Նորայր Դավթյան .«Հայ ազգային նվագարաններն այսօր լայնորեն ներկայացնելու և ճանաչման խնդիր ունեն ոչ միայն Սփյուռքում, այլև Հայաստանում»

Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, քամանչահար, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյանը 2013թ. նոյեմբերի 14-29-ը Կոմիտասի 144-ամյակին նվիրված համերգային ծրագրով հանդես եկավ Արգենտինայում:

Հայկական բարեգործական ընդհանուր միության հրավերով վաստակաշատ քամանչահարը պարբերաբար այցելում է Լատինական Ամերիկայի հայաշատ համայնքներ, որտեղ և՛ կազմակերպում, և՛ այնտեղի հայությանն է մատուցում մաքուր հայկական մեղեդիներ՝ նպաստելով հայապահպանությանը, աջակցելով ազգային ինքնագիտակցության բարձրացմանը:

Նորայր Դավթյանը միաժամանակ ղեկավարում է Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը և հասցնում ամեն տարի ավելի քան 2 տասնյակ համերգներով հանդես գալ Հայաստանի մարզերում և Արցախում:

Իմ զրույցը ՀՀ վաստակավոր արտիստի հետ մի կողմից տխրաշունչ  էր՝ հաշվի առնելով ազգային արժեքների հանդեպ հայ իրականության այսօրվա անգիտությունն ու անտարբերությունը, մյուս կողմից՝ լուսավոր, քանի որ ազգային մշակույթի՝ Նորայր Դավթյանի նման անխոնջ ծառաները շարունակում են ապրել ու ստեղծագործել՝ իրենց ուսերին պահելով ապագա սերունդներին ազգային արժեքները փոխանցելու պատասխանատու  գործը:

Պարո´ն Դավթյան, մանկուց երաժշտության մեջ եք, 5 տարեկանից սովորել եք քամանչա նվագել: Ծառայել եք հայ ազգային երաժշտության ճանաչման ու տարածման գործին ինչպես հայրենիքում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս:
Ներկայացրե´ք, խնդրեմ,  Ձեր կենսագրության՝ Ձեզ համար ուշագրավ, բեկումնային փուլերը:

Ծնունդով Արտաշատի շրջանի Մրգավետ գյուղից եմ: 8-ամյա կրթություն ստանալուց հետո ընդունվել եմ Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի քամանչայի դասարան: Սովորել, ավարտել եմ Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը, այնուհետև՝ Կոնսերվատորիան՝ ստանալով նվագախմբի դիրիժորի մասնագիտություն: Շուրջ 27-28 տարի ղեկավարել եմ Կոնսերվատորիայի ուսանողական ազգային նվագարանների նվագախումբը:

Բայց իմ երաժշտական կենսագրությունը սկսվում է 1970 թվականից, երբ հրավեր ստացա Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների նվագախմբից և ընդգրկվեցի խմբի կազմում որպես քամանչահար և բամբիռահար, իսկ վերջին շրջանում՝ իբրև դիրիժոր:

 

Բացի նվագելուց և բազմապիսի համույթներ ղեկավարելուց՝ նաև դասավանդում եք Կոնսերվատորիայում: Ի՞նչ կարող եք ասել երիտասարդ սերնդի մասին, ինչպե՞ս է երիտասարդ սերունդը վերաբերվում ազգային նվագարաններին:

Այո´, 1988 թվականից դասավանդում եմ Կոնսերվատորիայում: Իմ խնդիրն է երիտասարդ սերնդի մեջ արթնացնել սեր ազգային նվագարանների հանդեպ: Մեր մեծերից մենք ստացել ենք աշուղական ու ժողովրդական երգերի, երաժշտության հարուստ ժառանգություն: Ես՝ որպես երաժիշտ, նախևառաջ պարտքս եմ համարում փոխանցել այդ գիտելիքները, այդ հարստությունը գալիք սերնդին:

Ցավոք, մեր օրերում արժեքները գլխիվայր շուռ են եկել: Այսօրվա երգված երգերը որքանո՞վ են հայկական: Դրանք օտար մեղեդիներ են՝ համալրված հայկական բառերով: Եվ, ցավոք, մեր երիտասարդները սկսել են չտարբերել հայկական ժողովրդական,  աշուղական երգը ռաբիսից: Շատերին թվում է, թե ռաբիս կոչված երգը հենց աշուղականն ու ժողովրդականն է:

Այո՛, 30, 40, 50, 60 տարի առաջ մենք ունեցել ենք քաղաքային ֆոլկլոր. հիշենք  «Ես գնում եմ գինետուն», «Գիշեր ու ցերեկ» երգերը: Այսօր այդ երգերը իբրև դասական են հնչում:

Այդ երգերի և այսօրվա մատուցված ռաբիսի միջև ոչ մի ընդհանուր բան չկա: 

Ինչպե՞ս հղացավ ՀՀ ազգային նվագարանների պետական նվագախմբի ստեղծման միտքը: Պատմե´ք, խնդրում եմ, համույթի գործունեության մասին, որը ստեղծման օրվանից Դուք եք ղեկավարում:

Մեր օրերում շատ երիտասարդներ կան, ովքեր չգիտեն, թե ուսումն ավարտելուց հետո ինչ աշխատանք կունենան: Ու եթե ուսանողի ստացած մասնագիտական կրթությունն էլ «մոդայիկ» չէ, ապա աշխատանք գտնելը դառնում է գրեթե անհնար:

Ուստի երիտասարդներին մասնագիտական աշխատանքով ապահովելու, բայց նախևառաջ մեր ազգային նվագարանները պահպանելու նպատակով որոշվեց ստեղծել ազգային նվագախումբ: Նվագախմբի ստեղծմանը մեծապես աջակցել է Արա Գևորգյանը: 2004թ. մրցույթով ընտրվեցին բարձրագույն երաժշտական կրթությամբ 40 հոգի, որոնցով էլ կազմավորվեց նվագախումբը:

Մեր նվագախմբի կարևորագույն առաքելություններից է պահպանել, զարգացնել և փոխանցել սերունդներին Հայաստանում վաղուց ի վեր ձևավորված ժողովրդական նվագախմբային կատարողական արվեստի ավանդույթները:

Մեր խմբում երգիչ-երգչուհիներ չունենք, համերգների ժամանակ հրավիրում ենք նրանց, ում հարմար ենք գտնում: Ու պետք է ասեմ, որ բոլորն էլ սիրով են համագործակցում նվագախմբի հետ, քանի որ անսամբլը  պրոֆեսիոնալ է:

Բազմաթիվ համերգներ ենք ունեցել Երևանի հեղինակավոր բեմահարթակներում, հանրապետության մի շարք քաղաքներում ու մարզերում, ինչպես նաև Արցախում և ՌԴ-ում:

Որպես քամանչահար՝ տարիներ շարունակ հանդես եք եկել տարբեր երկրների հայկական համայնքներում, օտար ափերում ներկայացրել եք հայկական աշուղական և ժողովրդական երաժշտությունը: Ինչպե՞ս են ընդունում ազգային նվագարանները և ազգային երաժշտությունը Սփյուռքում:

Մինչ օրս եղել եմ աշխարհի 35 երկրում՝ տարբեր կազմերով: Միշտ էլ բոլոր երկրներում հիացմունքով են ընդունել քամանչան և քամանչայի կատարմամբ զտարյուն հայկական մեղեդիները: Հայ համայնքները Հայրենիքի հանդեպ կարոտն առնում են Հայաստանից իրենց այցելած արվեստագետների ստեղծագործությունները վայելելով: Այս իմաստով ավելի քան անհրաժեշտ է Սփյուռքին հրամցնել կա՛մ հայկական երգերի օրիգինալ կատարումներ,  կա՛մ էլ դրանց ճաշակավոր մշակումներ:

Վերջին տարիներին հրավեր եմ ստանում ՀԲԸՄ-ից՝ մասնակցելու Արգենտինայի հայ համայնքներում կազմակերպվող համերգային ծրագրերին:

Օրինակ՝ 2012թ.  մասնակցեցի Սայաթ-Նովայի 300-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին:

Իսկ 2013թ. նոյեմբերին Բուենոս Այրեսի, Կորդոբայի և Սան Պաոլոյի հայ համայնքներում նշվում էր Կոմիտասի 144-ամյակը, որի շրջանակներում 3 համերգ ունեցանք: Պետք էր տեսնել, թե այնտեղի հայությունն ինչպիսի հետաքրքրությամբ էր Կոմիտաս լսում, ինչ հաճելի մթնոլորտ էր լեփ-լեցուն դահլիճներում: Հայաստանից ինձ հետ մեկնել էր թառահար Արմեն Եգանյանը: Այնտեղ մեզ միացան և համերգների կազմակերպմանը մեծապես աջակցեցին փայլուն դուդուկահարներ Գագիկ Գասպարյանը, Սարո Դանիելյանը, ինչպես նաև ՀԲԸՄ-ի ատենադպիր Անտոնիո Սարաֆյանը:

Բոլոր 3 համերգների տոմսերի վաճառքից ստացված հասույթը փոխանցվեց սիրիահայերի օգնության ֆոնդին:

Կորդոբայում կայացած համերգին իր մասնակցությունը բերեց Կորդոբայի հայ ազգային նվագարանների համույթը: Գիտե՞ք, նրանք այնտեղ գործում են միմիայն բարեգործական հիմունքներով, ոգեշնչմամբ:

Դուք կարող եք զարմանալ, եթե ասեմ, որ այդ հրաշալի հայ երիտասարդները երգում էին հայերեն, պարում հայկական պարեր, բայց չէին խոսում հայերեն:

Համոզված եմ, որ առաջին իսկ հնարավորության դեպքում նրանք կսովորեն իրենց մայրենի լեզուն: Միայն պետք է հոգ տանել, մայրենիի ուսուցման դասընթացներ կազմակերպել նրանց համար:

Մենք նաև հրավեր ստացանք Արգենտինայի տեղական հեռուստաընկերություններից՝  ուղիղ եթերում ներկայացնելու մեր ազգային նվագարաններն ու ազգային երգարվեստը: Արգենտինացիներն ու հայ համայնքը հնարավորություն ունեցան լսելու և դիտելու հայկական երաժշտության կենդանի կատարումներ:

Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում: Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողին:

Ինչ վերաբերում է որպես քամանչահար  իմ սփյուռքյան համերգներին, ապա, կարծում եմ, կլինեն հրավերներ, տարին դեռ նոր է սկսվել: Ինձ հատկապես ուրախացնում են Լատինական Ամերիկայի տարածաշրջանից ստացվող հրավերները, քանի որ այնտեղ առավել մեծ է ուծացման վտանգը:

Իսկ որպես ՀՀ ազգային նվագարանների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար՝ կարող եմ նշել, որ անսամբլն արդեն իսկ պատրաստվում է համերգաշրջանի մեկնարկին: Տարվա կտրվածքով մենք շուրջ 24 համերգ ենք ունենում Երևանում, Հայաստանի տարբեր մարզերում և Արցախում:

Մեր համերգներին մշտապես սպասում են և գալիս են լսելու հայկական արվեստի սիրահարները, ովքեր գիտեն ու գնահատում են ազգային երգարվեստը:

Այս իմաստով կուզեի մտահոգությունս հայտնել մեր հեռուստաընկերությունների մասին:

Հեռուստաեթերները շատ քիչ են անդրադառնում նվագախմբի աշխատանքներին:

Գիտե՞ք՝ այսօր ինչ հեշտ է. ըստ հեռուստաընկերության ղեկավարության՝ ինչու՞ հրավիրել ողջ նվագախմբին (շուրջ 40 մարդ), հայթայթել աթոռներ, տեղավորել-նստեցնել, ստեղծել տեխնիկական և տարածքային լրացուցիչ հնարավորություններ:

Փոխարենը նախընտրում են գովազդել, ներկայացնել առանձին և ոչ այնքան բարձրարվեստ անհատ կատարողների: Դա և՛ էժան է, և՛ «գրավիչ»:

Իսկ մենք գիտենք, թե ազգաբնակչությանը իրազեկելու, ազգաբնակչության մեջ ճաշակ ձևավորելու ինչպիսի զենք է հեռուստատեսությունը, որոնց կողմից վարած վերոնշյալ քաղաքականության հետևանքով մեր ժողովրդի մեծ մասը նույնիսկ տեղյակ չէ ազգային նվագարանների որևէ  նվագախմբի գոյությունից ու նրանց ներկայացրած արվեստից:

Իմ կարծիքով՝ ազգային նվագարանների քարոզչությունը հեռուստաընկերություններով ռազմավարական նշանակություն ունի մեզ նման փոքր ժողովուրդների և պետությունների համար:

Ուրախ եմ, որ 2012թ. «Իմ Հայաստան» փառատոնի շրջանակներում  Հայաստանում և Սփյուռքում լայնորեն ներկայացվեցին հայկական ազգային նվագարաններն ու դրանք ներկայացնող անսամբլները:  Մեր նվագախումբը նույնպես հնարավորություն ունեցավ մասնակցելու փառատոնին: Այդ օրերին իսկապես ազգային երաժշտության զարթոնք էր, որին մասնակցում էին Սփյուռքի տարբեր համայնքներից ժամանած երգչախմբերն ու երաժշտախմբերը:

Այո՛, մենք խնդիր ունենք առավելագույնս կառչած մնալու մեր ազգային ավանդույթներին ու մեր մեծերից ստացված ազգային ժառանգությանը,  փոխանցելու դրանք մեր հաջորդ սերունդներին:

Հուսանք, որ հայաստանյան զանգվածային լրատվամիջոցները  տարեցտարի առավել գիտակից և անշահախնդիր կդառնան ազգային արժեքները ներկայացնելու հարցում:

Համոզված եմ, որ տևական և նվիրված աշխատանքը կտա իր ցանկալի արդյունքը, և մեր ազգային նվագարանները ներկայացնող անսամբլները մի գեղեցիկ օր իսկապես ճանաչված ու սիրելի կլինեն հասարակության լայն շերտերի համար: 

Զրույցը վարեց  Լիլիթ Դամիրյանը

Scroll Up