Հայի ֆենոմենը՝ ըստ Հակոբ Գուդսուզյանի

Սփյուռքահայ կինոբեմադրիչի հեղինակած «Իմ որդին հայ պիտի լինի», «Հայկական արձագանքներ», «Հայ տարագիր», «Հայաստանի աշուղները» վավերագրական ժապավեններն ազգային արմատների բացահայտման ներքին մղումով թելադրված  ուրույն ճամփորդություն են ներկայացնում:

Կեսարիայից Եգիպտոս գաղթած նախնիներից սերող հայորդին, ով 10 տարեկանում մշտական բնակություն է հաստատել Կանադայում, իրեն հանդիպած բախտակիցների տարագրության «երթուղիների քարտեզագրմամբ» և արտասովոր անձնապատումներով ֆիլմից ֆիլմ աննկատ ամբողջացնում է պատմական հանգամանքների բերումով հայրենիքից օտարված հայ վտարանդու հավաքական կերպարը: Առեղծվածային ինքնության աստիճանական վերծանմամբ նա ինքնաճանաչման իմաստնությամբ է հարստացնում սեփական ազգային նկարագիրը: Տարերային զգացողությունների իրական ակունքների փնտրտուքի պարզ կինոշարադրանքը օտարազգիներին  հրամցնելով` այդպիսով նաև հայության հինավուրց բազում վկայագրերն է հանրաճանաչում Հակոբ Գուդսուզյանը:

Հայտնի մտավորական Արամ Գուդսուզյանի (1914-1974 թթ.) Հակոբ որդին վեց տարեկանից հոր նկարահանած գովազդային հեռուստահոլովակների «գլխավոր դերակատարն» էր: Թվում էր` կինոաշխարհում հաստատվելն առանձնակի դժվարություն չպիտի ներկայացներ ոլորտի «խոհանոցին» մանկուց քաջածանոթ ուշիմ հայորդու համար: Թե՛ ծննդավայր Կահիրեում, թե՛ տարագրության հաջորդ «հուսալի» հանգրվաններ Մոնրեալում ու Տորոնտոյում, սակայն, կինոարտադրությունը զարգացած չէր:

Ընտանեկան հանգամանքներն էլ բարենպաստ չեն եղել: Երբ Մոնրեալի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հանկարծամահ է եղել հոգաբարձուների խորհրդի անդամ, «Բուրաստան» պարբերականի խմբագիր հայրը, Հակոբը հարկադրված է եղել ապավինել սեփական ջանասիրությանը: Լռել է պատանեկան բանաստեղծական քնարը: Մտահոգված ազգերի ծագման ու պատմական զարգացման խնդիրներով` ձեռնարկել է առաջին աշխատանքները` կարճառոտ կինոնովելներ մեքսիկացի մի նկարչի գրաֆիկայի «սրտագրի» և փուչիկներ վաճառող մանչուկի մասին: Սարոյանական աշխարհին հարազատ գողտրիկ մարդապատումներ, որոնցով սկիզբ դրվեց նորելուկ կինոգործչի ստեղծագործական տարեգրությանը:

Շուտով աշխարհաճանաչման աննախադեպ հնարավորություն գտավ Քվեբեկի և Օնտարիոյի ռադիոհեռուստակայաններում կենսագործած տարաբնույթ հեռուստաշարերով: Ընտրելով գիտական խորհրդականներ ըստ թեմաների` 9-12 տարեկան երեխաների նախասիրությունները լուսաբանող գիտահանրամատչելի հեռուստածրագրեր թողարկեց: Մանկապատանեկան ստվար լսարանի անպարպելի հարցասիրությունը գոհացնելով անմիջական երկխոսության ու սոցիոլոգիական հետազոտությունների ճշգրտած բովանդակությամբ` ցանկալի հեռուստահյուրը դարձավ բազմահազար ընտանիքների: Կյանքի ալիքով իրեն էին հասնում նորանոր հեռուստաֆիլմերի սցենարները: Երկարատև ու համառ պրպտումներով ծնվում էին նյութի լիավյուն բացահայտմանն օժանդակող զգացողությունները: Մարդկային կորուսյալ տոհմերի անհետացման գործոնների գիտապատմական «պեղումներով» 80-ականներից ամբողջացվող ծավալուն հեռուստանախագծում մտադիր էր բերբերների, բասկերի, շումերների, հրեաների, ասորիների և այլոց ծագումնաբանությանը զուգահեռ՝ ներկայացնել նաև հայերինը: Կանադայի «Զորյան» ինստիտուտի ընձեռած հնարավորություններով ընդլայնեց իմացության շրջանակները: Վերժինե Սվազլյանի միջոցով գտավ Մեծ եղեռնի մի շարք ականատեսների: Հայոց ցեղասպանության մասին 1919-ին նկարահանված առաջին ֆիլմի ահասարսուռ պատկերների անքանակ վկայությունները գտավ Դեր Զորում: Հայի ինքնության զգացողությունների հողեղեն խորագնա արմատները շերտ առ շերտ բացվեցին: Ավելին իմանալու նվիրական մղումով շրջագայեց աշխարհասփյուռ հայկական գաղթօջախներով: Մտերմիկ զրույցի բռնվեց հայարմատ եթովպացու ու ֆրանսիացու, հույնի ու ամերիկացու, իրանցու ու չինացու հետ:

Հաճախացան այցելությունները մայր հայրենիք: Տարագիր հայերի սերունդների զգացողությունները համադրեց ի ծննդենե իր մեջ անթեղվածների հետ: Երազանք մնաց «Կորած ազգերի» իրականացումը: Զարմանալիորեն որևէ հովանավոր չգտնվեց նույնիսկ Հայաստանում: Բայց ժողովված հարուստ նյութը սեփական ինքնության բացահայտման անփոխարինելի համալսարանի արժեք ձեռք բերեց:
Ստեղծագործական խմբով 2004-ին նկարահանած «Իմ որդին հայ պիտի լինի» վավերագրական ժապավենը տեղ գտավ Կանադայի ազգային կինոկենտրոնի ֆիլմադարանում: Հաջորդ տարվա ապրիլի 24-ից Լոս Անջելեսի հայկական հեռուստաալիքներն սկսեցին մշտապես ցուցադրել Գուդսուզյանի ֆիլմերը: «Goudsou» ստուդիան, «տեղական պահանջները» բավարարելուն համընթաց, համարձակվեց զարգացնել հայկական թեման: Շուրջ 250 հեռուստաֆիլմերի փորձառությամբ կարողացավ Հայաստանում նկարահանել ազգայինը խորհրդանշող անզուգական 5-6 կինոպատում: Հողի աշխատավորի երգն ու պարը, հումորաշաղախ ասքն ու թատերականացված ծեսը, մոգական խաչքարն ու կիսավեր մատուռը, ձեռագործ գորգն ու ծաղկած ծիրանենին, Սևանա լիճն ու երկնասլաց բարդին բազմերանգեցրին հայկական զգացողությունները: Բուժքույր Ռուզաննա Ավետիսյանի ազգագրական երգին միախառնվեցին Մայր աթոռի երկձայն հոգևոր երգչախմբի տիրամեծար պատարագի, Լոռու մարզի 30-ամյա ազգագրական երգչախմբի աշխարհիկ խաղիկներին` Ռոբերտ Մլքեյանի խմբավարությամբ Սաղմոսավանքում արական երգչախմբի կողմից Սահակ Պարթևի ու Մեսրոպ Մաշտոցի երաժշտալեզվով հնչեցվող երկնառաք աղոթքի այլաթրթիռ ելևէջները: Դուդուկի, դհոլի ու զուռնայի նվագակցությամբ Ալաշկերտի շուրջպար բռնած Վարդանյան քույրերից էապես տարբեր իրենց հայկական զգացողություններով համակեցին Սոֆի Դևոյանի «Պարի և հոգու» թատրոնի նորօրյա նաիրուհիները: Լավաշ հացի անուշ բուրմունքով պարուրվեցին Սբ. Հռիփսիմեում մկրտվող սփյուռքահայ մանուկները, հաշմված արցախյան ազատամարտիկը, կարմրահանդերձ լարախաղացը, խաչքարագործ Հրաչ Կարապետյանը, թառահար Տիգրան Դեմիրճյանն ու ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանը: «Ես ալ չգիտեմ, թե ինչ կնշանակե հայ,- քանիցս կրկնում է նշանավոր հայ տարագիրներից այս մեկի հախուռն պատասխանը Հակոբ Գուդսուզյանը` ասես բարձրաձայն մենախոսելով։- Բայց ես հայ եմ հազարավոր տարիների պատմությամբ: Բնությո՛ւնը որոշած է, որ ես հայ եմ: Դուն հայ ծնած ես, և քո ծնողները քեզմե 5 հազար տարի առաջ են եղել: Ինչպե՞ս կրնանք մեզի կորսնցնել»:

Ազգային արմատների դյուրըմբռնման գաղտնագիրը յուրովի է վերծանում հայր Աթանեսը. «Հայոց հարատևման կարևորագույն խորհրդանիշներն են եռանկյուն կազմում Հայաստանում: Էջմիածինը, որտեղ Քրիստոսն է իջել: Արարատը, որի վրա Նոյի տապանն է հանգրվանել՝ որպես ավետյաց երկրի շեմին: Եվ քառագագաթ Արագածը, որի վրա կախված է Լուսավորչի մշտավառ կանթեղը»:

Հայաստանի հոգևոր ներուժի լիարժեք վերհանումը սփյուռքահայ կինոբեմադրիչի կենտրոնական հետաքրքրությունը դարձավ: Նկատելով օրվա իրական հերոսներից շատերի հանիրավի անտեսվածությունը՝ իր նկարահանման խցիկով ու վտիտ հնարավորություններով ձեռնարկեց ազգային ինքնությունը պահող-պաշտպանողների կինոփնտրտուքը: «Հերոսներ են նրանք, ովքեր մնում են Հայաստանում, պահում երկիրն ու պաշտպանում ազգը,- համոզված է տասնամյա փոխշփումներով մայր հայրենիքի իրատեսական նկարագիրը հիմնականում բացահայտած Հակոբ Գուդսուզյանը:- Տաղանդը Հայաստանում բխում է պարզապես, պակասություն չկա, չեն քաջալերում նրանց»:

Մեր ընդհանուր տպավորությամբ՝ հարկավոր հանրայնացման չի արժանանում նաև նրա հայապահպան կինոգործունեությունը: Առերևույթ պաշտոնապես քաջալերվելով` բավականաչափ լրջությամբ չի մատուցվում, պատշաճ գովազդվում: Ինչպես և սփյուռքահայ արվեստագետներից շատ շատերինը, ովքեր ինքնադրսևորման, ստեղծագործելու բարեբեր հող են փնտրում հայոց «սուրբ երրորդության » անմիջական ներգործության տիրույթում:

Պատրաստեց` Լևոն Մութաֆյանը

Scroll Up