ANCC կոչ է արել Շվեյցարիային չնահանջել ու բողոքարկել ՄԻԵԴ որոշումը Փերինչեկի գործով

Կանադայի Հայ Դատի հանձնախմբի (ANCC) ներկայացուցիչները հանդիպել են Կանադայում Շվեյցարիայի դեսպան Ուլրիխ Լեհների հետ: Հանդիպմանը նրանք հայտարարել են, որ Շվեյցարիայի կառավարությունն իրավունք ունի բողոքարկելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումը «Փերինչեկն ընդդեմ Շվեյցարիայի» գործով: Նրանք նաև հայտնել են կանադահայերի ու ողջ հայության խորը մտահոգությունն այն փաստի առնչությամբ, որ ՄԻԵԴ 2013թ. դեկտեմբերի 17-ի որոշումը փաստորեն չեղյալ է համարում շվեյացարական դատարանի 2007 թվականի որոշումը, որի համաձայն՝ Դողու Փերինչեկը պետք է պատիժ կրեր Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար Շվեյցարիայի Քրեական օրեսնդրության համաձայն, հայտնում է Asbarez-ը:

ANCC ներկայացուցիչները մատնանշել են մի շարք փաստացի ու իրավաբանական սխալները ՄԻԵԴ որոշման մեջ:

ANCC կոչ է արել Շվեյցարիային չնահանջել իր սկզբունքային դիրքորոշումից Հայոց ցեղասպանության ժխտման համար պատժի հարցում: «Բազմաթիվ գիտական ու փորձագիտական կարծիքներ կան, որոնք կարող են լուրջ հիմք ծառայել ՄԻԵԴ որոշման բողոքարկման համար, ինչը Եվրոպային ուղղված յուրօրինակ ուղերձ կլինի առ այն, որ Եվրոպական դատարանի դատավճռի ընդունումը ոչ միայն կխոչընդոտի Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այլ նաև լուրջ հարված կլինի մյուս ցեղասպանությունների ժխտման դեմ պայքարին»,- հայտարարել է Հրայր Բասմաջյանը:

 2013-ի դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ ՄԻԵԴ, Ստրասբուրգում որոշեց, որ Շվեյցարիան խախտել է Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեկի իրավունքը, որը մեղադրվում էր ռասայական խտրականության մեջ, քանի որ հրապարակավ ժխտել էր Հայոց ցեղասպանության փաստը: Դողու Փերինչեկն իրավաբանական գիտությունների դոկտոր է ու Թուրքիայի աշխատավորկան կուսակցության առաջնորդը, մասնակցել է 2005-ի Շվեյցարիայում կայացած տարբեր խորհրդաժողովների, որտեղ ժխտել է Հայոց ցեղասպանության փաստը:

Շվեյցարիա-Հայաստան ասոցիացիան դիմել էր Շվեյցարիայի դատարան վերջինիս արտահայտությունների կապակցությամբ: Լոզանի դատարանը 2007-ի մարտին Փերինչեկին ճանաչեց մեղավոր ռասայական խտրականության մեջ՝ պարտավորեցնելով նրան մի քանի տուգանք վճարել: Դա առաջին անգամն էր, երբ Շվեյցարիայում կիրառվեց 1995-ի ուժի մեջ մտած օրենքը: Փերինչեկը հանդես եկավ հայցով՝ բողոքարկելով այդ որոշումը, պահանջելով լրացուցիչ հետազոտություններ այդ հարցի շուրջ: Վերաքննիչ դատարանը մերժեց նրա բողոքը նույն թվականի հունիսին՝ նշելով, որ Հայոց ցեղասպանությունը նույնպիսի պատմական փաստ է, ինչպես Հոլոքոսթը: Փերինչեկը բողոքարկեց դատավճիռը Շվեյցարիայի Դաշնային դատարանում, որն իր հերթին հաստատեց որոշման օրինականությունը 2007-ի դեկտեմբերին:

Փերինչեկը դիմեց ՄԻԵԴ, հղում կատարելով որ իր իրավունքները ոտնահարվում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներով, մասնավորապես. 7 հոդվածով՝ պատիժ բացառապես օրենքի հիման վրա, 10՝ կամքի ազատ արտահայտում: ՄԻԵԴ-ը, քննելով նրա բողոքը, հայտնաբերեց 10-րդ հոդվածի խախտում, որևէ դրամական փոխհատուցում չնշանակելով: «Հայոց ցեղասպանության ժխտումը հանցագործություն չի հանդիսանում», -ասվում է դատարանի որոշման մեջ: «ՄԻԵԴ դեկտեմբերի 17-ի որոշումը պետք է դատապարտվի, քանի որ այն դուռ է բացում Հայոց ցեղասպանության ժխտման համար խոսքի ազատության խախտման քողի տակ: Որոշումը կարող է վատ օրինակ ծառայել Հայոց ցեղասպանությունը ժխտողների համար: Այն փաստը, որ դատարանի որոշոմը չի եղել միաձայն, վկայում է, որ կան իրավական նորմեր որոշումը վերանայելու համար: Մենք պետք է մեր ջանքերն ուղղենք դրան»,-ասվում է ՀՅԴ հայտարարության մեջ: ՄԻԵԴ որոշումը վերջնական չէ և կարող է բողոքարկվել երեք ամսվա ընթացքում:

Փետրվարի 17-ին Հայոց ցեղասպանության ուսումնասիրության մասնագետները, հայտնի գիտնականները բաց նամակ են հղել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին (ՄԻԵԴ) «Դողու Փերինչեկն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավճռի առնչությամբ: Համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականները գտնում են, որ դատավճիռը կայացվել է պատմական ու հայեցակարգային սխալներով:

PanARMENIAN.Net

Scroll Up