Գալուստ Տրապիզոնյան. «Յուրաքանչյուր հայ պետք է ամեն ինչ անի ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Արցախի զարգացման համար»

«Հայերն Այսօր»-ի թղթակիցը, օգտվելով Աբխազիայի «Կռունկ» մշակութային հայկական համայնքի փոխնախագահ Գալուստ Տրապիզոնյանի Հայաստան կատարած այցից,զրուցեց Աբխազիայի հայկական համայնքի եւ իրականացվող ծրագրերի ու խնդիրների մասին:

-Որքա՞ն ժամանակ է, որ գոյություն ունի Աբխազիայի «Կռունկ» մշակութային հայկական համայնքը:

-Աբխազիայի հայկական համայնքը կազմավորվել է 1989 թ-ն: Առաջին ղեկավարը եղել է Ալբերտ Թոփալյանը, ով այն ժամանակ նաեւ գերագույն խորհրդի փոխնախագահն էր: Ռազմական գործողություններից հետո Աբխազիայի հայկական համայնքի երկրորդ համագումարի ժամանակ` 1994 թվականին, ես ընտրվեցի նախագահ եւ ղեկավարում էի  համայնքը 11տարի: 2003 թվականին ստեղծվեց Հայկական մշակութային կազմակերպությունը, «Մաշտոց» ընկերությունը եւ «Կռունկ» հայկական համայնքը:  Հետո որոշեցինք ստեղծել համընդհանուր հայկական համայնք` միայն մեկ համայնքապետով: Այն հիմնվեց 2007 թվականին: Հիմա համայնքի նախագահն է Սուրեն Կերսելյանը: Կան մի քանի փոխնախագահներ, որոնցից մեկը ես եմ:

-Ե՞րբ ներգրավվեցիք համայնքային կյանքում:

-Ես ծնվել եւ մեծացել եմ Աբխազիայում: Ուկրաինա մեկնեցի սովորելու նպատակով: Հետո սկսվեց պատերազմը, եւ ես վերադարձա Աբխազիա: Ինչպես Աբխազիայի մնացած բնակիչները, այնպես էլ ես բացառություն չկազմեցի. մասնակցեցի պատերազմին`պաշտպանելու մեր տները, ընտանիքները, հայրենիքը: Մասնակցել եմ բոլոր մարտական գործողություններին` ինչպես աբխազական զինվորական կազմավորումներում, այնպես էլ Մարշալ Բաղրամյանի անվան հայկական գումարտակում: Պատերազմից հետո նշանակվեցի Աբխազիայի կրթության փոխնախարար: Այդպիսով սկսվեց համագործակցությունը հայկական համայնքի հետ: Ինձ հաջողվեց պահպանել 39 հայկական դպրոցներ` այն, ինչ պատերազմից հետո էր մնացել, նաեւ որոնք քանդվել, կործանվել էին: Աբխազիայի կրթության նախարարությունում երկու տարի աշխատելու ընթացքում  կարողացա նաեւ հարաբերություններ հաստատել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ, որպեսզի ապահովենք դպրոցները դասագրքերով: Աբխազիայում, ինչպես  Ղարաբաղում, բոլոր առարկաները դասավանդվում են հայերեն լեզվով: Ամենակարեւորը, որ առաջին դասարանցիները Այբբենարանով են սովորում հայերեն:

-Խնդիրներ կա՞ն հայկական համայնքում:

-Քանի որ միակ կապը Հայաստանի հետ օդային ճանապարհն է, ծնողները սկսեցին իրենց երեխաներին ռուսական դպրոցներ տանել, որպեսզի ընդունվեն ապագայում Ռուսաստանի բուհեր: Դա ավելի հասանելի է եւ մոտ: Ցավալի է այն փաստը, որ 39 հայկական դպրոցներից մնացել է միայն 32 դպրոց: Պատճառը դպրոցների փակումը չէ, այլ երեխաների բացակայությունը դպրոցից. այսինքն` աշակերտներ չունենք: Հիմա մենք պետք է անենք ամեն ինչ` պահպանելու հայկական դպրոցները: Երբ ես նշանակվեցի փոխնախարար, դեմ էի, որ դպրոցում առարկաները թարգմանվեն եւ դասավանդվեն ռուսերենով: Բայց հիմա ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հովանու ներքո առաջին անգամ կկազմակերպվի կլոր սեղան-քննարկում Աբխազիայի բոլոր հայկական դպրոցների տնօրենների եւ ուսմասվարների մասնակցությամբ: Այսօր ռուսական դպրոցներում սովորում են ավելի քան 8700 հայ աշակետներ, իսկ հայկական դպրոցներում 2200 աշակերտ: Հիմա վերանայում ենք ուսումնական համակարգը.  ուսումնական ձեռնարկներն անհրաժեշտ է թարգմանել ռուսերեն: Ֆիզիկան, քիմիան, գծագրությունը հայկական դպրոցներում կդասավանդվի ռուսերենով, իսկ հումանիտար առարկաները` հայերենով: Սա նաեւ կօգնի Հայաստանում բուհ ընդունվողների թիվը մեծացնել: Հայաստանում բուհ ընդունվում են Աբխազիայի շրջանավարտների ընդամենը 5%-ը, մնացածը սովորում են կամ Աբխազիայում կամ Ռուսաստանում: Մենք հայ շրջանավարտներին հորդորում ենք ընդունվել ՀՀ  բուհեր:
Շնորհիվ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության` մեզ համար արված բացառությունների, Հայաստանում սովորող ուսանողների թիվը քիչ ավելի մեծացել է:

-Ինչպիսի՞ մշակութային եւ հայապահպանման ծրագրեր եք իրականցնում համայնքի համար:

-Շատ կարճ ժամանակում կարողացանք կառուցել եկեղեցի. վերջերս տեղի ունեցավ խաչի օրհնության արարողությունը, որից հետո այն տեղադրեցինք եկեղեցու գմբեթին` 27 մետր բարձրության վրա: Նախագիծը ընդունվել էր դեռ 2010 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից: Եկեղեցու առաջ ներկայումս կառուցվում է ծառուղի` նվիրված Աբխազիայի պատերազմում ընկած հայկական գումարտակի հերոսամարտիկներին`նրանց, ովքեր կյանքը տվեցին Աբխազիայի ազատության համար: Զոհվածների նկարները զետեղված կլինեն մարմարից  եւ գրանիտից սալիկների վրա, որոնք կտեղադրվեն ծառուղում: Եկեղեցու յուրաքանչյուր այցելու կանցնի ծառուղով` հարգանքի տուրք մատուցելու ընկածներին:

-Ի՞նչ համագործակցության եզրեր կան Հայաստանի հետ:

-Շատ սերտ հարաբերությունների մեջ ենք ՀՀ սփյուռքի եւ կրթության ու գիտության  նախարարությունների հետ, ինչպես նաեւ Արցախի հետ: Ես շատ հաճախ եմ եղել Արցախում, եւ հարաբերությունները եւս սերտ են: Ակտիվ մասնակցում ենք նաեւ Հայաստանում կազմակերվող միջոցառումներին: Անցած տարի Աբխազիայի երիտասարդներից լավագույն ներկայցուցիչները մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարարության  «Արի տուն» ծրագրին: Մասնակցությունից հետո  երեխաները պատմում էին իրենց տպավորությունները բոլոր երիատասարդներին, ովքեր չէին եղել ծրագրին:  Դա շատ կարեւոր է, քանի որ յուրաքանչյուր հայ ապրում է` իր հոգում ունենալով Հայաստանը: Անցած տարվա մասնակիցներից երեքը այս տարի գալիս են Հայասատան` ընդունվելու բուհ: Սա էլ մի ճանապարհ է. Աբխազիայի հայկական դպրոցի շրջանավարտներին ուղղորդել դեպի հայկական բուհեր`դրանով իսկ ստեղծելով ավելի մտերիմ ու սերտ հարաբերություններ Հայրենիքի հետ:

-Առաջանո՞ւմ են խնդիրներԱբխազիայում ապրող ազգային փոքրամասնությունների հետ:

-Աբխազիայում ապրող հայերի 70%-ը ծագումով Արեւմտյան Հայաստանից են: Այսինքն` Ցեղասպանությունից հետո մեզ ընդունել եւ պահել են այնտեղ: Մենք այնտեղ ժամանակավոր բնույթ կրող ազգ չենք. այն մեր Հայրենիքն է:  Անմասն չենք մնացել մեր Հայրենիքի պաշտպանության հարցում`ապացուցելով մեր`Աբխազիայի արժանավոր քաղաքացի լինելու փաստը: Պատերազմում հանուն Աբխազիայի ազատության ընկել են մոտավորապես 200 հայեր` մեր եղբայները:  Նրանց մահը մեզ իրավունք եւ հնարավորություն է տալիս Աբխազիայում մեզ զգալու հարմարավետ եւ հանգիստ: Նույնիսկ ֆիլմ կա` Հայկական գումարտակի մասին նկարված: Այնտեղ էլ նշված է, որ հայկական գումարտակը միակ միատարր ազգային գումարտակն էր, որ մասնակցում էր պատերազմին: Ֆիլմը նկարահանվել է գերմանացիների կողմից:  Գրվել է նաեւ գիրք «Հայկական գումարտակ» վերնագրով: Ամենադժվար պատերազմական գոտիներում կռվին մասնակցել է հայկական գումարտակը: Իմ ղեկավարությամբ գրավեցինք  անհաղթահարելի ստրատեգիական կետը, ինչի համար ես ստացա հերոսի կոչում: Գումարտակում կային Աբխազիայի այլ  հերոսներ նույնպես: Այսօր չենք էլ մտածում, թե  կարող են խնդիրներ առաջանալ ազգային հողի վրա: Անթույլատրելի է. չի եղել ու չի կարող լինել, որովհետեւ մեզ տրված է իրավունք ապրելու այնտեղ:  Համարյա բոլոր կառավարական ատյաններում հայեր կան: Մենք շնորհակալություն ենք հայտնում կառավարությանը ջերմ հարաբերությունների եւ վերաբերմունքի համար: Բացի այդ, մեր եւ աբխազների ճակատագիրը շատ նման է: Աբխազիայում ապրում են ընդամենը 100 000 աբխազներ, իսկ դրսում` 500 000:  Ես ուզում եմ նաեւ Արցախին մաղթել զարգացում եւ ինքնավարության ճանաչում, ինչպես որ Աբխազիան ունեցավ: Յուրաքանչյուր հայ պետք է ամեն ինչ անի ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Արցախի զարգացման համար:

Scroll Up