Մինչեւ վերջին շունչս պիտի կառուցեմ, ստեղծեմ, բարեգործություն անեմ, Աստված ինձ դրա համար է շունչ ու հոգի տվել. Վահագն Հովնանյան

«Հայերն այսօրը» տեղեկացրել էր, որ օգոստոսի 31-ին, Երևանում իր մահկանացուն է կնքել սփյուռքահայ գործարար, հասարակական գործիչ, բարերար Վահագն Հովնանյանը: Տարիներ առաջ, «Հայերն այսօրում» հրապարակված հարցազրույցի ընթացքում լրագրողի այն հարցին, թե ի՞նչը կարող է Ձեզ ստիպել հրաժարվել Ձեր առաքելությունից, Վահագն Հովնանյանը պատասխանել է. «Մահը, միայն մահը: Մինչեւ վերջին շունչս պիտի կառուցեմ, ստեղծեմ, բարեգործություն անեմ: Աստված ինձ դրա համար է շունչ ու հոգի տվել»:

«Հայերն այսօրը» իր ընթերցողներին մեկ անգամ ևս հնարավորություն է տալիս «առնչվելու» Վահագն Հովնանյանի հետ:

-Պարոն Հովնանյան, որտեղի՞ց են Ձեր արմատները, բացի արյան կանչից հոգեւոր ինչ կապ եք տեսնում Ձեր եւ Ձեր նախնիների միջեւ:

-Հայրս` Ստեփան Հովնանյանը, բնիկ մալաթիացի էր, հրաշքով էր փրկվել Ցեղասպանությունից, մայրս` Եսթեր Հովնանյանը /Ալմաջյան/, սեբաստացի էր` Եղեռնի վերապրողներից մեկը: Նրանք հաստատվել էին Իրաքի Քերքուք քաղաքում: Հայրս բարեգործ էր, ստեղծող, աշխատող շինարար. նա Քերքուքի հայկական եկեղեցուն կից Թարգմանչաց դպրոցը նվիրել էր գաղութին: Մայրս միայն ՄԱՅՐ էր…Նա մեծ հոգեբան էր, խելացի, խորագետ, իմաստուն…Երբ հայրս վարձատրում էր իր աշխատողներին, մայրս էլ դրամ էր տալիս թուրք մուրացիկներին, ովքեր գալիս էին աշխատողների մոտ աշխատավարձի օրերին:

Երբ հայրս հարցնում էր, թե ինչու է նրանց` թուրքերին, դրամ տալիս, մայրս պատասխանում էր. «Որ միշտ մուրացիկ մնան»: Նախնիներիս հետ ունեցած կապը Հայրենիքի կարոտն է. կան երկու տեսակի հայեր` նրանք, ովքեր կապրին Հայաստանի մեջ, եւ նրանք, ովքեր կապրին Հայաստանի կարոտով: Նրանք, ովքեր ապրում են Հայաստանում, նման են անտառում ապրողներին, որոնք ծառերը չեն տեսնում հաճախ: Իմ  նախնիների կարոտն է, որ փոխանցվել է ինձ, այն կարոտը, որ մեկ անուն ունի` Հայրենիք: Ամենքս էլ մեծ գործեր ենք արել` հայրս, մայրս, եղբայրներս:

-Դուք այն եզակի հայերից եք, որ իրենց բարեգործություններն առանց ի ցույց դնելու են կյանքի կոչում: Ի՞նչն է Ձեզ դրդում զբաղվելու բարեգործությամբ:

-Ամբողջ հավատքը տասը պատվիրանների մեջ է: Ծնողներս պատվիրում էին մեզ Նարեկացի կարդալ, եկեղեցի հաճախել, ամուր հավատք ունենալ, կարեկից լինել ուրիշներին. իրենք միշտ այդպիսին էին: Աչքս միշտ տեսել է բարի գործերի հեղինակ հորս. ես այդպես եմ մտածել, ու այլ կերպ լինել չէր կարող:

Հիշում եմ` մի օր տեսա հորս դպրոցի տանիքի վրա ուսումնասիրում էր վիճակը: Նայեցի նրան ներքեւից ու հպարտ զգացի, որովհետեւ ինչպես ասացի, հայրս այդ դպրոցը գնել էր եւ նվիրել երեխաներին, որ այլեւս վարձակալությամբ չհաճախեին: Հետո զգացի, որ նա միայն իմ հայրը չէ, այլ` իմ բոլոր ընկերների, բոլոր այն երեխաների, ովքեր այդ դպրոց էին հաճախում: Հորս բարեգործությունն ինձ համար կյանքումս սովորած ամենամեծ դասն էր:

-Ուրեմն Քերքուքն է Ձեր ծննդավայրը, մինչդեռ Հայրենիքը…

-Այո, Քերքուքն է իմ ծննդավայրը. ծնվել եմ այնտեղ  1932 թվականին, իսկ Հայրենիքս Հայաստանն է: Գաղթական ծնողներս, հիմնավորվելով Քերքուքում, շինեցին իրենց բույնը, հիմնեցին իրենց օջախը: Բոլորը զարմանում էին, որ գաղթական հայերը կարողացան ապրել, վերապրել, հայ մնալ, լեզու եւ հավատք պահել, իրենց երեխաների համար դպրոց ու եկեղեցի կառուցել, աճել, զորանալ, բազմանալ: Այդպիսին է Հայը:

-Ինչպե՞ս հայտնվեցից Ամերիկայում եւ հանդիպեցիք տիկին Հասմիկին:

-1952-ին դուրս եկա Իրաքից, ուղեւորվեցի Ամերիկա` Ֆիլադելֆիա` սովորելու, բարձրագույն կրթություն ստանալու:  Ընտրեցի ֆիզիկոսի մասնագիտությունը. Այն ճկունություն է տալիս մտքին: Հետագայում փոխադրվեցի Նյու Ջերսի: Ատլանտիկ Սիթիում էլ հանդիպեցի իմ երկրորդ կեսին` Հասմիկ Պաղտոյանին, ով եկել էր Ամերիկա Երուսաղեմից` մանկավարժություն ուսանելու: Հրաշալի մտավորական Սեդրակ Պաղտոյանի եւ աննման հայուհի Սիրանույշ Քոպալյանի հինգ զավակներից երրորդն է Հասմիկը: Սեդրակ Պաղտոյանը Երուսաղեմի Թարգմանչաց վարժարանում ավագ ուսուցիչ է եղել: Հրաշքով ազատվելով Ցեղասպանությունից` եւ հաստատվելով Երուսաղեմում` տարիներ անց Պաղտոյանը վեց հարյուր էջանոց մի գիրք է հեղինակում այդ ոճրագործության մասին` «Երբ դրախտը դարձավ դժոխք» վերնագրով:
1959-ին ես եւ Հասմիկն ամուսնացանք հայկական եկեղեցում: Հետո ծնվեցին մեր երեխաները` Շանթը եւ Նինան. նրանք էլ կրթվեցին, ամուսնացան: Շանթը` Հիլդեյի հետ, Նինան` Արթուրի, ու մեզ պարգեւեցին հինգ հրաշալի թոռնիկներ:

-Հայաստանն է Ձեր վերջին ու վերջնական հանգրվանը, թե՞ հնարավոր է, որ մի օր ինչ-ինչ հանգամանքներ ստիպեն Ձեզ հեռանալ Հայրենիքից:

-Կուզեմ ապրել աշխարհի մեջ, ունենալ լավ բարեկամներ ամեն տեղ` աշխարհի բոլոր կողմերում: Հեռանա՞լ Հայաստանից…երբեք մտքովս չի անցել: Ես չեմ մոտեցել, որ հեռանամ:

-Ո՞ւմ մտահղացումն էր <Վահագնի Թաղամասի> հիմնումը:

-Հիմնել եմ ես. Իմ մտահղացումն է եղել, բայց անունը ես չեմ դրել: Ռեժիսոր Հարություն Խաչատրյանը առաջարկեց, ու երբ ես եկա, անունն արդեն դրված էր; Համայնքային ընդարձակ բնակավայրի տարածքը երեք հարյուրից ավելի նորակառույց տներից է բաղկացած եւ դեռ պիտի համալրվի նոր կառույցներով:

-Ո՞վ է Ձեզ աջակցում կարեւոր գործերում: Խոսքս եւ բարոյական, եւ ֆինանսական աջակցությանն է վերաբերում:

-Բարոյապես,հոգեպես ինձ նեցուկ է հայ ժողուրդը, հայ մշակույթը: Ֆինանսական հարցերը ես եմ լուծում; Իսկ ընդհանրապես ինձ մեծ աջակցություն են ցուցաբերում աղջիկս, տղաս, փեսաս, նույնիսկ` թոռներս իրենց դրական լիցքերով: Տիկնոջս` Հասմիկին, ամեն առավոտ համբուրում եմ, իսկ նա ինձ օրհնում է`ասելով.  «Հող բռնես, ոսկի դառնա», ու սկսվում է իմ աշխատանքային օրը:

-Ի՞նչը կարող է Ձեզ ստիպել հրաժարվել Ձեր առաքելությունից:

-Մահը, միայն մահը; Մինչեւ վերջին շունչս պիտի կառուցեմ, ստեղծեմ, բարեգործություն անեմ: Աստված ինձ դրա համար է շունչ ու հոգի տվել:

Կարինե Ավագյան

qnW8u4xIqKm2VsF3987Xs2BlBL

Scroll Up