Կուզենայի այնքան ապրել, որքան կարող եմ երգել

«Հայերն Այսօր»-ի թղթակիցը զրուցեց Հայաստանի ժողովրդական արտիստ, աշխարհահռչակ տենոր Վահան Միրաքյանի հետ ապրիլի 27-ին տեղի ունենալիք հոբելյանական համերգի եւ հայկական երգարվեստի մասին:

-Մաեստրո, ինչո՞ւ որոշեցինք Հայաստանում նշել Ձեր ծննդյան 75 եւ ստեղծագործական 50-ամյակները։

-Ինչո՞ւ որոշեցի… որովհետեւ չեմ սպասում նվերի, այլ աշխատում եմ ինքս նվեր անել Հայաստանին։ Այստեղ՝ Երեւանում եմ ծնվել ու ապրել, հայ եմ եւ արվեստում էլ ուղիս, որ անցել է Աֆրիկայից մինչեւ Ճապոնիա, Եվրոպայից մինչեւ Ամերիկա, այդպես էլ անցել եմ որպես Վահան Միրաքյան` զերծ պահելով ինձ առավել արտիստիկ անուն ընտրելու գայթակղությունից։ Հաջողություններս միշտ փորձել եմ ներկայացնել ոչ թե իմ անունով, այլ միշտ ազգությունս ընդգծելով, եւ արդյունքում եվրոպական մամուլը շատ հաճախ գրել է` «Հայ տենորի մեծ հաջողությունը»։ Մի խոսքով, եկել եմ ոչ թե շնորհավորանքի, այլ իմ ժողովրդին կրկին ներկայանալու, կրկին ասելու, որ կամ ու երգում եմ։ Եւ կուզենայի այնքան ապրել, որքան կարող եմ երգել:

Իսկ ինչպիսի՞ն է լինելու նվերը։ 

Կլինի հոբելյանական երեկո յուրահատուկ համերգային ծրագրով` լի անակնկալներով: Իսկ ընդհանրապես իմ ստեղծագործական կյանքի ընթացքում ինձ համար նոր չեն բարեգործական համերգները: Դեռեւս Սպիտակի երկրաշարժից հետո Մյունխենում Գերմանիայի սիմֆոնիկ նագախմբի հետ եւ հինգ հայ օպերային լավագույն երգիչների՝ Անաիս Պոզապալյանի, Սոնա Ղազարյանի, Կարպիս Բոյաջյանի, Էդուարդ Թումաջյան եւ իմ մասնակցությամբ բարեգործական համերգ կազմակերպվեց, եւ ամբողջ հասույթը՝ 11 մլն գերմանական մարկ, տրամադրվեց Հայաստանին։ Օրինակները կսահմանափակեմ այսքանով, միայն ասեմ, որ բազում բարեգործական համերգները, որոնք կազմակերպել եւ որոնց մասնակցել եմ, զերծ են եղել ազգային պատկանելությամբս պայմանավորելուց։ Կարծում եմ` դա գործունեության մի տեսակ է, որտեղ առանցքը մարդասիրությունն է։

Ի՞նչ է լսելու երեւանյան ձեր համերգի հանդիսատեսը: 

Համերգի ծրագիրը մանրամասնել չեմ ուզում ինչ-որ բաներ անկնկալ թողնելու համար։ Բայց ասեմ` որպես Հայաստանում ապրած եւ որոշակի ճանաչում ձեռք բերած երգիչ, չեմ կարող հանդես գալ առանց տարբեր արվեստագետների մասնակցության։ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլը կմասնակցի համերգին, քանի որ այնտեղից եմ սկսել երգչի իմ ճանապարհը. երրորդ կուրսի ուսանող էի, երբ Ալթունյանը հրավիրեց որպես մենակատար, եւ  անսամբլի հետ հյուրախաղերի մեկնեցի Եգիպտոս, Սիրիա եւ Լիբանան։ Այնտեղ շատերն ասում էին. «Այս սիրուն երիտասարդը «Ես իմ անուշ Հայաստանից է», ես էի երգում այդ գործը։ Համերգին կմասնակցեն նաեւ վաստակավոր հայ արվեստագետներ, ինչպես նաեւ Եվրոպայից ժամանած հյուրեր:

Ունկնդրին կներկայացնենք այն, ինչ լիիրավ պետք է կոչել բարձրակարգ երաժշտություն, իսկ այն, ինչ այսօր կա հայաստանյան երաշտության աշխարհում, ըստ ձեզ, որքանո՞վ կարելի է համարել բարձրակարգ։

Անշուշտ կա բարձրակարգը։ Բայց այն ներկայացնելու միջավայրը, բարձրացնելու, այլ մակարդակի եւ ճաշակի բերելու համար քիչ են ժամանակ առ ժամանակ երեւացող վառ առկայծումները։ Ասենք օպերային լավ ներկայացում բեմադրելու եւ խաղացանկում պահելու համար հարկավոր է ոչ թե մեկ երկու առաջնակարգ մենակատարի, հրավիրյալ հռչակավոր մասնագետների ներկայություն, այլ ….մի ամբողջ բույլ։ Ժամանակին մեր օպերային թատրոնը հարուստ էր բարձրակարգ օպերային ներկայացումներով նաեւ դրա շնորհիվ։ Հիմա շատ ենք հեռացել բարձրակարգ երաժշտությունից, ճաշակից, եւ կարծում եմ` պիտի աշխատենք երիտասարդներին ներկայացնել արժեքավոր արվեստը այնպես, որ ծնված օրվանից լսեն, որպեսզի ականջը չսովորի այն թուրքական արաբական երգերին, որոնք հայրեն են երգվում։ Իհարկե առանց աշխարհից կտրվելու լավագույնին պետք է հասնենք։

Իսկ դրա ուղին ո՞րը կարող է լինել։

Ցավալի է հայկական երաժշտության անկումը տեսնելը։  Համենայնդեպս այն, ինչ Հայաստանում  լսվում է ամենուրեք, շատ հաճախ դժվար է երաժշություն անվանել, բայց ունկնդիր ունի։ Հարկ է, որ ռադիոյի, հեռուստատեսության ծրագրերը կազմելիս, այս կամ այն երաժշությունը մարդկանց շարունակաբար ներկայացնելուց առաջ նկատի ունենան, որ գալիս է մի տարիք, երբ արդեն ուշ է լինում մարդու  մեջ այլ ճաշակ մշակելու համար։ Կարեւորը, որ չուշանանք ու երեխայի մեջ ճաշակ մշակենք։ Մինչդեռ այսօր ինչ են լսում Երեւան – Լոս Անջելես – Երեւան գծից այս ու այն կողմ չնայող հայ աստղերին։

Աշխատո՞ւմ եք հայ երիտասարդների հետ, հայաստանյան համապատասխան ուսումնական հաստատությունների ու մարմինների հետ որեւէ համագործակցություն ունե՞ք։ 

Ցանկությունը միշտ եղել է, բայց իրականացմանը նպաստող հանգամանքները, ցավոք, բավականչափ չեն։ Այս այցիս վարպետության դաս տվեցի Կոնսերվատորիայում։ Հայաստանի հետ մշտական համագործակցութան եզրեր չկան, չնայած երբեք էլ դեմ չեմ եղել դրանք գտնելուն, բայց միայն իմ ցանկությունը քիչ է։ Հայ ուսանողներ ունեցել եմ։ Երաեւանի կոնսերվատորիան ավարտած , բայց ոչ լավ երգչական պատրաստվածությամբ եկել են ինձ մոտ, չասեմ ում մոտ ուսանելուց հետո, եւ կարողացել են մեկ տարի անց աշխատանք գտնել։

Հայկական երաժշտության պրոպագանդումը ձեր գործունեության շրջանակներո՞ւմ է։

Իհարկե։ Բացի այն, որ երգացանկումս մշտապես կան հայ կոմպոզիտորների գործեր, աշխատում եմ նաեւ ուսանողներիս հետաքրքիր դարձնել մեր՝ հայկական երաժշությունը։ Թայվանից մի ուսանողուհի ունեմ երգում է Կանաչյանի ՙՕրօրը՚, պորտուգալուհի ուսանողուհիս`  ՙԾիծեռնակ՚։ Նրանց կատարումների տեսագրությունները  կան եւ առիթ եղել է այստեղ՝ Հայաստանում իմ մասին պատրաստված հաղորդումներում դրանք օգտագործելու։ Ի դեպ ուսանողներիցս ոչ մեկին չեմ ստիպում հայկական գործ կատարել։ Պարզապես ներկայացնում եմ մեր երաժշտությունը եւ հետաքրքրվում հավանում ու կատարում են։ Ստիպելն անկարելի է. երաժշտության մեջ մեծահոգի պետք է լինել։ Երբ ԽՍՀՄ  138 երգիչներից առաջին տեղին արժանացա եւ հնարավորություն ստացա սովորելու Լա Սկալայում իմ մաեստրո Ջեննարո Բառռային հարցրեցի, թե ինչ տարբերություն կա ռուսական ֆրանսիական ոկալի դպրոցների մեջ: Ժպտաց, ասաց` ոչ մի տարբերություն։ Ասաց կա մեկ դպրոց,  այն է` երգիչը պետք է երգի իր բնական ձայնով, քանի որ ինչպես չկա աշխարհում մատնահետքի կրկնություն այնպես էլ ձայնի օրինակ: Յուրաքանչյուր տենորի ձայն յուրովի է հնչում։

Տաղանդավոր հայ երիտասարդներն այսօր ի՞նչ հնարավորություններ ունեն Լա Սկալա հասնելու։ 

Իմ մասնագիտական բոլոր հնարավորությունները պատրաստ եմ ծառայեցնել այդ նպատակին։ Մի նախագիծ ունեմ, որը պայմանականորեն կոչել եմ ՙԿրթություն, գիտութկյուն եւ արվեստ հայոց ազգի զենքն է մեծ՚ եւ դեռ պետք է ներկայացնեմ վարչապետ Տիգրան Սարգսյանին։ Այս նախագիծն էլ մեծապես կնպաստի հայկական մշակույթային դաշտի առողջացմանն ու հարստացմանը։ Իմ ՙՎահան Միրաքյան՚ հիմնադրամի միջոցով մտադիր եմ թելեթոն իրականացնել եւ հավաքված դրամական միջոցները ներդնել Հայաստանում արվեստի զարգացման գործում:  Եւ եթե ինձ չհրավիրեն Հայաստան, որպեսզի երգիչների հետ պարապեմ, ես կկանչեմ նրանց իմ մոտ լավ մասնագետ դարձնելու համար: Պատրաստ եմ ամենայնս օգտակար լինել։ Հիմա Հայստանում եմ եւ ովքեր ուզում են, կարող են հանգիստ օգտագործել ներկայությունս եւ մարզել իրենց ձայնն իմ օգնությամբ։ Ինքս էլ հեռու չէի մնա այդ հնարավորությունից, եթե մաեստրոս ողջ լիներ։ Երգիչը երբեք չի կարող ասել, թե ես հասա գագաթին եւ վերջ: Պետք է միշտ նոր բարձունքներ վերցնել:

Ի՞նչ խորհուրդ կտայիք երիտասարդ կատարողներին։

Արդեն Հայաստանում չէի, երբ իմացա, որ որդիս երգում է եւ իմ ձայնագրությունները միացնում ու փորձում է գնալ կրկնօրինակման ուղով։ Խիստ անհանգստացա եւ անմիջապես զանգահարեցի ասելու, որ երգի իր բնական ձայնով առանց որեւէ մեկին կրկնօրինակելու։ Սա է ասելիքս յուրաքանչյուր կատարողի եւ այն, որ անեն կարեցածը առանց կոչումներին կարեւորություն տալու։ 1978 թվականին վերջին հյուրախաղերս էին Երեւանի օպերային թատրոնի հետ Մոսկվայում։ Ծրագրում Արմեն Տիգրանյանի ՙԱնուշ՚, Ալեքսանդր Հարությունյանի ՙՍայաթ Նովա՚, Բելինիի ՙ Նորմա՚,  Չայկովսկու ՙԻոլանտա՚ օպերային ներկայացումներն էին։ Բոլոր չորս ներկայացումներում մասնակցում էի որպես գլխավոր տենորային դերերգերի մենակատար։ Այդ հյուրախաղերից առաջ շնորհեցին Հայաստանի ժողովրդական արտիստի կոչում։ Բայց երբ բեմ ես ելնում մնում ես միայնակ ձայնային տվյալներիդ հետ։ Սա էլ երեւի իմաստ ունի, որ հիշեն երիտասարդ կատարողները։

Scroll Up