Համահայկական ձմեռային խաղեր՝ «Սպորտը հարաբերություններ կառուցելու ամենաազնիվ, բարի ձևն է». Ալֆրեդ Հավան

Որքան էլ զարմանալի թվա, նկատի ունենալով բնակլիմայական պայմանները, Համահայկական ձմեռային առաջին խաղերին մասնակցում էր նաև Իրանի թիմը: Թե ինչպես են մասնակիցները պատրաստվել խաղերին ու ինչ տպավորություներով են վերադառնալու, «Հայերն այսօրի» թղթակցի հետ զրույցում պատմել է Համահայկական խաղերում Իրանի ներկայացուցիչ, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի անդամ Ալֆրեդ Հավանը.

– Մենք մասնակցում են երեք մարզաձևով` դահուկավազք, լեռնադահուկ, սնոուբորդ: Խաղերին ներկայացել ենք 13 հոգով` 8 մարզիկ, երկու մարզիչ, մեկ պատասխանատու, մյուսն էլ Իրանի դահուկային սպորտի ֆեդերացիայի ներկայացուցիչն է, ով նույնպես ցանկություն է հայտնել մասնակցելու խաղերին:

Մեր պատվիրակությունը միշտ գոհ է եղել Համահայկական խաղերից, ամառային խաղերին միշտ մեծ թվով ենք մասնակցել:

Երկար ժամանակ է` Իրանում լեռնագնացություն չկա: Այս տարի «Արարատ» կազմակերպության շնորհիվ կարողացանք ճանապարհ գցել և հույս ունենք, որ գալիք խաղերին ավելի մեծ թվով մասնակիցներ կունենանք:

– Հետաքրքիր է, ինչպե՞ս եք պատրաստվել խաղերին` հաշվի առնելով եղանակային պայմանները :

– Նախ ասեմ, որ Իրանի դահուկավազքի հիմքը հայերն են դրել, դեռևս թագավորի ժամանակ: Հասարակարգի փոփոխությունից հետո այս սպորտաձևը անկում էր ապրել: Այս խաղերը առիթ հանդիսացան, որ կարողանանք թիմ հավաքել: Խումբը հավաքվեց, բայց, դժբախտաբար, այս տարի շատ ձյուն չեկավ, ու չկարողացանք լավ մարզվել: Բայց կարճ փորձերի արդյունքով, մեր գնահատմամբ, Ծաղկաձորում կարողացանք բավականին հաջող հանդես գալ, և մեր մարզիկները գրավեցին 13-րդ, 14-րդ տեղերը, որոնք գնահատելի արդյունքներ են մեզ համար:

– Պարո´ն Հավան, ի՞նչ տպավորություններով եք վերադառնալու Իրան:

– Շատ լավ, Հայաստանից ով վատ տպավորությամբ վերադառնա, պիտի «կախենք» (ծիծաղում է-հեղ.): Իսկապես, շատ ուրախ եմ, որ այս մրցությունները կարողացանք կազմակերպել: Ձմեռային խաղերը մենք` գործկոմի անդամներս ենք առաջարկել:

Համահայկական առաջին խաղերից սկսած` Իրանը միշտ ամենամեծ պատվիրակությամբ է ներկայանում: Անցյալ ամառային խաղերին, որին 80 քաղաք էր մասնակցում, մենք ամենից շատն էինք: Ու միշտ էլ լավ տպավորություններով ենք վերադարձել: Եվ միշտ մեր երեխաներին հորդորել ենք, որ ավելորդ սպասելիքներ չունենան, բավարարվեն այն ամենով, ինչ որ կա: Իսկ ինչ վերաբերում է այս խաղերին, ապա ամեն ինչ շատ լավ է կազմակերպված, բացումը շատ հետաքրքիր էր, գեղեցիկ, մրցումներն անցնում են շատ լավ պայմաններում:

– Խաղերի «Միասնություն սպորտով» կարգախոսն ի՞նչ է Ձեզ համար նշանակում:

– Այն շատ ճշգրիտ արտահայտում է մեր ցանկությունը: Համահայկական միջոցառումները Հայաստանի ամենահաջողված միջոցառումներն են և լավագույնս են արտացոլում Սփյուռք-Հայաստան հարաբերություները: Ոչ մի ձեռնարկ նման հաջողություն չի ունեցել:

15 տարի առաջ Համահայկական առաջին խաղերը սկսել ենք 600 մասնակցով, իսկ վերջին խաղերին մարզիկների թիվը շուրջ 3300 էր, ինչը և փաստում է խաղերի հաջողությունը: Տարբեր երկրներից ժամանած մասնակիցների ծանոթությունը, շփումը, միմյանց հետ մտերմությունը շատ կարևոր են: Սպորտը հարաբերություններ կառուցելու ամենաազնիվ, բարի ձևն է:

Զրուցեց  Լուսինե Աբրահամյանը

 

Scroll Up