Հայրենիքը տուն է, իսկ արտերկիրը` հյուրանոց

Հայրենադարձված յուրաքանչյուր հայ, հայկական ընտանիք յուրովի ամրացնում է մեր տան հիմքերը…Սա է հայրենասիրությունը, որ դեռ վաղ հասակից ամուր խարիսխ է գցել Բաղդատյան եղբայրների հոգում, ու երազների հայրենիքը` Հայաստանը, տարիներ անց դադարել է տեսիլք լինել, դարձել է Անի եւ Մանուել Բաղդատյանների որդիների` Տիրան եւ Պիեր Բաղդատյանների վերջնական հանգրվանը:

Հայրենիքը տուն է. սրանք հայրենադարձված երիտասարդ գործարար, լիբանանահայ Տիրան Բաղդատյանի խոսքերն են: Հենց նրա հետ է ամսաթերթի թղթակցի հարցազրույցը «Հայրենադարձություն» խորագրի ներքո, որն էլ սիրով ներկայացնում ենք նաեւ մեր ընթերցողին:

-Պարո՛ն Բաղդատյան, ե՞րբ եք հայրենադարձվել:

-2005 թվականին եկա Հայաստան: Հայրենիքիս նկատմամբ ունեցած զգացումներս, հայկական դաստիարակությունս ինձ միշտ մտորել են տվել Հայաստանի մասին, եւ երազել եմ իմ բույնը հյուսել Հայրենիքում: Հայրենադարձվել եմ եղբորս` Պիերի եւ մայրիկիս` Անիի հետ. Հայրս մահացավ 1993 թվականին: Հայրենիքը տուն է, իսկ արտերկիրը` հյուրանոց, ժամանակավոր կացարան, որը մի օր պիտի թողնես: Ճիշտ է, ծնվել, մեծացել ենք Լիբանանում, սովորել ենք արտասահմանում, սակայն հայրենիք սերը հզոր է ամեն ինչից. մենք գիտեինք, որ մի օր պիտի գանք Հայաստան: 10  հոգով վերադարձանք, 10  հայ էլ ավելացավ Հայաստանում:

-Առաջին անգամ ե՞րբ եք եղել Հայաստանում եւ ի՞նչ տպավորություններով եք մեկնել:

-Առաջին անգամ եկել է եղբայրս, 1993-ին եկել եմ ես: Եկանք, երբ Հայրենիքը մեջքը չէր շտկել երկրաշարժի ծանրությունից, Երբ Արցախյան գոյամարտը չէր հանգուցալուծվել, երբ քաղաքում, երկրում մութ էր, ցուրտ եւ տխուր եւ մենք հասկացա նք, որ սա է մեր երկիրը եւ մեր երկիրը մենք պիտի կառուցենք:
Սկզբում փաթեթավորման գործ ձեռնարկեցինք, որն այնքան էլ արձագանք չգտավ Հայաստանում: Հետագայում ձեռնարկեցինք շոկոլադի գործը, հիմնեցինք շոկոլադի գործարան Աշտարակում: Անցյալ տարի բացել ենք շոկոլադի խանութ-սրահ Տերյան փողոցում: Խանութը կոչվում է «Գուրմե-Դուրմե»: Գուրմե նշանակում է ախորժաբույր, իսկ դուրմեն հայերեն բառ է եւ նշանակում է շոկոլադ:

-Երբեւէ չե՞ք զղջացել վերադարձի համար:

-Ցանկացած երկրում, քաղաքում, ընտանիքում առաջանում են խնդիրներ, հիասթափություններ, ինչու չէ…Երբեմն զղջում ես զայրացած պահերիդ, բայց երբ խաղաղվում ես, անցնում է ամեն բան:

-Սփյուռքի նախարարությունն ի՞նչ դերակատարում, մասնակցություն է ունեցել ձեր վերադարձի հարցում:

-Մենք ավելի վաղ ենք եկել Հայաստան. Առաջին անգամ` 1993-ին, հետո` 2005-ին: Այսինքն` Սփյուռքի նախարարությունը դեռ չէր կազմավորվել: Մենք լավ բարեկամներ ենք Սփյուռքի նախարարության հետ. Նրանք ընդունում են մեր առաջարկները, քննարկում են, ընթացք տալիս: Սփյուռքի նախարարությունը մեզ չի անտեսում, չի մոռանում: Տիկին Հրանուշ Հակոբյանը շատ լավ ծրագրեր է ձեռնարկում, որոնք շատ հայերի կօգնեն հայրենադարձվել, իրենց բախտը, ճակատագիրը մեկընդմիշտ կապել Հայրենիքի հետ:

-Քաջալերո՞ւմ եք, որ ուրիշները եւս հայրենադարձվեն, հաստատվեն Հայաստանում:

-Իհարկե, դա իմ ամենօրյա խոսակցության թեման է:
Ամեն պահ ես կարող եմ տեղափոխվել ուրիշ երկիր, դրսում աշխատել, սակայն ինձ համար կարեւորը այստեղ աշխատելն է ու այստեղ ապրելը: Նունը մշտապես ասում եմ դրսում բնակվող իմ ընկերներին, ծանոթներին, բարեկամներին:

Scroll Up