Հայկական մշակույթը ներկայացվել է Օդեսայում

 Օրերս ծովափնյա՝ մշակութային ավանդույթներով հարուստ   Օդեսայի քաղաքային զբոսայգիներից մեկում կրկին կյանքի կոչվեց «Հայ մշակույթի օր»  բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը։ Նրա հեղինակն ու կազմակերպիչը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բարեգործական ֆոնդն է, որը նախագահում է օդեսահայ ճանաչված գործարար ու բարերար Սուրեն Սարդարյանը։ Այն հիմնվել է երեք կառույցների՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու, հայ համայնքի /նախագահ՝ Սամվել Տիգրանյան/ և  Հայկական  բիզնես-ակումբի /նախագահ՝ Վահան Սիմոնյան/ համագործակցութան արդյունքում։  Միջոցառումը բարեգործական կառույցի հետաքրքիր, ազգօգուտ նախաձեռնություններից էր, որը հնարավորություն ընձեռեց՝ հայ մշակույթի և արվեստի հարուստ  գանձարանից մի գեղեցիկ, արժեքավոր մաս ներկայացնել ոչ  միայն օդեսահայությանը, նաև՝ տարածաշրջանում  բնակվող այլ ազգություններին՝ նպաստելով նրան հաղորդակցվելուն և  բազմազգ հանրության ժողովուրդների շփման նոր ճանապարհներ ձևավորելուն։

 Այն մեկնարկեց  պարոն Սարդարյանի ողջույնի խոսքով։ Այնուհետև հնչեց  Տերունական « Հայր Մեր»-ը, և եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբգար քահանա Գըլըճյանի օրհնանքը.

«Հայերս, ճակատագրի բերումով ուր էլ հայտնվել ենք, բարի անուն ենք թողել։ Թո՛ղ այս տոնը  դառնա գեղեցիկ ավանդույթ, և թո՛ղ Տիրոջ օրհնությունը միշտ ուղեկից լինի բոլորիս»։

 Հապա, իր գոհունակությունն արտահայտելով ֆոնդի նախագահին ու վարչության անդամներին՝ քահանան ընդգծեց, որ պատվավոր այրերի  որոշման համաձայն՝ քաղաքի այս գողտրիկ տարածքում այսուհետ հաճախակի կկազմակեպվեն մշակութային միջոցառումներ՝ մեկը մյուսից բովանդակությամբ ավելի խորիմաստ ու  ընդգրկուն, որպեսզի քաղաքացիներն ու հյուրերը էլ ավելի տեղյակ լինեն հայ համայնքի գործունեությանը, վասնզի ցուցադրվող նմուշները  պատրաստված են մարզում և Օդեսա քաղաքում  հանգրվանած՝ շնորհալի  հայերի ու հայուհիների ստեղծագործ մտքի ճախրանքով ու աշխատասեր, հմուտ ձեռքերով։

Իսկ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Գևորգ Պետրոսյանն  իր շնորհակալական խոսքը  հղեց տեղի իշխանություններին, քանզի  խթանում են մշակութային նման ծրագրերի կենսագործմանը, հետևաբար, ազգային իքնության պահպանմանը և այլ ազգերի հետ կողք-կողքի համերաշխ ապրելուն, արարելուն։

 Մեծ էկրանին ցուցադրվում էին դրվագներ ու պատկերներ, որոնք վկայում էին՝  «Հայաստանը  թանգարանը բաց երկնքի տակ», և ուր էլ գտնվենք,  մենք շատ ենք սիրում մեր հայրենիքը, նրա կուսական բնաշխարհը, դեպի երկինք խոյացող գմբեթներով տաճարներն ու սիգապանծ ժայռերի ծերպերին թառած վանքերըմեր մայրենին ու աստվածատուր այբուբենը։

   Միջոցառումը  ներառում էր համերգային ծրագիր,  «Արևիկ» մանկապարտեզի և Մեսրոպ Մաշտոցի անվան կիրակնօրյա դպրոցի զրո դասարանի սաների ելույթներ, մրցույթ-վիկտորինա, ազգային կոլորիտի ու  մշակույթի առանձնահատկությունների ներկայացում՝ զուգակցված մեկնաբանություններով, հայկական անուշ երգ ու տաղերով և ռիթմիկ պարերով,  վարպետաց դասեր՝ պարային և խոհարարական, հայկական հյուրասիրություն։

 Տաղավարների այցելուները հնարավորություն ունեցան՝ ծանոթանալու Հայաստանի պատմությանը, ավանդույթներին, ազգային խորհրդանիշներին և մշակութային արժեքներին։

 Կիրանօրյա կրթօջախն /տնօրեն՝ Էլեն Պողոսյան/ ի ցույց էր դրել, և մեկնաբանվում էին  հայոց մեծերի Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբելյանին նվիրված ստենդները։

 Օդեսահայ համայնքի մշակույթի տան տնօրեն Աննա Գևորգյանի նախաձեռնությամբ թանգարան-սենյակից ներկայացվեցին ազգային մշակույթի բազմաթել հյուսվածքի, ազգային արվեստի  նմուշներ։

 Միջոցառումը նաև հավաստեց, որ հայ կանայք խոհարարական արվեստի անզուգական վարպետներ են։ Մշակույթի օջախոում գործող՝ երիտասարդ մայրերի միությունը /նախագահ՝ Նելլի Չարխիֆալակյան/  պատրաստել և ձևավորել էին  ազգային խոհանոցի անծայրածիր աշխարհի պատառներ։ Ցուցահանդես-վաճառքը  վերածվել էր մի գեղեցիկ փառատոնի, որտեղ ներգրավված էր և՛ տարազը, և՛ հյուրընկալության մշակույթը։

 Այցելուները ծանոթանում էին և գնահատում հայ կանանց աշխատանքները,  գոհունակությամբ գնումներ կատարում, քանզի, ինչպես նշվեց՝ ցուցադրությունը նաև բարեգործական վաճառք էր։

 «Ոսկեձեռիկ հայուհի» Լուսինե Սաֆարյանի տաղավարը աչքի էր զարնում տեսականու բազմազանությամբ։ Այցելուների ուշադրությունը գրավեցին  ավանդական  զարդարանքի պարագաները, տոնածիսական տինիկները, որոնցից մի քանիսը մտացածին հանդերձանք ունեին, ինչպիսին էր «անմոռուկ» տարազը։ Հրաշալի էին « Այբուբենը՝ աղոթք»  կտավները, նռան ու խաղողի ողկույզներով հուշանվերները՝ որպես անանց խորհրդանիշ

 Նկարիչ Հովիկ Զոհրաբյանի կտավներում վեհասքանչ Արարատն էր՝ սպիտակահեր, երազ գագաթներով, և Այվազովսկու ծովային մոտիվները, որոնցում արտահայտված էր փոթորկուն ծովի հավերժական գեղեցկությունը։

 Երիտասարդներն աչքի ընկան ժողովրդական-ազգային պարերի կատարմամբ (պարուսույց՝ Ռազմիկ Սարգսյան)։  “Շալախո» մենապարի անզուգական կատարմամբ հանդիսատեսին հիացմունք պատճառեց Արմեն Վարագյանը։ Ազգային պարի վարպետաց դասը վարեց համայնքի երիտասարդաց միության նախագահ Ազգանուշ Վարդանյանը։

 Իր գեղեցկությամբ վեր հառնեց Երևանը՝ Էրիկ Հակոբյանի երգերում։  Նա հանդես եկավ նաև հեղինակային երգերով, իսկ թմբկահար Ազիզա Մանուկյանը՝ երաժշտական կոմպոզիցիաների հիասքանչ կատարումով։

 Հայկական ժողովրդական երգերի գեղեցիկ շարան հյուսեցին Սիրանուշ Մինասյանը և նրա ղեկավարած «Արաքս» վոկալ խմբի աղջնակները ։

 Նարեկ Ավետիսյանի ծիրանափողից տարածվեցին  «Երևանի սիրուն աղջիկ» և «Ծաղկած բալենի» երգերի հմայուն մեղեդիները։

  Կատարումներն արժանանում էին  հախուռն ծափահարությունների։

  Այսպես, կարելի է անվերջ շարունակելԲարեգործական բնույթ կրելով հանդերձ ՝ միջոցառումը կոչված էր մեր ժողովրդի ազգային ուրույն նկարագրի բացահայտմանը և հանրությանը պատշաճ կերպով ներկայացմանը։  Գովելի էր՝ հայ ժողովուրդը ներկայացվեց ոչ միայն հարուստ  մշակույթ ունեցող, այլև՝ մշակույթի  գոհարները,  իր գեղեցիկ սովորույթներն ու հնամենի ավանդույթները աչքի լույսի պես պահող ու շարունակող,   քանի որ նրանց մեջ ամփոփված են դարերի ու սերունդների փորձը, ձեռքբերումները, դրանք նորի հետ ներդաշնակող և որդոց-որդի ավանդող, դեպի ապագա տանող կենսունակ մի ժողովուրդ։

  Նարինե Մուրադյան, ք. Օդեսա  

 

Scroll Up