Կայացավ սիրիահայերի ֆեյսբուքյան խմբերի ներկայացուցիչների հանդիպում-քննարկումը

Հունվարի 13-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ սիրիահայ Ֆեյսբուքյան խմբերի պատասխանատուների և ներկայացուցիչների հանդիպում-քննարկում «Սիրիահայության տագնապը լուսարձակի տակ» թեմայով:

Բացման խոսքով հանդես եկավ «Հալեպահայեր» ֆեյսբուքյան խմբի («ARMENIANS OF ALEPPO») հիմնադիրներից բժիշկ Ռոբերտ Սյուլահյանը: Նա կարևորեց ֆեյսբուքյան խմբերի դերը սիրիահայության հիմնախնդիրների և դրանց լուծման, սիրիայի հայ համայնքի, սիրիական պատերազմի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվության տարածման հարցում և  շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը, ինչպես նաև «Հայէկոնոմ» բանկին՝ քննարկում-հանդիպման  կազմակերպմանն  աջակցելու համար:

Ողջունելով հավաքի մասնակիցներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց սիրիահայությանը Նոր տարվա և Սուրբ Ծնունդի առիթով՝ մաղթելով խաղաղություն և բարեկեցություն: Նախարարը շնորհակալություն հայտնեց այն սիրիահայերին, ովքեր մնացել են Սիրիայում, պայքարում և պահպանում են համայնքը, ապա ներկայացրեց պետության կողմից  սիրիահայերի համար տարվող աշխատանքները:

Հ. Հակոբյանը ֆեյսբուքյան նախաձեռնությունների ներկայացուցիչներին առաջարկեց մասնակցել ամիսը մեկ անգամ հրավիրվող՝ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական մարմնի նիստերին, լինել առավել տեղեկացված և օբյեկտիվորեն ու անաչառ  կերպով  ներկայացնել կատարվող աշխատանքները:

ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր եւ Միջին Արեւելքի հայ համայնքների հետ կապերի վարչության պետ Լուսինե Ստեփանյանը ներկայացրեց սիրիահայերի իրավական, սոցիալական, առողջապահական, կրթական խնդիրների ուղղությամբ Հայաստանում իրականացվող աշխատանքները:

Ֆեյսբուքյան «Հալեպահայեր»  խմբի ղեկավար Հրաչ Քալսահակյանը ներկայացրեց սիրիական հիմնախնդրի վերաբերյալ համընդհանուր լուրերի շրջանակից սիրիահայությանն առնչվող լուրերը առանձնացնելու և դրանք վերլուծելու ու նպաստավոր ձևով ներկայացնելու մոտեցումը: Նա նշեց, որ տեղեկատվական պատերազմում ոլորտի ներկայացուցիչները  պետք է  տարբերակեն լրատվական այն հոսքերն ու մեխանիզմները, որոնք կարող են վնասել սիրիահայությանը՝ բացառելով երևակայական մեկնաբանությունները, անստույգ տեղեկություններն ու անճշտությունները: Հրաչ Քալսահակյանը նշեց. «Ժամանակն է, որ մենք և՛ Հայաստանում, և՛ արտերկրում իրականացվող աշխատանքների վերաբերյալ քաջատեղյակ լինենք: Ապատեղեկատվությունը մեծապես կարող է վնասել սիրիահայերի ինտեգրմանը: Արհեստավարժ մոտեցում պետք է ցուցաբերել և ներկայացնել սիրիահայությանը ցուցաբերվող օգնության վերաբերյալ ստույգ և օբյեկտիվ տեղեկատվություն, ստացվող օգնությունների չափերն ու դրանց բաշխման մեխանիզմները՝ խուսափելով տարաբնույթ անհարկի մեկնաբանություններից, որոնք հաճախ սեպ են խրում հայության տարբեր հատվածների մեջ»:

«Հալեպահայեր» ֆեյսբուքյան խմբի ներկայացուցիչ, լոնդոնաբնակ Թալին Մակարյանը ներկայացրեց  Սիրիայի հայ համայնքի սոցիալ-հոգեբանական ծանր վիճակը, նրանց խնդիրները լուծելու ուղղությամբ տարված աշխատանքները :

Լիբանանում հանգրվանած սիրիահայերի վիճակը և նրանց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները ներկայացրեց Արաքսի Փիլավճյան-Խտրլարյանը (Բեյրութ):

Վազգեն Բերղուդյանը ընթերցեց ֆեյսբուքում տեղ գտած այն հրապարակումները, որոնցում արծարծվում է սիրիահայությանը հուզող խնդիրները:

Միջոցառման մասնակիցների հնչեցրած հարցերին պատասխանեցին Սփյուռքի նախարար Հրանուշ  Հակոբյանը և միջգերատեսչական հանձնաժողովի անդամները:

Հավաք-քննարկման ընթացքում քննարկվեցին ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում սիրիահայության մասին ճշգրիտ տեղեկատվության տարածմանը վերաբերող հարցեր:

2 (11)

Scroll Up