Արեւիկ Պետրոսյան. «Արվեստիս լեզվով ուզում եմ բարձրաձայնել հայրենիքի շուրջ հայության միասնականության գաղափարը»

Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ ՀՀ Սփյուռքի նախարարությունը, նկարչուհի Արեւիկ Պետրոսյանի հետ համատեղ, նախաձեռնել է «Նշխարք Հայաստանից» ծրագիրը, որի արդյունքում ստեղծված 12 նկարները որպես նվեր շնորհվելու են Սփյուռքի հոգեւոր-մշակութային կենտրոններին: Ծրագրի մանրամասների մասին  «Հայերն Այսօր»-ի թղթակիցը զրուցեց հեղինակի հետ։

-Ինքնատիպ գաղափար եք առաջարկել: Շարժառիթն ու թեմատիկ առանցքը ո՞րն է:

-Հայոց մեծ եղեռնը Հայ ժողովրդի համար ոչ միայն կորստի ցավն ու վիշտն է, անմեղ զոհերն են, այլ հայության գաղթը:  Հայությունը ասես կտրվեց իր արմատներից, պատմական հայրենիքից, սփռվեց աշխարհով մեկ, բայց միեւնույն է, պահպանեց իր ինքնությունը, իր հայ լինելը, իր լեզուն եւ կրոնը: Սա է հանճարը մեր հնագույն ազգի: Ես`որպես կին արվեստագետ, արվեստիս լեզվով ուզում եմ բարձրաձայնել համայն հայության միասնականության և հայրենիքի շուրջ համախմբման գաղափարը: Հատուկ այս ծրագրի համար հայկական մանրանկարչության թեմաներով ստեղծվելիք տասներկու մեծածավալ նկարները, որոնցում իմպրովիզացիան շատ փոքր տեղ պիտի ունենա, ներկայացնելու է այդ միասնության գաղափարը։ Թեման այնպիսին է, որ պետք է դիտողին հենց առաջին հայացքից ճանաչելի ու հասկանալի լինի։  «Նշխարք Հայաստանից» նկարների շարքը հոգուս մղումով նվիրաբերելու եմ  այս գաղափարի իրագործմանը: Այս ակցիան կրում է մի քանի հիմնական գաղափներ` կին, մայր, արվեստագետի վերաբերմունքը կատարված եղեռնագործության հանդեպ, Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի հավերժացումը արվեստով և աղոթքով, համայն հայության միասնության և համախմբման կոչ, եւ վերջապես` ընծա Հայաստանից Սփյուռքին։

-Ստեղծվելիք նկարները առանձին խորագրեր կունենա՞ն։ 

-Շարքի տասներկու աշխատանքներն առանձին խորագրեր չեն ունենա, եւ բոլորն էլ կկատարվեն ինձ հատուկ ինքնատիպ եւ արվեստի աշխարհում նոր համարվող ոճով՝ օրգանական ապակու վրա` արծաթով եւ ոսկով։ Պահպանելով միջնադարյան մանրանկարչության կանոններն ու հիմնական թեմաները` հավաքածուն ներկայացվելու է նոր  մեկնաբանությամբ` որպես հնի ու նորի մի ուրույն սինթեզ։ Յուրաքանչյուր ստեղծագործություն իր պատկերի և գաղափարի մեջ կրելու է Տերունական աղոթքի մի մասնիկը:  «Հայր մեր, որ յերկինս ես…հաջորդը` «Սուրբ եղիցի անունը քո…», և այսպես շարունակ…: Իսկ հավաքական 12 նկարների այս շարքը կդառնա  ամբողջական մի աղոթք: Սա կարծես նաև մի կոչ  է` «Աղոթենք միասին», որը նույպես միասնականության գաղափարի շուրջ  է հավաքում մեր քրիստոնյա ազգը: Այս ստեղծագործությունների հավաքածուն կներկայացվի իր ամբողջական գաղափարով նախ Երևանում՝ ցուցահանդեսի բացման արարողությամբ, այնուհետ նշխարքի պես կբաժանվի Սփյուռքի 11 համայնքներին` հայ հեգևոր կենտրոններին կամ կից թանգարաններին`որպես ընծա Հայաստանից Սփյուռք աշխարհին: Իբրեւ խորհրդանիշ` մեկ աշխատանքը կմնա Հայրենիքում:

-Ե՞րբ եւ ինչպե՞ս եք նախատեսում շնորհանդեսը:

-Ապրիլի չորսին կլինի առաջին ցուցադրությունը նեղ շրջանակների համար, ուր հրավիրված կլինի ՀՀ սփյուռքի նախարարը եւ որտեղ կորոշվի նաեւ, թե որ նկարը որ հայկական համայնքին է հանձնվելու: Իմ շնորհակալությունն ու երախտիքն եմ հայտնում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին այս գաղափարին սատար լինելու եւ աջակցության համար: Իսկ մինչեւ ապրիլի 24-ը տեղի կունենա ցուցահանդեսի գլխավոր շնորհանդեսը: Խորհրդանշական է նաև բացման արարողության մտահղացումը` իր յուրահատուկ մատուցման մեջ: Նախատեսում եմ ցուցահանդեսի բացումը կազմակերպել երեկոյան: Բոլոր հրավիրվածները նախապես ուղարկված հրավիրատոմսերի մեջ կունենան եկեղեցական մոմեր, կրակայրիչներ և Տերունական աղոթքը: Կոմիտասի անվան լարային քառյակի կատարումների ներքո հյուրերը կհավաքվեն մուտքի մոտ, հարակից բացօթյա տարածքում, որտեղ կկատարվի բացման արարողությունը: Հոգևորականը կոչ կանի հրավիրվածներին վառել մոմերը և միանալ  աղոթքին: Լռության մեջ կլսվի խավարը լուսավորող և բոլորին համախմբող Տերունական աղոթքը: Աղոթքը ինքնին մարդկությանը համախմբելու հզոր ուժ է:

Scroll Up