Հայը երեխայի երգ ու պարով հպարտանում, բայց հայկական դպրոց տանելու մասին չի մտածում

«Հայերն Այսօր»-ի թղթակիցը զրուցեց Տոմսկի շրջանի հայերի միության  Տոմսկի ռեգիոնալ հասարակական կազմակերպության նախագահ Ռուբեն Մանուկյանի հետ համայնքում առկա խնդիրների եւ առաջիկա ծրագրերի մասին:

-Ե՞րբ է ձեւավորվել Տոմսկի հայկական համայնքը:

-Տոմսկի հայկական համայնքը ստեղծվել է 1993 թվականին եւ միայն 2004 թվականին պաշտոնապես գրանցվել  որպես «Տոմսկի շրջանի հայերի միության  Տոմսկի ռեգիոնալ հասարակական կազմակերպություն»: Մեր համայնքը Սիբիրի լավագույն համայնքներից մեկն է:

-Ինչո՞վ է արտահայտվում դա։

-Համայնքին անհրաժեշտ ենթակառուցվածքները համատեղ են գործում եւ ծրագրերն էլ նույն կերպ ենք իրականացնում։ Ունենք հայկական մատուռ: Այն գտնվում է քաղաքի մուտքի մոտ, եւ առաջինը, ինչ տեսնում ենք քաղաք մտնելիս՝ մատուռն է: Համայնքում գործում է նաեւ կիրակնօրյա դպրոց: Ունենք պարի անսամբլ. «Նաիրի» ենք կոչել, եւ այն արդեն որոշակի ճանաչում ունի, երկու տարբեր մրցույթներում գրան-պրի է շահել՝ շնորհիվ պարուսույցների աշխատանքի, 70 աշակերտների աշխատասիրության եւ համայնքի ուշադրության։ Մեր համայնքում գործում է նաեւ «Արաքս» երգի խումբը: Արդյունքում մեր սեփական ուժերով կարող ենք անցկացնել 5 ժամանոց համերգ: Դա հնարավորություն տալիս բոլոր ազգային ու եկեղեցական տոները մեծ շուքով նշելու։

-Իսկ ի՞նչ կարգով եւ ծրագրով է գործում կիրակնօրյա դպրոցը։

-Երկար էի մտածում, թե ինչպես կարելի է համախմբել  հայերին եւ հասկացա, որ պետք է դպրոց ստեղծել: Չէ՞ որ հայությունը մի թուլություն ունի՝ երեխաները: Գնացինք 16-րդ գիմնազիա, որտեղ կան ուկրաինական, բելառուսական դասարաններ: Մենք էլ որպես քրիստոնյա դիմեցինք մեր դասարանները ունենալու համար: Սկզբում չորսն էին, հիմա մնացել են երեքը: Սկիզբ շատ լավ էր. ժողովրդի մեջ ոգեւորությունը մեծ էր: Ավելի քան 100 երեխա էր այցելում դպրոց: Իսկ հիմա նրանց թիվը դարձել է 60: Դպրոցում եռամյա կրթություն է: Այն գործում է մեր ուսումնական ծրագրով:  Երեխաներ, որոնք դեռեւս ոչ մի անգամ  չեն եղել Հայաստանում,  հայերեն են գրում եւ կարդում: Տոմսկի հայկական կիրակնօրյա դպրոցում ներկա պահին օտարզգի աշակերտներն էլ են սովորում։ Հայերեն սովորողների մեջ շատ են ռուս աղջիկներ, ովքեր ունեն հայ ընկերներ. վրացիներ եւ մուսուլմաններ էլ կան։ Մեզ մոտ հայերեն էր սովորում անգամ Տոմսկի պետական համալսարանի դասախոսներից մեկը: Ի տարբերություն այս իրողության, կան հայեր, ովքեր նախընտրում են իրենց երեխաներին տանել չինական ու այլ դպրոցներ` մեկնաբանելով, թե այնտեղ առաջընթացն ավելի մեծ է: Մենք էլ, նման բաներն հաշվի առնելով, որոշել ենք այս տարի մի նոր կարգ սահմանել. այն երեխան, ով չի հաճախում հայկական դպրոց, չի կարող հաճախել նաեւ պարի եւ երգի խմբակ:

-Իսկ այդ կարգը չի՞ նպաստի, որ երգ ու պարի խմբակներ էլ չգան։

-Կարծում եմ` չէ, քանի որ յուրաքանչյուր հայ հպարտանում է, երբ իր երեխան գեղեցիկ է պարում կամ երգում, ու չնայած դրան, չի մտածում երեխային հայկական դպրոց ուղարկելու մասին:

-Համայնքում աշխատելը հավանաբար որոշակի դժվարություններ է առաջ բերում։
Քանի՞ տարի է, ինչ ղեկավարում եք Տոմսկի հայկական համայնքը։

-Ռուսաստանում աշխատանքս սկսել եմ  որպես շարքային ծառայող եւ հասել  մինչեւ գնդապետի կոչման ու ներքին գործերի վարչության պետի տեղակալի պաշտոնին։ Եւ երբ թոշակի անցա, առաջարկեցին ղեկավարել համայնքը` մեկ տարի աշխատելու մտադրությամբ:  2003 թվականին ստանձնեցի այդ գործը, բայց որոշ ժամանակ անց հասկացա, որ աշխատանքն ինձ դուր է գալիս եւ կարողություններս էլ, որ 32 տարի Ռուսաստանին եմ ծառայեցրել, հիմա  հարկավոր է ծառայեցնել հայրենիքիս։ Ինչ մնում է աշխատանքին, ապա այն դժվար է։ Հատկապես  դժվար է հայությանը մեկտեղելը։ Երբ ասում ես ժողով պետք է անենք, ասում են՝ ժամանակ չկա, բայց երբ ասում ես` եկեք խաշ-խորովածի, ժողովն անպայման ստացվում է:

-Համայնքը Տոմսկի հայությանը մեկտեղող ավանդույթներ ունի՞։

-Բոլոր ազգային ու եկեղեցական տոները հենց այդպիսին են մեզ համար։ Բացի այդ, յուրաքանչյուր ամսվա 24-ին անց ենք կացնում համայնքի խորհուրդ: Ինչո՞ւ 24-ին. դա Հայոց ցեղասպանության միլիոնավոր զոհերի ոգեկոչման օրն է։  Հենց դա էլ նպաստում է, որ ոչ ոք չմոռանա, եւ բոլորը ներկա գտնվեն խորհրդին: Բայց կազմակերպում ենք նաեւ ժամանցային ու սպորտային միջոցառումներ եւ մրցույթներ՝ «Միսս Հայաստան», նաեւ` նարդու, ֆուտբոլի, շախմատի մրցույթներ։ Վերջինը համայնքների միջեւ էր հայտարարված, եւ մասնակից 26 խմբերի մեջ մենք՝ հայկական խումբը, զբաղեցրինք երրորդ տեղը:

-Տոմսկի ազգային փոքրամասնությունների հետ խնդիրներ, համագործակցություն կա՞։ 

-Տոմսկի  շրջանում գրանցված է ավելի քան 22 ազգային փոքրամասնություն: Դա չի խանգարում միմյանց հետ համերաշխ ապրելուն։ Նահանգապետի նախաձեռնությամբ ստեղծվել եւ գործում է ազգային փոքրամասնությունների կոմիտե։ Այդ կառույցում պատասխանատու եմ օրենսդիր մարմինների եւ կառույցի կապը ապահովելու գործում։ Ասեմ, որ համայնքի ներկայացուցիչների աջակցությամբ իրականացման ընթացքում է ազգամիջյան բարեկամության հուշարձանի ստեղծման մտահղացումս: Վանաձորում արդեն քանդակում են հուշարձանը. այն խաչքար է լինելու եւ կտեղադրվի Տոմսկի կենտրոնական մասում ապրիլի 22-ին՝ Ռուսական դրոշի օրը։

-Նկատելի՞ է Տոմսկի հայ համայնքի ներգավվածությունը հասարակության կյանքում եւ երկրի զարգացման գործում։

-Կարծում եմ` նկատելի է, եւ նույնիսկ կարող եմ ասել, որ հիմա արդեն երեւան են գալիս ինտելիգենցիայի ներկայացուցիչներ՝ բժիշկներ, իրավաբաններ, ովքեր նաեւ օրենսդիր դաշտում են աշխատում, ավելի քան 70 բուհավարտ երիտասարդներ եւ չորս հայ պատգամավոր կա Տոմսկի շրջանում:

-Համայնքի առաջիկա ծրագրերն ինչպիսի՞ն են։

-Մի ամբողջ ամիս` Տոմսկում հայկական մշակույթի օրերի շրջանակում, ներկայացնելու ենք հայկական մշակույթը, երգն ու պարը, կազմակերպելու ենք տարբեր ցուցահանդեսներ։ Միջոցառումը տեղի է ունենալու մայիսին եւ իրականացման համար Տոմսկի նահանգապետը 50 հազար ռուբլի է տրամադրել: Եւ որ ամենակարեւորն է, հաճախ ու հետեւողականորեն խոսելու ենք Հայոց ցեղասպանության մասին։ Ի դեպ, նախաձեռնությունը հենց նահանգապետինն է:

Scroll Up