Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահը պաշտոնական այց է կատարել Սոֆիա

Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը պաշտոնական այցով մեկնել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա: Ինչպես «Հայերն այսօր»-ին տեղեկացրին Ռումինիայի Հայոց թեմի մամուլի դիվանից, այցի ընթացքում Սրբազան Հայրը մի քանի պաշտոնական հանդիպումներ է ունեցել: Նախ Սոֆիայի առաջնորդանիստ եկեղեցում հանդիպել է տեղի եկեղեցական վարչության անդամների և Սոֆիայի հոգևոր հովիվ արժ. Տ. Գուսան քահանա Հավադյանի հետ: Վարչականները ներկայացրել են նոր եկեղեցու շինարարական աշխատանքների ընթացքը և ավարտի ժամկետները: Սրբազանն իր օրհությունն ու գնահատանքն է բերել բոլորին, հոգևոր հովվին` իր երկարատև և անմնացորդ ծառայության համար և բոլոր նրանց, որոնք իրենց ներդրումն ունեն եկեղեցու վեր խոյացման կարևոր առաքելության մեջ:

Հաջորդ օրը՝ հունիսի 27-ին, Սրբազանը հանդիպեց Բուլղարիայի Կրոնների նախարար տիար Էմիլ Վելինովի հետ: Խոսվեցին երկու եկեղեցիների հարաբերությունների մասին, քննարկվեցին համագործակցության հնարավորությունները: Միևնույն օրը Տաթև Սրբազանը հանդիպեց Համայն Բուլղարիայի Ուղղափառ եկեղեցու Պատրիարք Նորին Սրբություն Նեոֆիտի հետ: Սրբազանը Պատրիարքին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ողջույներն ու Հայրապետական տնօրինությունը իր` Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ նշանակվելու վերաբերյալ: Քննարկվեցին Հայ Առաքելական և Բուլղար Ուղղփառ եկեղեցիների միջև առկա բարեկամական հարաբերությունները և համագործակցության հնարավորությունները: Քննարկվեցին նաև ապագայում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի Բուլղարիա այցի և Պատրիարքի հետ հանդիպման վերաբերյալ հարցեր:

Հունիսի 27-ի երեկոյան Տաթև Սրբազանը վերադարձավ Բուխարեստ:

 

 

Scroll Up