«Խատուտիկ» հայկական էթնոկենտրոնի նոր նախաձեռնությունը

Սանկտ Պետերբուրգի «Խատուտիկ» հայկական էթնոկենտրոնն ունի նոր գործընկեր՝ «Երևանյան պոնչիկներ» սրճարանը, որի հետ համատեղ նրանք կազմակերպում են հայկական պոնչիկների պատրաստման անվճար վարպետության դասեր թե՛ պետերբուրգաբնակ հայրենակիցների, թե՛ տեղաբնակների համար։

Կազմակերպությունները նախատեսում են բարեգործական միջոցառումներ կազմակերպել հաճախակի և տարբեր առիթներով համախմբել տեղի հայությանը։

Մանուկները մեծ սիրով են հյուրընկալվում «Երևանյան պոնչիկներ» սրճարանում։ Նրանք իրենց զգում են ինչպես հայրենիքում։ Մեծ եռանդով և ոգևորությամբ մասնակցում են վարպետության դասերին։ «Խատուտիկի» խոհարար Ալինայի և «Երևանյան պոնչիկների» հրուշակագործ Անյայի օգնությամբ  ստանում են անուշահամ և արևային գնդիկներ՝ լցոնված հայկական համեղ ծիրանի ջեմով։Մինչ քաղցրավենիքը պատրաստվում է, հասցնում են նաև միասին խաղալ, չփվել, դե իսկ ծնողները հետևում են երեխաներին և խանդավառվում նրանց ուրախությունը տեսնելով։

Փոքրիկներին, հատկապես դուր է գալիս, այն, որ իրենց պատրաստած սպիտակ փոքրիկ գնդերը եռացող ձեթի մեջ վերածվում են մեծ և  ոսկեզօծ պոնչիկների։ Իսկ «Խատուտիկին» դուր է գալիս տեսնել, թե ինչպես են նմանատիպ հանդիպումների ժամանակ երեխաները ձեռք բերում ինքնուրույնություն և խոհարարական վարպետության հմտություններ։ Ծնողներն էլ շնորհակալ են կազմակերպիչներից, որնրանք ստեղծում եմ հնարավորություն՝ իրենց  զգալու ինչպես Հայաստանում ևվայելելու ընկերական ու բարի մթնոլորտը։

«Երևանյան պոնչիկների» հիմնադիր Լևոն Մուրադյանը համարում է, որ այս ամենը կրում է իր մեջ մի պատճառ և մի նպատակ՝ տեսնել երեխաներին ուրախ, ժպիտները դեմքներին և փորձել պարգևել նրանց մի կտոր անուշահամ Հայաստան։ Հիմնադիրը նշեց նաև, որ նման միջոցառումները կրելու են շարունակական բնույթ, քանի որ գաղափարը արժանի է զարգացման։

«Խատուտիկ» էթնոկենտրոնի հիմնադիր և ղեկավար Լիլիթ Շարբաթյանն էլ նշեց. «Մենք անչափ ուրախ ենք, որ մեր համախոհները ժամանակի ընթացքում ավելանում են և միասին կարողանում ենք հաճախակի կազմակերպել բարեգործական միջոցառումներ։ Նման հանդիպումներից այնքան դրական էներգիա ենք ստանում, որ նոր լիցքեր ենք ձեռք բերում մեր գործը շարունակելու համար»։

Երևանյան պոնչիկներ պատրաստելու հաջորդ հանդիպումը կայանալու է օգոստոսի 11-ին։

Նշենք, որ «Երևանյան պոնչիկներ» սրճարանը ՍանկտՊետերբուրգում  գործում էսույն թվականի ապրիլի 23-ից, իսկ «Խատուտիկ էթնիկ կենտրոնն իր դռները բացել է 2016թ.-ի նոյեմբեր ամսից։
Նրանց նորություններին կարող եք հետևել http://khatutik.ru կայքում։

Էլինա Աղաբաբյան

Scroll Up