Եգիպտոսի Պտղոմեոս Եղբայրասեր թագավորի հրամանով Հին Կտակարանի գրքերը եբրայերենից հունարեն թարգմանեցին: Թարգմանության ընթացքում նա հանդիպում է Եսայու մարգարեության «ԱՀԱ ԿՈՒՅՍԸ  ՊԻՏԻ ՀՂԻԱՆԱ ՈՒ ՈՐԴԻ ԾՆԻ»(Եսայի Է. 14)նախադասությանը: Սիմեոնը տարակուսում է, որ հեթանոսները չեն հավատա, և ջնջում է այն: Այդ պահին նրա ներսում երկմտանք է առաջանում, և վրան նիրհ է իջնում: Երբ արթնանում է, հրաշքի է ականատես լինում. ջնջված մասը նույն տեղում նորից գրված էր, այն էլ` ոսկյա տառերով: Սիմեոնը երանի է տալիս նրանց, ովքեր պիտի տեսնեն Կուսածին Մանկանը և արժանանան Նրան գրկելու երջանկությանը: Սուրբ Հոգին, որ առաջնորդում էր թարգմանիչներին և կատարում Իրենից երկյուղածների խնդրանքը, ասում է Սիմեոնին.«Մահ չես տեսնի, մինչև որ տեսնես Տիրոջ Օծյալին»:

Եվ ահա Սիմեոնը, տաճարում հանդիպելով Մանուկ Հիսուսին, մարգարեական հոգով տեսնում է, որ Նա է Մեսիան, ում ինքը այդքան երկար սպասում էր: Եվ այս առիթով նրա` Մարիամին ուղղված օրհնություն-մարգարեության մեջ հիշատակված լույսը, ըստ Հովհաննես ավետարանչի, այն Լույսն է, որ լուսավորում է ամեն մարդու, որ գալու է աշխարհ: Ու փաստորեն Սիմեոն ծերունու մարգարեացումով մեզ բոլորիս ավետվում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի` խոստացված Փրկիչ լինելը:

Աննայի մարգարեացումը

«Եւ այնտեղ կար մի մարգարէուհի` Աննա անունով` Փանուէլի դուստրը, Ասերի ազգատոհմից. սա տարիքով շատ առաջացած էր եւ ամուսնու հետ միայն եօթը տարի էր ապրել` սկսած իր կուսութիւնից: Նա մօտ ութսունչորս տարեկան մի այրի էր, որ չէր հեռանում տաճարից, այլ ծոմապահութեամբ եւ աղօթքով գիշեր-ցերեկ ծառայում էր Աստծուն: Սա եւս նոյն ժամին վեր կացաւ եկաւ, գոհութիւն էր մատուցում Տիրոջը եւ խօսում էր Մանկան մասին բոլոր նրանց հետ, որոնք Երուսաղէմի փրկութեանն էին սպասում:

Եւ երբ ամէն ինչ կատարեցին Տիրոջ Օրէնքի համաձայն, վերադարձան Գալիլիա, իրենց քաղաքը` Նազարէթ: Եւ Մանուկը աճում ու զօրանում էր` լի իմաստութեամբ. եւ Աստծու շնորհները նրա վրայ էին» (Ղուկ. Բ 36-40):

Ըստ ավանդության` Մարիամ Աստվածածինը մանկության տարիները անցկացրել էր տաճարի այրիների խնամքի տակ, եղել Աննայի սանուհին, և այս առիթը մեծ խնդություն էր մարգարեուհու համար` տեսնել իր Տիրամայր սանուհուն և նրա Փրկիչ Զավակին:

Ըստ Եկեղեցու հայրերի` Սիմեոն ծերունին ու Աննա մարգարեուհին ոչ միայն կարևոր վկայություններ տվեցին Փրկչի մասին, այլև կենդանի խորհրդանիշը եղան Ադամի ու Եվայի, նրանց մեղքով ծերացած մարդկության, որը, ի դեմս այս երկուսի, ընդառաջ ելավ Քրիստոսին` իր գիրկը առնելու Նրան, դրանով իսկ` ազատվելու մեղքի կապանքներից, անցնելու Հին ուխտից դեպի Նորը, մահկանացու կյանքից դեպի Հավիտենականը: Ա´յդ պատճառով էլ այսօրվա հիշատակն ու տոնը անվանում ենք Տեառնընդառաջ`հավաստելով Տիրոջն ընդառաջ գալով` Նրան մեր սրտի մեջ ընդունելը…

Քառասնօրյա մանուկների` Եկեղեցուն ընծայման կարգը եւ Տեառնընդառաջի ծիսական արարողակարգը Հայոց Եկեղեցում 

Ծնվելուց 40 օր հետո մանուկներին տաճար տանելու և Աստծուն նվիրելու սովորությունը մնաց նաև մեր Եկեղեցում: Այսօր էլ շատ հայ մայրեր իրենց 40-օրյա մանուկներին բերում են եկեղեցի, ուր քահանան հատուկ արարողակարգով երեխային ընծայում է Աստծուն` խնդրելով, որ Բարձրյալի ամենազոր Սբ. Աջը միշտ առողջ պահի նրան և արժանացնի սուրբ Հաղորդությանն ու Երկնքի արքայությանը: Միաժամանակ կատարվում է մայրերի մաքրագործման արարողակարգ: Այս գեղեցիկ արարողությունը կոչվում էՔառասունք:

Մեր Եկեղեցում Տեառնընդառաջի տոնը սկսվում է փետրվարի 13-ին` երեկոյան ժամերգության ավարտին: Եկեղեցիների ատյաններում արտասովոր լուսավորություն է տիրում: Ձեռքներին մեկական վառվող մոմ` հավատացյալները ժամերգության ավարտին այդ լույսը, որպես Քրիստոսի փրկության Լույսի խորհրդանիշ, տանում են տուն` լուսավորելու իրենց օջախները: Երեկոյան կատարվում է Անդաստանի կարգը` արտերի և այգիների օրհնության ձևով, ինչը խորհրդանշում է ձմռան ավարտը և գարնանամուտը: Ինչ վերաբերում է խարույկ վառելուն, ըստ եկեղեցական կանոնների` այն ծիսական որևէ նշանակություն կամ իմաստ չունի: Ավելին` հրի շուրջը պտտվելու մասին ասվում է, որ այն դատապարտելի է և ներմուծված է տգետների կողմից: Իսկ Եկեղեցու բակում վառվող մեծ խարույկը, ուր այցելում են նորապսակները այդ տոնական օրը, ըստ սբ. Գրիգոր Տաթևացու, ունի հետևյալ խորհուրդները. «Խարույկի հուրը բորբոքելով` Աստծու սիրո հուրն ենք խնդրում: Հեթանոսները Աստծու պատիվը կրակին էին մատուցում, իսկ քրիստոնյաներս կրակը ծառայեցնում ենք Աստծուն: Ինչպես եբրայեցի մանուկները ծառի ոստերը ընծայեցին Քրիստոսին, այնպես էլ մենք կրակն ենք ընծայում:
Երկրորդ գալստյան ժամանակ հուրը պիտի գնա Տիրոջ առջևից, որպեսզի լուսավորի սրբերին և բարեպաշտներին, իսկ չարերին ու անհավատներին սատանայի հետ հավիտենական հրի դատապարտի»:

Այնպես որ, վառվող մոմերը տուն տանելը և Եկեղեցու բակում վառվող խարույկը ըստ էության որևէ կապ չունեն մեր հեռավոր հեթանոս նախնիների կրակի պաշտամունքի հետ:

Այսպիսով` Տեառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորիս: Մեր փրկության համար Երկնքից երկիր խոնարված, մարդացած Աստվածորդին ամեն րոպե դիմում է մեզ. «Եկե´ք  Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես կհանգստացնեմ ձեզ»(Մատթ. ԺԱ 28 ): Անսա´նք  Տիրոջ կանչին, քանզի ով Նրա հետևից է գնում, «խավարի միջով չի քայլի, այլ կընդունի Կյանքի լույսը»(Հովհ. Ը 12):

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրահանգով արդեն մի քանի տարի է, ինչ Տեառնընդառաջը հռչակվել է նաև նորապսակների օրհնության օր:

Պատրաստեց  Հայկ Կարապետյանը` ըստ ՀԱԵ  ՔԴԿ  քարոզթերթիկի

Scroll Up