Արմեն Գարսլյան. «ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծումից հետո ամեն ինչ ավելի դյուրին է եւ որակով»

Օգտվելով Պերմի երկրամասի «Հայկական մշակութային կենտրոն» կազմակերպության փոխնախագահ Արմեն Գարսլյանի ՀՀ սփյուռքի նախարարություն կատարած այցից` «Հայերն Այսօր»-ի թղթակիցը զրուցեց Պերմի հայկական համայնքի եւ առկա խնդիրների մասին:

-Ինչպե՞ս ձեւավորվեց ՌԴ Պերմ երկրամասի հայկական համայնքը:

-Պերմ գնացել եմ 1988 թվականին ուսման պատճառով: Չէի էլ պատկերացնում, որ կարող է մնամ այնտեղ: Այն ժամանակ Պերմում շատ քիչ հայեր կային` ընդհամենը երեսուն հոգի: Հետո ճանաչեցի մարդկանց, ովքեր ավելի քան հիսուն տարի այնտեղ էին ապրում:  Համայնքային մշակութային կենտրոն ստեղծելու առաջին փորձը եղել է 1991 թվականին: Բայց քանի որ Սովետական Միության փլուզումից հետո խնդիրները շատ էին, ոչինչ չէր ստացվում:

2000թ.ընկերներով նորից հավաքվեցինք միասին եւ այս անգամ կարողացանք պաշտոնապես գրանցել հայկական համայնքը: Որպես գործող գրանցված կազմակերպություն` 11 տարի է արդեն գոյություն ունենք: Ի դեպ, անցյալ տարի մեծ շուքով նշեցինք կազմակերպության գործունեության 10-ամյակը: Հանդիսությանը ներկա էր նաեւ ՀՀ սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանը, ով իր հետ բերել էր նաեւ ՀՀ նախագահի շնորհավորական նամակը: Տոնին մասնակցեցին Պերմի երկրամասում բնակվող ավելի քան 8 համայնքների նախագահները: 2000 թ-ից ստեղծեցինք նաեւ հայկական դպրոց ու համայնք:

Իսկ 2001 թվականից սկսած փորձում էինք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի կառուցելու համար թուլտվություն եւ հողատարածք ձեռք բերել: Հողատարածքի հարցը, սակայն, լուծել կարողացանք միայն 2007 թվականին: 2008 թ-ին օծվեց եկեղեցու հիմքը: Հիմա կառուցման աշխատանքները ընթացքի մեջ են. 2012 թվականին այն արդեն պատրաստ կլինի: Եկեղեցու կողքին տարածք է հատկացվել նաեւ հայկական դպրոցի, մշակութային կենտրոնի եւ թանգարանի համար: Կառուցվում է հանդիսությունների սրահ, որից ստացված հասույթը  պատկանելու է եկեղեցուն, որպեսզի ապահովի եկեղեցու ֆինանսական կայունությունը:

-Հայկական մշակույթն ի՞նչ չափով է պահպանվում Պերմում:

-Մեր դպրոցը տասը տարեկան է: Երեխաներս տարբեր տարիքի են. մեծ տղաս քսան տարեկան է, աղջիկս` տասնյոթ, փոքրը` ինը: Բոլորը կարողանում են հայերեն կարդալ, գրել, պարել, երգել… այ սա է հենց ապացույցը, որ մշակույթը պահպանվում է:

-Դժվար չէ՞ արդյոք երեխաներին դպրոց ներգրավման աշխատանքը:

-Սկզբում դժվար էր. համայնքը դեռ նոր էր: Ծնողները երեխաներին չէին բերում դպրոց, իսկ հիմա արդեն 40 աշակերտ ունենք: Կա նաեւ օտարազգիների խումբ: Ուսումնական ծրագրի դասագրքերն էլ ստանում ենք ՀՀ սփյուռքի նախարարությունից: Դրանից առաջ չկար կոնկրետ ծրագիր. անում էինք այնքան, որքան խելքներս կտրում էր: Չնայած հարկ է նշել, որ հայկական դպրոցի ուսուցիչները բարձրագույն կրթություն ունեն: Կարեւոր է նաեւ այն փաստը, որ հայկական կիրակնօրյա դպրոցի ուսուցիչների աշխատանքը վարձատրվում է Պերմ քաղաքի բյուջեից: Հայկական դպրոցը  համարվում է Պերմի երկրամասում ապրող ազգային փոքրամասնությունների շարքում ամենամեծաքանակ աշակերտներով դպրոցը:

-Ի՞նչ տվեց Սփյուռքին ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծումը:

-ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծումից հետո ամեն ինչ ավելի դյուրին է եւ որակով: «Արի տուն» ծրագրի հանդեպ մեծ հետաքրքրություն կա երիտասարդների մեջ: Նույնիսկ նրանք, ովքեր մեկ անգամ մասնակցել են, փորձում են երկրորդ անգամ գրանցվել մասնակցության համար: Հայկական համայնքի ներքո երիտասարդական կենտրոնը ուղղակի վերակենդանացել է այդպիսի ծրագրերի շնորհիվ: Երիտասարդները անում են հնարավոր ամեն ինչ` ավելի ակտիվացնելու Հայաստան-Սփյուռք կապը:

-Պերմում բնակվող ազգային փոքրամասնությունների հետ խնդիրներ առաջանո՞ւմ են:

-Բացարձակապես խնդիրներ չեն առաջանում: Մենք առաջատար համայնք ենք: Նոր տարին ու մնացած տոները մենք ենք կազմակերպում եւ միասին տոնում մեր հարթակներում ` մնացած համայնքների ներկայացուցիչների հետ:

-Մշտական բնակություն հաստատած հայերը մեծաթի՞վ են Պերմում:

-Հիմա համայնքը բազմաթիվ է: Մեր հաշվարկներով Պերմում կան ավելի քան 45.000 մշտական բնակությամբ հայեր:  Բայց երեկ, երբ երգիչ Թաթայի հետ միասին զբոսնում էինք Պերմում, երկու մարդ անցան եւ բարեւեցին մեզ. ես նրանց չէի ճանաչում: Այսինքն` Պերմում զբոսնելուց արդեն հայը հային է հանդիպում: Իսկ Պերմը հզոր, մեծ քաղաք է:

Scroll Up