Լեռան պես կարծր, հողի պես փափուկ. Վազգեն Սարգսյանը կդառնար 55 տարեկան

Սպարապետ զինվորական տիտղոսը, որը զորահրամանատար է նշանակում, վերջին անգամ մեր պատմության մեջ հիշատակվել էր Գարեգին Նժդեհի կենսագրության մեջ. Լեռնահայաստանի արծիվն էր դարձել թեև ոչ մեծաթիվ, բայց կամքով արի ու քաջակորով բանակի հրամանատարը՝ անկասելի պատվար կառուցելով Սյունիքի համար… Թվում էր, թե այլևս սպարապետներ չպետք է ունենայինք, թե 20-րդ դարում, խորհրդային բանակից փոխառնված կոչումներով պիտի առաջնորդվեինք: Սակայն Արցախյան ազատամարտը պարտադրեց և հնարավորություն տվեց մեզ պատմության խորքերը գնալ ու կենդանություն տալ այդ տիտղոսին՝ միակին ու եզակիին՝ Վազգեն Սարգսյանին մեծարելով սպարապետ տիտղոսով:

 Որևէ հրամանագիր ու պաշտոնական որոշում չեղավ, ժողովո´ւրդը նրան սպարապետ կնքեց, ու Վազգեն Սարգսյանը մեր պատմություն մտավ որպես 20-րդ դարի վերջին սպարապետ՝ իրենով յուրովի ամբողջացնելով մեր հերոսամարտերի պատմությունը… Սպարապետ հասկացությունն ընկալելու համար մենք պատկերացնում էինք երիվարին հեծած, սպառազեն, զինվորներին մարտի դաշտ տանող անհատին, մինչդեռ ժամանակակից պատերազմները հեծելազոր չեն պահանջում, վիպապաշտականի դրսևորումը միայն ոգեղեն ըմբռնում է դառնում… Վազգեն Սարգսյանը, մեր դյուցազնավեպի հերոսների նման, սրտի թելադրանքով ու արյան կանչով, սրտի հիշողությամբ կանգնեց պատերազմող ջոկատների առջև ու ձևավորեց մեր բանակն ու մեր հաղթանակի ճանապարհը, նոր իրականության մեջ ստեղծեց մի բանակ, որն այսօր ամենակազմակերպվածներից մեկն է ողջ տարածաշրջանում:

Ժամանակակից կենսագրական բառարաններում ու հանրագիտարաններում խիստ ծավալուն չի ներկայացվում նրա կենսագրությունը. ծնվել է ներկայիս Արարատի մարզի Արարատ գյուղում։ Գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը (1976-80): 1979-83-ը աշխատել է ֆիզկուլտուրայի ուսուցիչ իր հարազատ Արարատ գյուղի միջնակարգ դպրոցում։ 1983-1986 թթ. եղել է Արարատի ցեմենտի գործարանի կոմերիտմիության քարտուղարը։ Աշխատակցել է «Գարուն» ամսագրին՝ որպես հրապարակախոսության բաժնի վարիչ (1986-1989 թթ.): 1987-ին «Հացի փորձություն» գրքի համար արժանացել է Հայաստանի լենինյան կոմերիտմիության մրցանակին։ 1990-1992-ին «Երկրապահ» կամավորական ջոկատների հրամանատարն էր և Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 1991-92-ին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար։ 1992-93-ին՝ ՀՀ նախագահ խորհրդական պաշտպանության հարցերի գծով, ՀՀ սահմանամերձ գոտիներում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ։ 1993-ից՝ «Երկրապահ» կամավորական միության նախագահ, 1993-95-ին՝ ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի գծով պետնախարար, 1995-99-ին՝ ՀՀ պաշտպանության նախարար։ 1999-ի հունիսից Հայաստանի Հանրապետության վարչապետն էր։

Կենսագրական այս խիստ համառոտ տողերի տակ նրա ապրած քառասուն տարին էր՝ ընդհատված 1999 թ. Հոկտեմբեր 27-ին՝ Ազգային ժողովում… Միայն հուղարկավորության ժամանակ հիշատակվեցին նրա ստացած պարգևներն ու կոչումները՝ Արցախի հերոս, որին գումարվեց Հայաստանի Ազգային հերոսի կոչումը, հիշատակվեցին նրա պարգևները… Բայց Վազգեն Սարգսյանին պարգևներով չէ, որ ճանաչեց ու գնահատեց ժողովուրդը, այլ նրա հզոր ներկայությամբ մեր պատմության մեջ, մեր վերջին ու ամենամեծ հաղթանակի մեջ… Ինքն իր մասին մի առիթով ասել էր. «Ինձ ժողովուրդը չի ճանաչում, ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա կերպարը դա է: Ինձ չեն հասկանում, ինձնից վախենում են: Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են: Մեկմեկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի, որ ժամանակ չեմ ունենա, ցանկություն չեմ ունենա, չգիտեմ էլ ինչ չեմ ունենա ժողովրդին ասելու` ա՜յ ժողովուրդ, իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար, ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես Հայ եմ»….

Այս ինքնագանահատականն այսօր շատերն են հիշում ու նրան միավորում ամեն մեկի սրտում ու հիշողության մեջ ապրող Վազգեն Սարգսյանի կերպարը՝ լեռան պես կարծր ու հողի պես փափուկ, առնական ու կամային և նաև՝ փխրուն, բեկվող… Գրողը, մտավորականը չէր կարող այլ կերպ լինել, իսկ Վազգեն Սարգսյանն առաջին հերթին գրող էր, հրաշալի պատմվածքների և էսսեների հեղինակ… Պատերազմը նրան ստիպեց հեռանալ գրասեղանից, պատերազմը նրանից խլեց շատ բան, ինչպես ինքն է ասել՝ տալով հպարտություն… Վազգեն Սարգսյանի բուռն կենսագրությունը յուրովի սկիզբ առավ 1988-ին՝ խառնշտելով նրա բոլոր հաշիվները, նրան տանելով մի նոր ուղիով: 88-ի խանդավառությամբ բռնկված ալիքը երբ մասամբ խաղաղվեց, մեր նորանկախ պետության առջեւ ուրվագծվեց երկու նոր ճանապարհ` քաղաքական ու ռազմական։ Առաջինով գնացողների թիվը մեծ էր, մանավանդ փառքի ու ապահովության պսակով զարդարված։ Երկրորդ ճանապարհը, որ բռնված էր կամավոր նվիրյալների անկազմակերպ խմբերով, պիտի ընտրեր ի´ր ճամփորդին։ Իսկ նա երկնքից չէր գալու։ Վազգեն Սարգսյանը, որ արդեն պաշտպանական ընդհատակյա կազմակերպման քուրայի մեջ էր Հայաստանում եւ Արցախում, ղեկավարեց Երասխավանի մարտերը։ 1989-91թթ. Հայաստանում իշխում էր սոդոմ-գոմորի իրարանցումը։ Մի կողմից՝ սովետմիության փլուզումը, մյուս կողմից՝ պատերազմն ու շրջափակումը, երրորդ կողմից` կուսակցական-քաղաքական խժդժությունները, չորրորդ կողմից՝ խուճապն ու անհուսությունը բռնել էին երկիրը։ Սակայն կար նաեւ հինգերորդ կողմը, ուր հենց նայում էր Վազգեն Սարգսյանը։ Դա խառնիխուռն ջոկատների խմբավորումն էր միասնական հրամանատարության ներքո, որը նշանակում էր ստեղծել բանակի կորիզ, վարել կազմակերպված կռիվ եւ կոփել հաղթանակի կամք: 1990թ. սեպտեմբերի 20-ին հռչակվեց հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի պատմական հրամանագիրը Հատուկ գնդի ստեղծման մասին: Զինհրապարակում հպարտորեն շարքի կանգնեցին կամավորականները, նրանք, որ կռվել էին հայրենիքի սահմաններում, Արցախի լեռներում, քայլել կորուստների ու հաղթանակների միջով, թրծվել իբրեւ կորովի մարտիկներ: Նրանք առաջին սերնդի անկոտրում տղերքն էին` նորածիլ երեսներով պատանիներից մինչեւ կոշտացած մազակալ դեմքերով միջահասակ ու տարեց հայորդիք, իր իսկ` Վազգեն Սարգսյանի բնորոշմամբ՝ մի հին, մոռացված սքանչելի բառով` Երկրապահ:

 Հայոց զենքի հաղթանակների բարձրակետը եղավ 92 թվականի մայիսի 8-ից, երբ վաղ առավոտյան Արցախի ինքնապաշտպանական ուժերը չորս ուղղություններով սկսեցին Շուշիի անիրական թվացող գրոհը։ Հետագայում պատմաբաններն այս օպերացիան կդասեն հայ մարտարվեստի դասականների շարքը, որն իրագործվեց Վազգեն Սարգսյանի, մեր զինվորների ու հրամանատարների բարձր խիզախության շնորհիվ: Նույն օրվա երեկոյան Շուշին ազատագրված էր: Հայության ոգեւորությունն անչափելի էր։ Սակայն զգացական վերաբերմունքը մի կողմ, Շուշիի ազատագրումն ուներ պաշտպանական եւ ռազմավարական հսկայական նշանակություն։ Մայիսի 9-ին եւ 10-ին սկսվեց անկասելի գրոհը Լաչինի ուղղությամբ։ Խուճապի մատնված հակառակորդը նահանջում էր՝ թողնելով ռազմամթերք ու տեխնիկա։ Լաչինի ճակատագիրը որոշված էր։ Պատմության տիրակալների քմահաճությամբ արված սխալը վերջապես շտկվեց, ցամաքային ուղղակի կապ ստեղծվեց Հայաստանի ու Արցախի միջեւ։ Անհատ մարդկանց կամ խմբի սխրանքի գնով ձեռք բերված մեծ ու փոքր հաղթանակները որքան էլ տպավորիչ, այնուհանդերձ բավարար չէին այդ ամենը պահելու համար։ Հարցերի հարցը մնում էր չլուծված։ Անհրաժեշտ էր ստեղծել կանոնավոր բանակ։ Եթե ոմանց համար դա անիրականանալի թվացող երազանք էր  քարուքանդ եղած երկրի պայմաններում, ապա Վազգեն Սարգսյանի համար սեփական մաշկը զգալու չափ իրական եւ փայփայելի էր։ Որքան հավատ է պետք արտագաղթի ճամփան բռնած, հեղեղուկ կյանքի հորձանքներում տարուբերվող ժողովրդին համոզելու համար, որ հացից ավելի կարեւորը սեփական բանակ ունենալն է:

 Եվ, այնուամենայնիվ, մեր հին ազգի վկայած Վահագնի տեսքով բոցերի միջից ծնվեց Հայոց ազգային բանակը։ Կուտակած փորձը, կամային հատկանիշները Վազգեն Սարգսյանին դարձրին այն անձը, որը պիտի ստանձներ հանրապետության առաջին պաշտպանության նախարարի ծանրագույն պաշտոնը։ Դա 1992 թվականի հունվարն էր: Չգիտես ինչու մեր ուղեղում կաղապարված է այն միտքը, թե մենք պատերազմում միմիայն պիտի հաղթենք։ Մինչդեռ պատմության մեջ տակավին չի եղել այնպիսի պատերազմ, երբ կողմերից մեկը միմիայն հաղթի։ Պատերազմում հաշվի մեջ են նաեւ նահանջը ու ինչ-որ դրվագներում՝ պարտությունը։ Անշուշտ, այդ կաղապարն էր պատճառը, որ ժողովուրդը անլուր տագնապով ընդունեց Արծվաշենի անկումը, Մարտակերտի ծանր դեպքերը։ Սակայն, ի վերջո, գլխավորը պատերազմում պարտությունն ու նահանջը հաղթանակի վերածելն է։ Դրամատիկ դեպքերը հաջորդում էին միմյանց։ Պատերազմի անողոք հունձքը տանում էր հրաշալի մարտընկերների։ Կորուստների ու ցավի մեջ նրան այցելեց չհասկացվածության հիդրան։ Բայց նա ընդունել էր արդեն պատերազմի կանոնները եւ կայացել իբրեւ մարտիկ։ Ուստի այդ մղձավանջին հակադրեց իր` զինվորի կամքը եւ իբրեւ մարդու` լավատեսությունը: 1992-ի ամռանը, երբ ադրբեջանական բանակը համալրվեց խորհրդային փլուզված բանակի ծանր զինտեսակներով, արցախյան ճակատներում դրությունը դարձավ օրհասական։ Թշնամու առաջխաղացումներին դիմագրավելու համար երկրապահների առավել փորձառու մի ստվար խմբի Վազգեն Սարգսյանն առաջնորդեց մարտադաշտ:

Մահապարտները ետ շրջեցին պատերազմի անիվը:

Պաշտպանության նախարարը իբրեւ պետական, ռազմական գործիչ, սկզբից եւեթ որդեգրեց ապակուսակցական ռազմագիծ՝ դրանով իսկ բանակը զերծ պահելով ներքին բեւեռացումների վտանգից։ Գերիշխող դարձավ «Բանակը ժողովուրդն է» կարգախոսը։ Սակայն բանակի կերտման գործընթացը հասարակական եւ սոցիալական անկայունության պայմաններում գտնվող երկրում լի էր ամենօրյա, ամենժամյա լարվածությամբ։ Ժողովրդի մեջ իշխող խուսափողական անվստահության տրամադրության պատճառով զորակոչը տալիս էր անցանկալի արդյունք. քաղաքացիական կյանքում ծաղկում ապրող քրեական վարքագիծը հրապուրում էր շատ սպաների։ Իսկ այդ ամենի թիրախն ի վերջո մի մարդ էր՝ պաշտպանության նախարարը:

Հայոց բանակը՝ որպես փաստ եւ իրողություն, դրված է աշխարհի ուժերի նժարին։ Հիմա այլեւս այն ժամանակները չեն, թե մեծաթիվ բանակի մեջ է հաղթանակը։ Այժմ առաջին պլան է մղվել բարձր մարտավարությունը, զենքի կատարյալ տիրապետումը, ժամանակակից ռազմավարական գիտելիքները։ Բանակն ինքը երկխոսություն է աշխարհի հետ, բանակը տպավորություն է, բանակը կարծիք է։ Իսկ հայոց բանակի վերընթացը սկսվեց 1994 թվականին, պատերազմական գործողությունների դադարից անմիջապես հետո։ Ազգային բանակի ծննդյան առաջին իսկ օրից Վազգեն Սարգսյանը հանդես եկավ ԱՊՀ շրջանակներում որպես համատեղ զորակցության կերտող։ Դրա արգասիքը եղան հայ-ռուսական համատեղ զորավարժությունները, դաշնակցային պայմանագրերի կնքումը, բարձր մակարդակի փոխայցելությունները:

Նախարարը բանակային շինարարությունը սկսեց նրանով, որ մեկ օղակի մեջ միաձուլեց երկրապահ կամավորին եւ կադրային սպային։ Նա մի մարմին դարձրեց պատերազմի փորձն ու տեսական գիտելիքը։ Սա նուրբ եւ դժվարին ընթացք էր, անշուշտ` հղի որեւէ կողմի ինքնասիրությունը վիրավորելու վտանգով։ Եթե չլիներ Վազգեն Սարգսյանի անձի հանդեպ երկուստեք հավատքն ու վստահությունը: Վազգեն Սարգսյանի` իբրեւ զորավարի եւ հայի, գնահատելի արժանիքներից պետք է համարել խաղաղ պայմաններում Երկրապահ կամավորականներին հավաքելու և նախ բանակի մեջ որպես կորիզ պահելու եւ ապա ջոկատային, հատվածական մտածողությունից ձերբազատվելով` դրանց վարքը, բարոյականության ուժն ու լույսը քաղաքացիական կյանքում պահել-պահպանելու ջանքերը։ Իսկ դրա համար անհրաժեշտ էր ստեղծել միություն, որն ուղղորդեր պատերազմում կուտակած երկրապահի ողջ ներուժը:

…Այսօր Վազգեն Սարգսյանը կլիներ 55 տարեկան… Չեղավ:

Բայց մենք շնորհավորանքի խոսք ենք ասում նրան, որովհետև հերոսները չեն հեռանում…

 

Լևոն Մութաֆյան

(Հոդվածում օգտագործված են Վազգեն Սարգսյանի մասին տպագրված նյութերից հատվածներ)

Scroll Up