ԱՐԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ. «ԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻ ՄԱՍՆԻԿՆ ԵՄ»

Օրերս Երևանում էր ԱՄՆ-ի «Մենթոր գրաֆիքս» ընկերության Երևանի մասնաճյուղի ղեկավարներից մեկը, Արա Մարկոսյանը: Նշենք, որ «Մենթոր Գրաֆիքսը» աշխարհի առաջատար ընկերություններից է միկրոչիփերի նախագծման ավտոմատիզացիայի բնագավառում: Պարոն Մարկոսյանը նաև «Վիասֆեր տեխնոպարկ»-ի տնօրենների խորհրդի անդամ է: Օգտվելով առիթից, հանդիպեցինք նրա հետ ու խնդրեցինք պատասխանել  մի քանի հարցի:

-Պարոն Մարկոսյան, շատ ուրախ ենք Ձեզ տեսնել Հայաստանում: Հաճախ ե՞ք լինում այստեղ:

-Այո: Գործի բերումով ինձ անհրաժեշտ է լինում երեք ամիսը մեկ անգամ այցելել «Մենթոր գրաֆիքսի» Հայաստանի մասնաճյուղը: Բացի այդ, այստեղ են ծնողներս, հարազատներս, ընկերներս: Երբ գալիս եմ, ընկերներով հանդիպում ենք և ստացվում է, որ ինձ հետ ավելի հաճախ են հանդիպում, քան իրար հետ, չնայած Հայաստանում են ապրում: Այդ առումով, ես ինձ Հայաստանից չեմ զատում և շարունակում եմ հայաստանցի մնալ:

-Խնդրում եմ պատմեք Ձեր մասին, ընտանիքի, ծնողների, արմատների մասին:

-Ծնվել եմ Երևանում, 1984 թվականին ավարտել եմ Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, որից հետո երեք տարով մեկնել եմ Մոսկվա` ասպիրանտուրայում սովորելու, և 1988-ին ԽՍՀՄ Գիտութունների Ակադեմիայում պաշտպանել թեկնածուականը` «մաթեմատիկոս» մասնագիտությամբ: Այնուհետև վերադարձել եմ Երևան և դասավանդել ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում, մինչև 1992 թվականին ԱՄՆ մեկնելս:

Ծնողներս երևանցի են, արմատներով` Մուշից, Ղարսից, Երևանից:   Երևանի պետական համալսարանի դասախոսներ են: Հայրս այսօր էլ դեռ դասավանդում է:

Կնոջս` Անահիտի հետ սովորել ենք նույն դպրոցում և 1979թ.-ին միասին ավարտել ենք №:132 դպրոցի մաթեմատիկական թեքումով դասարանը:  Անահիտը մասնագիտությամբ ֆիզիկոս է: Ավարտել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը: Բայց այսօր աշխատում է որպես ծրագրավորող:

Ունենք երկու երեխա:

Որդիս` Վահեն ծնվել է Երևանում, 24 տարեկան է: Անցյալ մայիսին ավարտել է Սան Խոսեի համալսարանի բակալավրատուրան և այս տարի ընդունվել է Նյու Յորքի Կոլումբիա համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի մագիստրատուրան:

Աղջիկս` Լիլիթը ծնվել է ԱՄՆ-ում` Սիլիկոնային հովտի քաղաքներից մեկում` Սանտա Կլարայում, 17 տարեկան է, սովորում է ավագ դպրոցի 11-րդ դասարանում: Պատրաստվում է ավագ դպրոցի վերջին կիսամյակը  ուսանել Երևանի Վալդորֆյան դպրոցում: Լիլիթը նաև շատ տարված է բալետով, որով լրջորեն զբաղվում է մանուկ հասակից: Երբ Լիլիթը Երևանում է լինում, մասնակցում է պարարվեստի ուսումնարանի լավագույն ուսուցիչների դասերին:

-Պարոն Մարկոսյան, ի՞նչ ճանապարհներ Ձեզ տարան Ամերիկա:

-1992 թվականին մեկնեցի Ամերիկայի Միացյալ Նահանգներ` իմ մասնագիտությամբ աշխատանք գտնելու նպատակով: Ես մաթեմատիկոս եմ, ծրագրավորող: Այն ժամանակ Հայաստանում պահանջարկ չկար: Մի քանի դժվար ամիսներ անցկացրեցի Սան Ֆրանցիսկոյում, մինչև որ կարողացա Սիլիկոնային հովտում աշխատանքի ընդունվել “Քոմփաս դիզայն աութոմեյշն” ընկերությունում: Հաստատվեցի Կուպերտինո փոքրիկ քաղաքում, հետո Հայաստանից այնտեղ տեղափոխեցի ընտանիքս: Այդ տարիներին Սիլիկոնային հովտի 90-ականների տնտեսական վերելքը դեռ չեր սկսվել, և գործ գտնելը բավականին դժվար էր: Քանի որ Խորհրդային Միությունը դեռ նոր էր փլուզվել և սահմանները նոր բացվել էին, ես փաստորեն հայտնվեցի ամենաառաջին հայաստանցիների շարքում, որոնք նույնպես ճակատագրի բերումով իրենց տեղը գտան ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններում:

Սա վճռական մի պահ էր իմ կյանքում, որը կանխորոշեց իմ հետագա աշխատանքային գործունեությունը: Չեմ կարող ասել, թե այս իմ ձգտումը դեպի միկրոչիփերի նախագծման բնագավառը պատահական էր, քանի որ դեռ մանկությանս տարիներից, նախ և առաջ հանձինս ծնողներիս, շրջապատված եմ եղել այնպիսի մարդկանցով, որոնք զբաղվել են Խորհրդային Միության բարձր տեխնոլոգիաների զարգացումով, և մասնավորապես միկրոչիփերի նախագծման (պրոեկտավորման) ավտոմատիզացիայով: Իմ առաջին ուսուցիչը եղել է հայրս, որը 70-ական թվականներին ղեկավարում էր «Մերգելյանի Ինստիտուտի» համապատասխան բաժինը և ճանաչված մասնագետ էր ԽՍՀՄ-ում:

-Կմանրամասնե՞ք:

-Սիրով: Ինչպես արդեն նշեցի, իմ ամերիկյան աշխատանքային կարիերան սկսեցի 1992թ.-ին «Քոմփաս» ընկերությունում: Այնուհետև 1996թ.-ին ինձ հրավիրեցին աշխատելու մի նորաստեղծ հիմնարկ՝ “Արիստո թեքնոլոջի”, որը զբաղվում էր էլեկտրոնային նախագծման ավտոմատիզացիայի առաջադեմ մեթոդներով: Երեք տարի անց` 1999 թվականի ապրիլին Հայաստանում հիմնադրեցի ծրագրային “Արսետ” ընկերությունը, որը մշակում էր սոֆթվերային համակարգեր «Արիստո թեքնոլոջիի» համար: Ստեղծման պահին «Արիստոն» ծրագրավորողների շատ փոքրիկ, վեց հոգանոց մի խումբ էր, որը ընդամենը չորս տարվա ընթացքում դարձավ վաթսուն աշխատող ունեցող, հզոր տեխնիկական կարողություններով մի հիմնարկ, և իր ներուժով գրավեց «Սինոփսիս» ընկերության ուշադրութունը: Արդյունքում, 2003 թվականին «Արսետը» դարձավ առաջին ընկերությունը, որը «Սինոփսիսը» գնեց Հայաստանում և դրանով հիմք դրեց իր ամենամեծ արտասահմանյան ներկայացուցչությանը, որը այսօր Հայաստանի մեծագույն սոֆթվեր ընկերությունն է` ավելի քան 500 ինժեներ աշխատուժով: Կուզեի նաև նշել, որ «Արսետը» առաջին երկու ընկերություններից մեկն է, որը հայտնվեց «Վիասֆեր տեխնոպարկում»…

Ոգևորված «Արսետի» հաջողությունով, 2003թ.-ին ես համակուրսեցի ընկերներիս՝ Սուրեն Ալեքսանյանի և Սեդրակ Սարգիսյանի հետ, (ասեմ, որ Սուրենը և Սեդրակը այժմ բնակվում են Սիլիկոնային հովտում), հիմնեցինք մի նոր ընկերություն՝ ”Պոնտե սոլուշնս”, որը նույնպես նոր, բարձրտեխնոլոգիական ծրագրերի համակարգ էր մշակում: Բիզնեսի բնույթով պայմանավորված, «Պոնտեի» գլխավոր գրասենյակը գտնվում էր Սիլիկոնային հովտում, բայց ընկերության սոֆթվերային համակարգի մշակումը ամբողջությամբ կատարվում էր Երևանում: 2008թ.-ին, «Մենթոր գրաֆիքս» ընկերությունը, որը «Սինոփսիս»-ի համար երկրորդ ամենամեծ մրցակիցն է, գնեց «Պոնտե»-ն և իր օֆիսը հաստատեց Երևանում: Այսօր «Մենթոր գրաֆիքս»-ի հայաստանյան մասնաճյուղն ունի ավելի քան վաթսուն աշխատող և արագ տեմպերով ընդլայնվում է: Պլանավորում ենք մինչև եկող տարվա վերջ ունենալ 150 կամ ավելի աշխատող: Ես մինչև այժմ աշխատում եմ «Մենթոր գրաֆիքս»-ում:

Ամփոփելով մասնագիտական թեման, կուզեի ասել, որ շատ հպարտ եմ, որ վերջին տասներկու տարիների` իմ և ընկերներիս աշխատանքի արդյունքում, էլեկտրոնային պրոեկտավորման ավտոմատացման` աշխարհի երկու ամենամեծ առաջատար ընկերություններ՝ «Սինոփսիսը» և «Մենտոր գրաֆիքսը» մուտք գործեցին Հայաստան և շարունակում են լուրջ ներդրումներ կատարել հայաստանյան բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

-Պարոն Մարկոսյան, ասացիք, որ հաճախ եք լինում Հայաստանում: Ի՞նչ փոփոխություններ եք նկատում , դրական են, թե՞…

-Քանի որ հաճախ եմ գալիս, դժվար եմ նկատում փոփոխությունները: Բայց, անշուշտ, դրական տեղաշարժ կա: Ասենք, թեկուզ, երկիր մուտք գործելն արտասահմանցիների համար ավելի դյուրին է դարձել: Գործի հետ կապված, որպես օրինակ, կարող եմ ասել, որ մաքսային ծառայությունները ավելի հեշտացրել և թափանցիկ են դարձրել իրենց գործընթացը: Եվս մեկ բան կուզեի նշել, որը անկասկած աչքի է ընկնում՝ վերջին տարվա ընթացքում վարորդները դարձել են ավելի կարգապահ, և դա շատ գովելի է: Ասածս այն չէ, թե բոլորը հիմա օրենքի համաձայն են երթևեկում, բայց դրական միտումը նկատելի է, և դա պետք է խրախուսել…

-Ի՞նչ ինքնազգացողություն ունեիք, երբ առաջին անգամ հայտնվեցիք ԱՄՆ-ում:

-Զգացողություններս միանշանակ չեն: Ամենասկզբում դժվար էր, իհարկե: Ունեի որոշ դժվարություն հաղորդակցվելու առումով, քանի որ անգլերենս զարգացած չէր: Բայց արագ ինտեգրվեցի և ինձ շատ լավ եմ զգում:
Ասեմ, որ Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի շրջանը, որտեղ գտնվում է Սիլիկոնային հովիտը, շատ յուրահատուկ տեղ է: Իր բնակչության բազմազանությամբ և միմյանց նկատմամբ հանդուրժողականությամբ, այն առանձնահատուկ է նույնիսկ ամերիկյան չափանիշներով:

Եթե թույլ կտաք, մի դրվագ պատմեմ այս կապակցությամբ: Երբ դեռ Հայաստանում էի ապրում, հեռուստացույցով վավերագրական ֆիլմերի մի շարք դիտեցի ԱՄՆ-ի տարբեր նահանգների մասին, նկարահանված հենց ամերիկացիների կողմից: Երբ խոսքը գնաց հյուսիսային Կալիֆոռնիայի մասին, որի բնակչության մեծամասնությունը ապրում է Սան Ֆրանցիսկոյի շրջանում, հեղինակը հայտարարեց, որ այստեղ ապրում են մարդիկ, որոնք բոլորովին տարբեր են իրարից և աշխարհի բոլոր մյուս մարդկանցից: Շարունակելով միտքը նա ասաց, որ այստեղի ամբողջ բնակչությունը կազմված է «սպիտակ ագռավներից» (բնականաբար, բառիս լավ իմաստով): Միայն երբ հայտնվեցի Սան Ֆրանցիսկոյում, հասկացա այդ խոսքերի իսկական իմաստը: Եվ պետք է խոստովանեմ, որ ես ինձ շատ լավ եմ զգում «սպիտակ ագռավների» շրջապատում, և մի գուցե ինքս էլ դարձել եմ այդպիսինը:

-Ի՞նչ կասեք Սան Ֆրանցիսկոյի հայկական համայնքի մասին:

-Սան Ֆրանցիսկոյի համայնքը շատ փոքր է Լոս Անջելեսի կամ Բոստոնի համայնքների հետ համեմատած: Սակայն, ինչպես և վերը նշված մեծ համայնքները, մեր շրջանի հայկական համայնքը միատարր չէ: Կան հնաբնակներ, որոնք այստեղ վաղուց են հաստատվել: Մոտ երեսուն-քառասուն տարի առաջ մեծ հոսք եկավ Լիբանանից, Սիրիայից, մյուս արաբական երկրներից, ինչպես նաև Իրանից: Վերջին 10-20 տարիների ընթացքում շատ են եկել Հայաստանից, Բաքվից և նախկին ԽՍՀՄ-ի այլ վայրերից: Սույն փաստը բացատրում է, թե ինչու Սան Ֆրանցիսկոյի, ինչպես նաև ԱՄՆ-ի մյուս հայկական համայնքները միաձույլ չեն: Անշուշտ, հիմնականում բոլոր «ենթա-համայնքները», բարեկամական վերաբերմունք ունեն իրար նկատմամբ, բայց մյուս կողմից, իրենք միանշանակ միաձույլ չեն: Դրա համար կան տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, որոնց քննարկումը մի առանձին զրույցի թեմա կարող է լինել:

-Դուք ո՞ր խմբին եք դասում Ձեզ:

-Եթե մաթեմատիկորեն խիստ արտահայտվենք, դա կհնչի այսպես՝ ըստ սահմանման ես «հայաստանցի» եմ: Բայց շատ կաշկանդված ու տհաճ եմ զգում, երբ ինձ կամ մեկ ուրիշին սահմանում և սահմանափակում են նման պիտակով: Ես մասնակցում եմ և ունեմ մտերիմ ընկերներ բոլոր հայկական «ենթա-համայնքներում»: Նաև փորձում եմ հնարավորինս աջակցել տարբեր համայնքների միասնականացման շարժմանը:

-Իսկ ի՞նչ եք կարծում, ի՞նչը կարող է համախմբել համայնքի բոլոր անդամներին, նպաստել ազգային գաղափարի վերածնմանը:

-Համայնքի առաջադեմ մարդիկ փորձում են ավելի մոտեցնել ներհամայնքային տարբեր շերտերը: Քանի որ Սան Ֆրանցիսկոյի հայկական համայնքը շատ փոքր է, այս շրջանում ընդամենը մեկ միջնակարգ հայկական դպրոց կա: Դպրոցն իբրև կրթական և մշակութային կենտրոն, վստահորեն կարող է համախմբել հայերին, եթե խիզախ լինի ու ստանձնի այդ կարևոր և դժվար դերը:

Կարելի է բոլորին համախմբել համահայկական գաղափարի շուրջ: Այ օրինակ, այս տարի հունվարին մեր համայնքի հյուրն էր Ցվետանա Պասկալևան: Նրա` Արցախյան պատերազմին նվիրված ֆիլմերի ցուցադրությանը միահամուռ կերպով մասնակցեցին համայնքի շատ տարբեր կազմակերպություններ: Ստեղծվել էր շատ ջերմ ու միասնական մթնոլորտ: Ես հավատում եմ, որ քայլ առ քայլ, բոլորին հուզող հիմնահարցերի շուրջ հնարավոր է համախմբվել, միասնական դառնալ: Բայց կան շատ ուրիշ, ոչ կենսական խնդիրներ, որոնք ավելի ճիշտ ձևով կլուծվեն, եթե լինի բազմակարծություն և բաց քննարկում:
Իմ կարծիքով, սա միայն Սփյուռքի խնդիր չէ: Հայաստանում ևս շատ կարևոր պրոցեսներ են տեղի ունենում, միտում կա, որ սփյուռքահայերը գալիս են ու հիմնավորվում են Հայաստանում` հայ հասարակության մեջ ստեղծելով նոր դինամիկա…

-Այդուհանդերձ, արտագաղթը շարունակվում է…

-Իմ կարծիքով, արտագաղթը միայն բացասական երևույթ չի: Դրական կողմ էլ ունի: Հայաստանցիները գնում են, աշխարհ են տեսնում, ընդօրինակում են այլ ժողովուրդների, մշակույթների դրական կողմերը ու բերում են այդ փորձը ետ` Հայաստան: Հազվադեպ է լինում, որ կապը լիովին կտրվում է: Առավել ևս, կան որոշ բացառիկ դեպքեր, երբ արտագաղթած մեր հայրենակիցը ընդմիշտ վերադառնում է Հայաստան:

Այո, հազվադեպ երևույթ է, բայց կան վառ օրինակներ: Իմ նախկին կոլեգաներից մեկը, “Արսետի” առաջին աշխատակիցներից` Վահագն Պողոսյանը, 2000թ. մինչև 2003թ. ապրելով Սիլիկոնային հովտում և աշխատելով առաջադեմ հիմնարկներում, վերադարձավ Հայաստան և 2003թ. այստեղ հիմնեց “Ինստիգեյթ” ընկերությունը, որտեղ այսօր աշխատում է 120 մասնագետ: “Ինստիգեյթը” համագործակցում է համաշխարհային տարբեր առաջատար ընկերությունների հետ: Բացի այդ, Վահագնը մշակել է թրեյնինգային ծրագրեր և կազմակերպել է ծրագրավորման ուսումնական կենտրոններ Երևանում, Գյումրիում, Վանաձորում և շուտով նաև` Ստեփանակերտում:

Եթե արտագաղթողների 100-ից, նույնիսկ 1000-ից մեկը գա ու օգտակար լինի Հայաստանին, զարգացնի որևէ բնագավառ, ինչպես Վահագն Պողոսյանը առաջ է տանում բարձր տեխնոլոգիաների ոլորտը, իմ կարծիքով, այս պարագայում Հայաստանը ավելի կշահի, քան եթե արտագաղթ ընդհանրապես չլիներ և հայաստանցիների համար այսպիսի հնարավորություններ չստեղծվեին:

Այս արտառոց դեպքերի քանակը կարող է տասնապատկվել և նույնիսկ դառնալ մասսայական երևույթ, եթե Հայաստանի կառավարությունը մշակի և իրագործի պետական ծրագիր, որը արտագաղթած, և ավանդական սփյուռքի տաղանդավոր հայությանը կխրախուսի գալ Հայաստան և իր արժեքավոր փորձը ներդնել հայ հասարակություն զարգացման մեջ: Ես պատկերացնում եմ, որ նման ծրագրի նպատակը պետք է լինի հայրենադարձների համար այնպիսի պայմաններ ստեղծել, որ իրենց համար դա լինի ոչ թե «զոհաբերություն հանուն հայրենիքի», այլ ցանկալի և բարենպաստ կյանքի և կարիերայի զարգացում: Սրա համար նոր անիվ հորինել պետք չի՝ նման օրինակներ աշխարհում կան և եզակի չեն:

Կարծում եմ, որ Սփյուռքի նախարարության գլխավոր խնդիրներից մեկը պետք է լինի նման համաշխարհային փորձի ուսումնասիրությունը, այդպիսի գործնական ծրագրի մշակումը Հայաստանի համար և իհարկե, այս գործընթացում առաջատարի դերը ստանձնելը:

Եւ վերջում, ի՞նչ կմաղթեի Հայաստանին, ուրեմն նաև ինձ, որովհետև ես Հայաստանի մի մասնիկն եմ: Իհարկե միայն բարգավաճում, բարօրություն և խաղաղություն:

Զրուցեց Կարինե Բաբաջանյանը

Scroll Up