Համահայկական խաղերի մասնակից. «Մեր լեռներն այսքան բարձր չեն…»

Ծաղկաձորում շարունակվում են Համահայկական ձմեռային առաջին խաղերը: Մրցումներին մասնակցում են ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական մարզիկներ, որոնց համար խաղերին մասնակցելը Հայաստանը տեսնելու, նոր ծանոթություններ հաստատելու լավ առիթ է:

Լեռնադակուկային մրցումների հերթական օրն էր: Հսկա ոլորավայրէջքում ընթանում էր մարզիկների պայքարը, որին հետևում էին մրցուղուն հարող տարածքում հավաքվածները:

Մի փոքր հեռու, տխուր դեմքով, կանգնած էին երկու աղջիկներ: Պարզվեց, որ դուրս են մնացել պայքարից ու հիմա հետևում են խաղի ավարտին ու իրենց թիմակիցների ու մրցակիցների ելույթներին:

Աղջիկները` Անուշ Հակոբյանն ու Ռիտա Ունանյանը, ներկայացնում էին Ախալքալաքը: Անուշը նախորդ օրը մասնակցել էր լեռնադահուկորդների մրցումներին ու գրավել 10-րդ տեղը, իսկ այդ օրը դուրս էր մնացել պայքարից. «Երեկ 10-րդ տեղը գրավեցի, իսկ այսօր դուրս մնացի պայքարից, բայց չեմ տխրել: Կարևորը, որ սիրում եմ այս սպորտաձևը ու հաճույքով եմ մարզվում»:

Իսկ Ռիտան պատմեց, որ մինչև խաղերը Ջավախքի Արագվա գյուղում մրցումներ են անցկացվել. նա գրավել է առաջին տեղը, իսկ Անուշը` երկրորդ. «Ծաղկաձորում խաղերը շատ լավ են ընթանում, լավ խաղացողներ շատ կան: Ուրախ ենք, որ լավ արդյունքներ ցույց են տալիս հատկապես Վրաստանի մասնակիցները:

Մենք էլ էինք ցանկանում այս մրցումներին ավելի լավ մասնակցել, բայց չստացվեց: Մենք անփորձ էինք, բացի այդ՝ մեր լեռներն այսքան բարձր չեն: Ու ինչպես Անուշն ասաց` չենք տխրում. կարևորն այն է, որ այստեղ ենք ու հնարավորություն ունենք շփվելու տարբեր երկրներից ժամանած մասնակիցների հետ ու նոր ընկերներ ձեռք բերել»:

Լ. Աբրահամյան, Ծաղկաձոր

Scroll Up