«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» Համահայկական մրցանակաբաշխություն

45

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը, Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար»  2014թ. մրցանակաբաշխության շրջանակներում հայտարարում են մրցույթների պայմանները հետևյալ անվանակարգերում`

1.    «Մայրենիի պաշտպան»,

2. «Լավագույն ամենօրյա կրթօջախ»,

3. « Լավագույն լրատվամիջոց»,

4.«Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված շարադրությունների մրցույթը:

Բոլոր անվանակարգերում սահմանված են 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի և խրախուսական մրցանակներ:

«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման ու զարգացման հարցում կազմակերպությունների, տարբեր խմբերի, առանձին անհատների ունեցած ներդրումը, հավուր պատշաճի գնահատել և արժևորել այս ուղղությամբ հայկական համայնքների գործունեությունը: 

1. «Մայրենիի պաշտպան» մրցույթի կազմակերպման նպատակն է խրախուսել սփյուռքյան կառույցներին և անհատներին, ովքեր մեծ ներդրում ունեն մայրենիի պահպանման, տարածման, հայեցի լեզվամտածողության ձևավորման, հայեցի կրթության և դաստիարակության, Սփյուռքի գրական-գեղարվեստական կյանքի զարգացման բնագավառում:

«Մայրենիի պաշտպան» մրցույթին կարող են մասնակցել Սփյուռքում գործող համայնքային կազմակերպություններ, կրթօջախներ, մշակութային հաստատություններ, մայրենի լեզվի ուսուցիչներ, լեզվաբաններ, մշակույթի, գրական գործիչներ, գործարարներ:

Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացված հայտադիմումները պետք է ներկայացնեն ՀՀ սփյուռքի նախարարություն մինչև ս. թ դեկտեմբերի 15ը: 

Հայտադիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել նաև

-լուսանկար,

-կրթության մասին փաստաթուղթ (պատճենը),

-համայնքի, կառույցի կամ դպրոցի բնութագիր-երաշխավորագիր,

-որպես «Մայրենիի պաշտպանի» իր գործունեության նկարագիրը:

2. «Լավագույն ամենօրյա կրթօջախ» մրցույթին կարող են մասնակցել Սփյուռքում գործող հայկական ամենօրյա կրթօ­ջախ­նե­րը` հանրակրթական դպրոցներ, ամենօրյա վարժարաններ, քոլեջներ, որոնք բավա­րա­րում են հետևյալ չափանիշները`

  • գրանցված են որպես կրթօջախ և գործում են որպես կրթական հաստատութ­յուն տեղի կրթական համակարգում, հայկական կազմակերպությանը կամ եկեղեցական կառույցին կից,
  • ուսումնական ծրագրում ներառված են և կրթօջախում դասավանդվում են առնվազն հետևյալ հայագիտական առարկաները` հայոց լեզու (արևմտահայերեն և/կամ արևելահայերեն), գրականություն, հայոց պատմություն, և/կամ հայ եկեղեցու և մշակույթի պատմություն, հայերենագիտական այլ առարկաներ:

Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացված հայտադիմումները պետք է ներկայացնեն ՀՀ սփյուռքի նախարարություն մինչև ս. թդեկտեմբերի 15ը:

3. «Լավագույն լրատվամիջոց» մրցույթին կարող են մասնակցել վերջին երեք տարվա ընթացքում (2011-2013թթ.) և մինչև օրս Սփյուռքում գործող լրատվամիջոցները, որոնք իրենց ուշադրության կենտրոնում են պահում հայապահպանության, Հայաստան-Սփյուռք գործակցության, Սփյուռքում հայկական մշակույթի և կրթության, ինչպես նաև ազգային այլ հարցեր` հրապարակելով նշված թեմաներով հոդվածներ, հարցազրույցներ, ակնարկներ կամ սփռելով հաղորդումներ, հաղորդաշարեր և այլ նյութեր: Մրցույթին ներկայացվում են 2013 թվականին հրապարակված նյութերը:

Մրցույթը կանցկացվի հետևյալ անվանակարգերում`

  • տպագիր լրատվամիջոց (թերթ, հանդես)
  • հեռուստաալիք/հեռուստաժամ
  • ռադիոալիք/ռադիոժամ
  • համացանցային լրատվամիջոց
  • բլոգ

Յուրաքանչյուր անվանակարգում սահմանված են գլխավոր և խրախուսական մրցանակներ:

  1. Մասնակցության հայտ,
  2. 2013թ. գործունեության ամփոփագիր:

Յուրաքանչյուր լրատվամիջոց մրցույթին կարող է մասնակցել միայն մեկ անվանակարգում:

Նախորդ` 2013թ. մրցույթի գլխավոր մրցանակակիրները հրավիրված են մասնակցելու մրցութային հանձնաժողովի աշխատանքներին և մրցույթին չեն մասնակցում:

Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացված հայտադիմումները պետք է ներկայացնեն ՀՀ սփյուռքի նախարարություն մինչև ս. թդեկտեմբերի 15ը:

4.«Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք»  խորագրով  Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված  «Հիշենք անցյալն` ապագան կառուցելու համար» թեմայով Հայաստանի, Արցախի և սփյուռքի կրթօջախների բարձր դասարանների աշակերտների և ուսանողների համար անցկացվող լավագույն գրական ստեղծագործության միջազգային 10-րդ մրցույթ:

Մրցույթի հիմնական նպատակն է Հայաստանի, Արցախի և սփյուռքի աշակերտներին և ուսանողներին հաղորդակից դարձնել հայ ժողովրդի պատմական անցյալին և սերմանել հավատ նրա ապագայի նկատմամբ:

Մրցույթն անցկացվում է Ռուսաստանի հայերի միության,  Համաշխարհային հայկական կոնգրեսի, ՀՀ սփյուռքի նախարարության կողմից և ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ:

Վերը թվարկած մրցույթներին մասնակցության հայտերի ընդունումը կսկսվի մրցանակաբաշխության հայտարարման օրվանից և կշարունակվի մինչև յուրաքանչյուր անվանակարգի հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը։ Փոստով առաքված հայտերն ընդունելիս որպես հիմք կընդունվի առաքման օրվա վերաբերյալ փոստային նշումը։

Հայտերի նախնական գնահատումից հետո մրցութային հանձնաժողովը կարող է դիմել հայտատուին` վերջինիս գործունեությունը լուսաբանող լրացուցիչ տպագիր նյութեր, գրքեր, հրատարակություններ, բրոշյուրներ, տեսաերիզներ, լուսանկարներ և այլ լրացուցիչ նյութեր տրամադրելու խնդրանքով: 

Մրցույթների արդյունքները կամփոփվեն ս.թ. տարեվերջին:

Յուրաքանչյուր անվանակարգի համար գործում են մասնագիտական մրցութային հանձնաժողովներ:

Բոլոր անվանակարգերում մրցանակակիրներից կպահանջվեն նաև բանկային տվյալներ (անվանում, հասցե, SWIFT, հաշվեհամար), ինչպես նաև անհրաժեշտ լրացուցիչ տեղեկատվություն:

Մրցույթներին մասնակցել ցանկացողները մասնակցության հայտերը լրացնում և ներկայացնում են հետևյալ հասցեով՝ ՀՀ, ք.  Երևան, Վազգեն Սարգսյան 26/1 կամ էլ. հասցեներով՝ allarmenian@mindiaspora.am; info@mindiaspora.am, press@mindiaspora.am; gitakrtakan.diaspora@yandex.ru; gitakrtakan-diaspora@mail.ru; mshakuyt.diaspora@mail.ru; mindiaspora@yahoo.com; contact@mindiaspora.am, գրական ստեղծագործությունների մրցույթի համար նաև՝ arm_wac@armcongress.am:

Մրցանակաբաշխության իրականացման պատասխանատու՝ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ՝ Սիրվարդ Համբարյան (Հեռ.՝ +37410 58 56 01 (117)):

«Լավագույն լրատվամիջոց» մրցույթի դիմորդներն իրենց հուզող հարցերի պատասխանները կարող են ստանալ՝ դիմելով ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հեռահաղորդակցության (+37410 58-56-01 (109) Նալբանդյան Նվեր) կամ մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչություն (+37410 58-56-01 (108) Բաղդասարյան Էվելինա):

«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխության 2014թ. տեղեկատվական փաթեթը հետագայում` մրցութային հանձնաժողովների աշխատանքների, մրցույթների արդյունքների մասին տեղեկատվությունը կտեղադրվեն ՀՀ սփյուռքի նախարարության կայքէջում` www.mindiaspora.am, ինչպես նաև՝ նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթի պաշտոնական կայքում՝ www.hayernaysor.am: 

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կից ներկայացնում ենք հայտադիմումների ձևերը ՝

3.Application.lavaguyn.amenorya.krtojax

5.Application.mayrenii.pashtpan

6.Application.lavaguyn.lratvamijoc 

7.Ampopagir