Կալիֆորնիայի օրենսդիրները քննարկում են Հայոց ցեղասպանության հարցը դպրոցական ծրագրերում ներառելու բանաձևը

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի վեհաժողովի կրթական հարցերով ենթահանձնաժողովը միաձայն հաստատել է վեհաժողովի անդամ Ադրին Նազարյանի ներկայացրած բանաձևը` Հայոց ցեղասպանության մասին ուսուցումը դպրոցական ծրագրերում ներառելու մասին: Հարցն այժմ քննարկման է դրվել նահանգային վերհաժողովի հատկացումների ենթահանձնաժողովում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից, Ադրին Նազարյանի ներկայացրած AB-659 բանաձևը մասնավորապես նախատեսում է Հայոց ցեղասպանության մասին ուսումնական նյութեր ներառել պատմություն առարկայի
դպրոցական ծրագրում, ընդլայնել Հայոց, Կամբոջայի, Դարֆուրի և Ռուանդայի ցեղասպանությունների, Հոլոքոստի մասին պատմող բանավոր վկայությունների մատուցումը:

«ԱՄՆ-ում Կալիֆորնիան տուն է հանդիսանում մեծ թվով փախստականների և գաղթականների համար, որոնց մեծ մասը ցեղասապսանության վերապրածներ կամ ցեղասապսանության վերապրածների ժառանգներ են: Նրանք կարող են «առաջին ձեռք» վկայություններ հաղորդել իրենց փորձառությունների մասին»,- նշել է բանաձևի հեղինակը` հավելելով, որ դա առավելություն է տալիս նահանգին` այդ գիտելիքները փոխանցելու և ապագա սերունդներին ուսուցանելու գործում:

Հունվարի 15-ի լսումների ժամանակ Կալիֆորնիայի վեհաժողովի կրթական հարցերով ենթահանձնաժողովը 7 կողմ, 0 դեմ ձայներով ընդունել է բանաձևը, որի համահեղինակներն են Կալիֆորնիա նահանգի վեհաժողովի անդամներ Խաչո Աչաջյանը և Սքոթ Ուիլքը:

armenpress.am

Scroll Up